Այստեղ 600քմ տարածքում շուրջ 10 ընտանիք է ապրում: Ըստ նրանց՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից» ամեն օր զանգում-ահաբեկում են իրենց. «Պահանջում են ներկայանալ գրասենյակ եւ պայմանագիր կնքել: Հակառակ դեպքում, ասում են, ձեր գործով կզբաղվեն իրավապահ մարմինները»,- տեղեկացնում են բնակիչները: Նրանց հավաստմամբ` Բուզանդի 83 հասցեի շուրջ 600քմ տարածքի վրա էլիտար շինարարություն իրականացնելու նախագիծ ունի «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: «Սակայն չգիտես ինչու՝ մեզ հետ բանակցում է միայն ԾԻԳ-ը (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ այնպիսի գումարներ է առաջարկում, որ ուղղակի աբսուրդ է՝ 1քմ-ի դիմաց` 350, մաքսիմում` 500 դոլար, եւ սա` այն դեպքում, երբ քաղաքի այս մասերում գները սկսվում են 1500 դոլարից»,- բողոքում են Բուզանդ 83-ի բնակիչները: Նրանց ունեցած տեղեկությունների համաձայն` այս տարածքի համար «10 ինվեստոր է իրար գլուխ ջարդում, եւ 1քմ-ի գինն արդեն հասել է 2500 դոլարի»: Բ. Բեգլարյանը թեեւ հերքեց, որ Բուզանդում ինքը որեւէ նախագիծ է իրականացնում եւ խորհուրդ տվեց ուղղակի դիմել ԾԻԳ, սակայն բնակիչների հավաստմամբ` այս տեղեկատվությունն իրենք իմացել են հենց ԾԻԳ-ից: «Մենք բողոքի ակցիա էինք ուզում կազմակերպել «Ֆլեշ» ՍՊԸ-ի գրասենյակի մոտ, ուզում էինք պրն Բեգլարյանի հետ անձամբ հանդիպել, սակայն ԾԻԳ-ից մեզ չթողեցին՝ ասելով, որ Բարսեղ Բեգլարյանը որեւէ կապ չունի սրա հետ, իսկ մի քանի օր առաջ ԾԻԳ-ի աշխատակից Ճուղուրյանն անձամբ ասաց, որ այս տարածքի ինվեստորը Բարսեղ Բեգլարյանն է»,- բնակիչներն ուզում են անձամբ հանդիպել ներդրող կազմակերպության հետ եւ քննարկել կնքվելիք հնարավոր պայմանագրերն ու երաշխիքներ ստանալ, որովհետեւ ԾԻԳ-ին չեն վստահում: «ԾԻԳ-ն ընդամենը միջնորդ է, որ ուզում է մեզանից մեր տարածքներն էժան գնել ու թանկ վաճառել ինվեստորին»,- համոզված են նրանք: 1քմ դիմաց ԾԻԳ-ի առաջարկած գումարները նրանք խայտառակություն են համարում, վստահ են, որ ներդրող կազմակերպությունը տեղյակ չէ այդ թվերից, հավատացած են, որ ԾԻԳ-ը «խաղում է Բարսեղ Բեգլարյանի անվան հետ, նա հաստատ չգիտի՝ ԾԻԳ-ն ինչքան փող է առաջարկել մեզ», ուստի բնակիչներն ուզում են անձամբ Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպել:
Բուզանդի 83 հասցեի սեփականատեր Անահիտ Գեղամյանցին 29քմ տարածքի համար ԾԻԳ-ն առաջարկել է 18.000 դոլար: «Ամեն առավոտ ժամը 9.00-ին ինձ ԾԻԳ-ից զանգում-ահաբեկում են, որ ես գնամ պայմանագիր կնքեմ, սակայն 18.000 դոլարով ես որտե՞ղ կարող եմ բնակարան գնել, նույնիսկ իրենց նշած ծայրամասերում հնարավոր չէ»,- Անահիտ Գեղամյանցի բնակարանում գրանցված են եւ ապրում են նաեւ որդեգիր երեխան ու ամուսինը, որից բաժանված է: ԾԻԳ-ից Անահիտին հորդորում են մի քիչ էլ հիպոտեկային վարկ վերցնել ու տուն գնել: «Ես 15.000 դրամ աշխատավարձ եմ ստանում, սրտային հիվանդ եմ, վստահ չեմ, որ կքնեմ ու առավոտը հաստատ կզարթնեմ՝ ինձ հիպոտեկային վարկ ո՞վ կտա»,- ասում է Ա. Գեղամյանցը: Ի դեպ, հիպոտեկային վարկի «դուռը» ԾԻԳ-ը ցույց է տվել գրեթե բոլոր բնակիչներին: Ծնողազուրկ երեք անչափահաս երեխաների մայր Գայանե Գեղամյանին 14քմ-ի դիմաց առաջարկվել է 24.000 դոլար: Գայանեն համաձայնել է գումարին, տուն է գտել, որ պետք է գնի ու արագ տեղափոխվի, գնվելիք տան համար 1000 դոլար «բեհ» է թողել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով ԾԻԳ-ին: «Սակայն ԾԻԳ-ը մինչեւ հիմա ոչ միայն այդ գումարն ինձ չի տվել, այլեւ իմ թողած «բեհի» ժամկետը վաղուց ավարտվել է ու այդ 1000 դոլարն էլ եմ արդեն կորցրել»,- պատմում է Գայանեն: Իսկ Սուսաննա Փիլոսյանը պատրաստվում է դատական գործ հարուցել ԾԻԳ-ի դեմ՝ մեղադրելով ամուսնու մահվան համար: ԾԻԳ-ի առաջին այցելության ժամանակ` անցյալ տարվա հոկտեմբեր ամսին, ծանոթանալով նրանց առաջարկած պայմաններին` Սուսաննայի ամուսինը՝ Ռոբերտ Աբրահամյանը, սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց: ԾԻԳ-ի երկրորդ այցելությունը՝ հունվարի 21-ին, ճակատագրական է եղել. նույն օրը, ԾԻԳ-ի աշխատակիցների հեռանալուց հետո, Ռ. Աբրահամյանը մահացել է երկրորդ կաթվածից: Աբրահամյանի այրին վստահեցնում է, որ ամուսնու մահվան քառասունքը լրանալուց հետո դիմելու է դատարան: Նույն հասցեի բնակիչ Էդգար Շաբոյանի գործով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները: «Մեր գործը դեռ քննարկման փուլում էր, որեւէ համաձայնության չէինք եկել, երբ տեղեկացանք, որ մեր գործն արդեն դատական վարույթում է»,- պատմում է Է. Շաբոյանը, որի այն հարցին, թե ինչո՞ւ դատարանը գոնե ծանուցագիր չի ուղարկել եւ առանց իրենց մասնակցության է քննել գործը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատավոր Է. Ավետիսյանը պատասխանել է, թե դա ոչ թե դատարանի, այլ ԾԻԳ-ի պարտականությունն էր: «Բայց ԾԻԳ-ն ի՞նչ կապ ունի, ախր ինձ էլ, ԾԻԳ-ին էլ դատարանն է պարտավոր հայտնել կայանալիք դատի օրն ու ժամը»,- մինչեւ հիմա զարմացած է Է. Շաբոյանը:
Բուզանդի այս հատվածում թեեւ գործը դեռ չի հասել հարկադիր կատարողների միջոցով բնակիչների բռնի տեղահանությանը, ինչպես սովորաբար ավարտվում են «պետական կարիքների համար» սկսված նմանատիպ գործընթացները, սակայն արդեն կա մեկ զոհ (Ռոբերտ Աբրահամյանը), մեկ «քցված» (Գայանե Գեղամյանը), եւս մեկի մասին էլ պատմում էին, որ կրկին սրտի կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել: Իսկ ԾԻԳ-ի աշխատակիցներ «Ճուղուրյանն ու Արշալույսն» էլ ամեն Աստծո օր շարունակում են ջանասիրաբար «ծառայել պետությանը». «Մեզ ասում են՝ պետության դե՞մ եք կռիվ տալիս, տեսեք՝ ամեն ինչից չզրկվեք»: