Մեզ նորից խաղալի՞ք են դարձնում

05/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Մշակութային ջարդը», Նախիջեւանի, մասնավորապես Հին Ջուղայի հայկական պատմական հուշարձանների ու խաչքարերի ոչնչացումը արդարացի բողոքի մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում։ Թվում է, որ այս խնդրի լուծման ոչ մի քաղաքակիրթ ձեւ արդյունք չի տալիս։

Միջազգային ատյաններին ու կազմակերպություններին ուղղված դիմում-նամակները չեն կասեցնում վանդալիզմը։ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը շարունակվում է, իսկ Հայաստանում սրվում են հակաադրբեջանական տրամադրությունները։ Սումգայիթի ջարդերի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում կոչեր են արվել Ադրբեջանին պատասխանել հենց Ադրբեջանի կողմից ընդունված սկզբունքներով։ Բողոքի առավել մեծ ալիք է բարձրացել, երբ Ադրբեջանում հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս են անվանել։ Նման բացահայտ հակահայկական քաղաքականության մասին իրենց կարծիքն են հայտնում մեր մշակույթի գործիչները։

Սոս Սարգսյան, դերասան. «Գիտեք, ես մի քանի օր առաջ մի ադրբեջանցի գրողի հարցազրույց կարդացի։ Նա գրում էր, որ կարեւոր չի, թե Սաֆարովը ոնց է սպանել, կարեւորը, որ նա սպանել է եւ դրանով իսկ բարձրացրել է ազգի ոգին։ Մենք պետք է նույն կերպ պատասխանենք։ Մենք պետք է մեր պատմամշակութային արժեքներին տեր կանգնենք։ Այս մեր քրիստոնեական փսլնքոտությանը պետք է վերջ տալ։ Չգիտեմ, կոնկրետ՝ ի՞նչ պիտի անել, բայց եթե պահը գա, գուցեեւ՝ սպանել»։

Երվանդ Մանարյան, դերասան. «Եթե մարդն առավոտյան արթնացել է եւ որոշել է ոճիր գործել, ուրեմն նա կգործի այդ ոճիրը։ Սաֆարովը մարդասպան է, նա ոճիր է գործել։ Մենք ի՞նչ կարող ենք անել։ Սպանե՞լ նրան, բայց դա հիմարություն է։ Արդեն իսկ Ադրբեջանը մեզ «վարձկան մարդասպանների» երկիր է անվանում»։

Սուրեն Հասմիկյան, արվեստաբան. «Մենք պետք է հասկանանք, որ այնպիսի վիճակում ենք գտնվում, երբ մեզ դերեր են բաշխված։ Կան եւ քրիստոնեության ջատագովներ, եւ իսլամի հետնորդներ, եւ երբ պետք է լինում, նրանց լավ «կռվացնում» են։ Օրինակ, ծաղրանկարների շուրջ ծավալված պատերազմը ուղղակի ծիծաղելի է, իսլամի ֆանատիկոսներին ճարպկորեն օգտագործում են։ Մեզ հիմա սթափ լինել է պետք, որպեսզի հերթական անգամ խաղալիք չդառնանք։ Անշուշտ չենք կարող մեր ազգային արժեքները զոհել։ Կարող ենք դեսպանությունների դռների առաջ գոռալ, բայց եկեք գիտակցենք, որ դա խաղ է։ Դոստոեւսկին ասել է՝ «չկա այնպիսի գաղափար, որը մանկան մեկ արցունք արժե»։

Մենք հիմա նույնիսկ չենք կարողանում մեր հաղթանակի արդյունքներից օգտվել։ Կարող ենք ասել՝ տեսեք, ի՞նչ է անում Ադրբեջանը մեր արժեքների հետ եւ ինչպե՞ս է լուծում ազգամիջյան հարցերը։ Այսօր նա այսպես է վարվում Նախիջեւանի հետ, իսկ վաղը, եթե հնարավորություն ունենա, Ղարաբաղի հետ կվարվի։ Ոչ ոք հույս չունի, որ մենք Նախիջեւանը կվերադարձնենք, կփրկենք մեր արժեքները ու կգնանք այնտեղ ապրելու, բայց կարելի է այս իրավիճակը ճիշտ օգտագործել ու աշխարհին ասել, որ այն, ինչ Ադրբեջանն անում է Ջուղայում, վաղը Ամարասում կամ Գանձասարում կանի։

Շուշան Պետրոսյան, երգչուհի. «Այն մարդը, ով ընդունակ է անմեղ քնած տղային սպանել կամ խաչքարը պղծել, մարդ կոչվելու իրավունք չունի։ Ադրբեջանը քաղաքակրթություն է խաղում, բայց իրականում քաղաքակրթությունից շատ հեռու է։ Ես շատ կուզենայի, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը լայն արձագանք ստանար մեր երկրում հենց նրա սպանության առաջին իսկ օրվանից, նույնիսկ իսկական հիստերիա բարձրացվեր։ Երբ նրա մարդասպանին Ադրբեջանում հերոս կոչեցին, մենք նոր սթափվեցիք ու բողոքի ալիք բարձրացրեցինք։ Ինչո՞ւ այն ժամանակ չաղաղակեցինք։ Մինչդեռ պետք էր անընդհատ տարբեր լրատվամիջոցներով աղաղակել այդ մասին ու շատ ակտիվ արձագանքել, այլ ոչ թե փափկասուն երեւալ։ Իսկ մինչ նրա հերոսացումը մենք անտարբեր էինք, դա է սարսափելի։ Շատ կուզենայի, որ մեր երկրում ամեն մի քայլ մեր թաղումների նման պատասխանատու, լուրջ ու ճշգրիտ կազմակերպվեր։ Իսկ Ադրբեջանին Ադրբեջանի զենքով պատասխանելուն համաձայն չեմ, նրանց մզկիթները քանդելու ու սպանելու հո չե՞նք գնա»։

Սամվել Մկրտչյան, գրող, թարգմանիչ. «Ադրբեջանի դրոշի Հանրապետության Հրապարակում այրելը ես համարում եմ սովորական խուլիգանական երեւույթ: Դա կարող ենք անել յուրաքանչյուրս բոլորիս խարխուլ բակերում, ամեն օր: Դա խոսում էր ընդամենը մեր թուլության մասին, եւ այն մասին, որ մենք չունենք հայրենի իշխանություն: Ուրիշի դրոշը բակերում կարելի է այրել, բայց դա անում են ՈՒԺԵՂ երկրներում: Փետրվարի 28-ի հակաթուրքական, հակաադրբեջանական այդ շոուն կազմակերպված էր մեր ուշադրությունը ղարաբաղյան խնդրից շեղելու համար: Իսկ որպես քավության նոխազ Քոչարյանը, ենթադրում եմ, ընտրել է Արկադի Ղուկասյանին»: