Եհովայի վկաները շատացել են

05/03/2006

Եհովայի վկաների թիվը Հայաստանում 2005 թվականին աճել է 5%-ով: Ըստ «Կավկազպրես» գործակալության, այդ է վկայում ԱՄՆ-ի Բրուքլինի կենտրոնի զեկույցը: Այդ փաստաթղթի համաձայն, Ադրբեջանում Եհովայի վկաների թիվն ավելացել է 15%-ով, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ-ում: Ռուսաստանում Եհովայի վկաների թիվն աճել է 3, իսկ Վրաստանում՝ 2%-ով: Աշխարհի 235 երկրների տվյալները ներառող ցեկույցը վկայում է, որ մեկ տարվա ընթացքում Եհովայի վկաների ընդհանուր թիվն աճել է մոտ 82 հազարով` գերազանցելով 6,39 միլիոնը: Իսկ ահա «Forum 18 News Service»-ի տեղեկություններով էլ Հայաստանում շարունակում է աճել կալանավայրերում գտնվող խղճի կալանավորների թիվը: Ներկայումս կրոնական նկատառումներով զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել ու կալանավայրերում են գտնվում 48 եհովականներ ու մոլոկաններ: Նշվում է, որ թեեւ Հայաստանում 2004 թվականից գործում է «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը, այն շարունակում է մնալ զինվորականների վերահսկողության տակ: «Չի կարելի ասել, թե Հայաստանում գոյություն ունի այլընտրանքային ծառայություն»,- հայտարարել է Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: «Forum 18 News Service»-ի փոխանցմամբ` Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ պատրաստվում է օրենքի նոր տարբերակ, որը «շատ շուտով» կներկայացվի Ազգային ժողով:

Ռ.Թ.