Հայաստանում ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը ծայրաստիճան բեւեռացված է։ Եվ միայն երկու հարց կա, որտեղ այս հակադիր բեւեռների տեսակետները համընկնում են։ Մեկը բազմակուսակցական համակարգն է, մյուսը` խորհրդարանը։ Այս երկու ինստիտուտներն էլ հավասարապես հեգնանքի են արժանանում եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից։
Սկսենք խորհրդարանից։ Պատգամավորների անտեղյակությունն ու քաղաքական անգրագիտությունը, որքան էլ զարմանալի է, լայնորեն գովազդում են եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր լրատվամիջոցները։ Այն տարբերությամբ, որ ընդդիմադիրները կոնկրետ անուններ են տալիս, իսկ իշխանամետները գերադասում են օգտագործել ընդհանուր ֆրազներ։ Ասենք` իշխանամետ հեռուստամեկնաբանը, որ սովորաբար կրծքով է պաշտպանում իշխանությունների ցանկացած քայլ, խորհրդարանի մասին խոսելիս անպայման մի թեթեւ ծռում է բերանի մի անկյունը (այդ դիմախաղը պիտի որ հեգնանք նշանակի)։ Եվ ընդհանրապես` «պատգամավոր» բառը մի տեսակ հայհոյանքի պես բան է դարձել։ Հետաքրքիր է, չէ՞։ Լրատվամիջոցներն ամիսներ շարունակ քարոզում էին սահմանադրական փոփոխությունները` պատճառաբանելով, որ խորհրդարանի դերը զգալիորեն կմեծանա, բայց միաժամանակ ծաղրուծանակի առարկա էին դարձնում այդ նույն խորհրդարանը։
Մեղավորն, իհարկե, առաջին հերթին հենց այսօրվա պատգամավորներն են, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Խորհրդարանը կոնկրետ մարդկանց միություն չէ, այլ կարեւորագույն պետական մարմին։ Այսօր այս մարդիկ են խորհրդարանում, վաղն ուրիշները կլինեն։ Բայց ստացվում է, որ եթե նույնիսկ 2007-ին (կամ 2011-ին) նորմալ խորհրդարան ընտրվի, միեւնույն է` այդ ինստիտուտն այնքան վարկաբեկված է լինելու, որ ի վիճակի չի լինելու նորմալ հակակշիռ դառնալ գործադիր իշխանության (այսինքն` նախագահի) համար։ Պարզ ասած, նրանք, ովքեր այսօր խորհրդարանական ինստիտուտը «փչացնելու» պատվեր են տալիս լրատվամիջոցներին, դրանով լուծում են միայն մի հարց. ապահովում են նախագահի միանձնյա իշխանությունը։ Իսկ լրագրողները գոհ են ու երջանիկ. նրանց թույլատրված է «խոսքի ազատություն» խաղալ, համարձակ ելույթներ ունենալ խորհրդարանի դեմ, եւ այլն։ Արդյունքում տուժում է ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկը` խորհրդարանը։ Այսինքն` տուժում է ժողովրդավարությունը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նման հարցերը որեւէ մեկին չեն հետաքրքրում։ Առավել եւս` չեն հետաքրքրում իշխանամետ լրատվամիջոցներին։ Սրանք սկզբում հայտարարում են, թե խորհրդարանական ընտրություններն անցել են բացարձակապես ազատ, արդար եւ առանց խախտումների, իսկ հետո սկսում են ծաղրել խորհրդարանը։ Նկատենք, որ ցանկացած միապետության կամ ավտորիտար ռեժիմի «գաղափարական հիմնավորումը» սկսվում է հենց այսպես։
Նույնպիսի հեգնանքի է արժանանում նաեւ բազմակուսակցական համակարգը։ Նույնիսկ թվեր են հնչում` այսքան կուսակցությունը Հայաստանի համար շատ է, մեզ պետք է յոթ, ութ, «պայթի-տրաքի»` տասը կուսակցություն, եւ այլն։ Առանձնակի հերոսություն է համարվում կուսակցությունների թիվը ծաղրելը եւ այդ թեմաներով անեկդոտներ պատմելը։ «Կուսակցական» բառը սկսել է նույնացվել «կարիերիստի» հետ, ու եթե որեւէ մեկը նոր կուսակցություն է բացում կամ անդամագրվում որեւէ կուսակցության, իսկույն սկսում են քննարկել, թե տեսնես հատկապես ի՞նչ պաշտոնի համար է արվել դա։ Այսինքն` հասարակական գիտակցության մեջ արմատավորվում է այն միտքը, թե կուսակցությունները ձեւական կառույցներ են։ Իսկ քաղաքական գործիչները «ես ոչ մի կուսակցության անդամ չեմ» նախադասությունն արտասանում են հպարտությամբ` առանց հասկանալու, որ այդտեղ հպարտանալու բան չկա, եւ իրենք որեւէ կուսակցականից ոչնչով ավելի լավը չեն։
Բազմակուսակցական համակարգի վարկաբեկումն, ըստ էության, նույն նպատակն է հետապնդում։ Այն է` հասարակությանը ցույց տալ, որ ժողովրդավարական երկրներին հատուկ ներքաղաքական պայքարը Հայաստանում անիմաստ է, այստեղ իշխանության համար պայքարում են ոչ թե գաղափարներով, այլ ուժային մեթոդներով եւ ֆինանսական լծակներով։ Այսինքն, նա, ով ծաղրում է բազմակուսակցական համակարգը, գոնե պիտի գիտակցի, որ դրանով իսկ ժողովրդավարությունն է ծաղրում։
Իհարկե, սարսափելի ոչինչ չկա։ Ժողովրդավարությունը սրբազան կով չէ, եւ այն նույնպես կարելի է ծաղրուծանակի ենթարկել։ Պարզապես պետք է հասկանալ, որ երկրի խորհրդարանը (հետեւաբար` նաեւ կառավարությունը) ձեւավորվում է կուսակցական ընտրությունների միջոցով, եւ նա, ով ձեւավորման այդ մեխանիզմը ծաղրում է, ճանապարհ է հարթում դեպի նախագահի միանձնյա, բացարձակ, եւ հետեւաբար` անվերահսկելի իշխանություն։