Ղարաբաղի հարցը Բեռլինում

05/03/2006

Երեկ աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, ԱԳՆ պետքարտուղար Գեորգ Բումգաարդենի, ԳԴՀ կանցլեր Ա. Մերկելի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում եւ ողջ տարածաշրջանում ստեղծված վիճակին ու զարգացման հեռանկարներին: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Հայաստանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով եւ փոխադարձ զիջումներով, որի համար երկու կողմերից պահանջվում է վճռականություն եւ քաղաքական կամք: Հայաստանն ունի այդ քաղաքական կամքը»,- ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վ. Օսկանյանը` ավելացնելով, որ 2006 թվականը խնդրի կարգավորման առումով բարենպաստ տարի է: