Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (ԵՊՏԻ) կառավարման ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի պաշտոնում: Բուհի կառավարման խորհրդի 32 անդամներից 30-ը քվեարկել են պրն Սուվարյանի օգտին, խորհրդի երկու անդամներ՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ու «Հայգյուղփոխբանկի» գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը արտերկրում գործուղման լինելու պատճառով ընտրություններին չեն մասնակցել:
Թեեւ նախապես հայտնի էր, որ Տնտեսագիտական ինստիտուտում ռեկտորի պաշտոնը վիճարկելու են 6 թեկնածուներ, սակայն միայն ընտրություններից րոպեներ առաջ պարզվեց, որ թեկնածուներից հինգն ինքնաբացարկ են հայտնել: Թեկնածուների մի մասը ինքնաբացարկ են հայտնել ընտրություններից մի քանի օր առաջ, վերջին ինքնաբացարկը եղել է ընտրության օրը՝ ԵՊՏԻ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Հովսեփ Աղաջանյանն ընտրությունից ժամեր առաջ հասցրել էր իր թեկնածությունը հանել: Բացի Յու. Սուվարյանից եւ Հ. Աղաջանյանից, ԵՊՏԻ ռեկտորի պաշտոնին էին հավակնում նաեւ առեւտրի եւ տնտեսության զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ԵՊՏԻ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը եւ ԵՊՏԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից միայն Մ. Մելքումյանն է հստակ նշել, որ թեկնածությունը հանում է հօգուտ Սուվարյանի: Թե ինչու են ինքնաբացարկ հայտնել մյուս թեկնածուները, մեկը՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ընտրություններին հաշված ժամեր են մնացել, բուհի կառավարման խորհրդի նախագահ, նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը «կոռեկտ» չի համարել ճշտել: Ի դեպ, հայտնի էր, որ Գ. Կիրակոսյանն ինքը բացահայտ աջակցում էր ԵՊՏԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին: Վերջինս նախ իր ինքնաբացարկը արդարացրեց այսպես. «Քանի որ սկզբում այլ թեկնածուներ էլ կային, եւ քանի որ ես այս բուհի մի մասնիկն եմ, բնական էր, որ պետք է առաջադրվեի, սակայն երբ հարցը գալիս է՝ ե՞ս, թե՞ Սուվարյանը, ես կարծում եմ՝ Սուվարյանն ավելի արժանավոր է, ուստի եւ իմ թեկնածությունը հանեցի»: Այնուհետեւ փոքր-ինչ ավելի անկեղծանալով՝ պրն Հարությունյանն ավելացրեց. «Քանի որ ինձ մի քանի առիթներով շատ են քարկոծել (ի դեպ Մ.Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հորեղբորորդին է.- Ն.Ա.)՝ ինձ պաշտպանում էր Գրիգոր Կիրակոսյանը, պաշտպանում էր կառավարությունը, ամեն ինչը ինձ համար էր արված, ես էլ հանեցի՝ ուրեմն ճիշտ արեցի, սակայն ինձ վրա որեւէ ճնշում չի եղել այդ առումով, ես այնպիսին չեմ, որ ինձ կարողանան ճնշել, այդպիսի բան չի եղել, չի էլ լինի, նորից եմ ասում՝ ես դրա մեջ այլ իմաստ եմ տեսել՝ կարծելով, որ Սուվարյանն ավելի արժանավոր թեկնածու է»: Նմանատիպ վեհանձնությամբ է բացատրում նաեւ մյուս թեկնածուների ինքնաբացարկը կառավարման խորհրդի անդամ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը. «Նրանք բոլորն էլ ունեին անհրաժեշտ կարողություններ առաջադրվելու համար, բավարարում էին ներկայացվող պահանջներին, բայց երբ առաջադրումներն ավարտվեցին եւ տեսան՝ ովքեր են թեկնածուները, եւ տեսան, որ կա մարդ, որն ունի բացարձակ աջակցություն եւ որի գլխավորությամբ բուհն առավել մեծ արդյունքների կհասնի, հավանաբար այդ պատճառով էլ ինքնաբացարկ հայտնեցին. ես կարծում եմ, որ դա խոսում է միայն իրենց թեկնածությունը հանած թեկնածուների արժանիքների մասին»: Ի դեպ, Յու. Սուվարյանը 63 տարեկան է եւ, ըստ գործող օրենքի, որպես ռեկտոր կարող է պաշտոնավարել առավելագույնը մինչեւ 65 տարեկանը, այսինքն երկու տարի անց ԵՊՏԻ-ում կրկին ռեկտորի ընտրություններ են սպասվում: Սակայն պրն Սուվարյանին դա ամենեւին չի հուսահատեցնում, նա պահանջեց այդ հարցը քննարկման առարկա չդարձնել. «Ինչո՞ւ եք տարիքը կարեւորում այդքան, տարիքը Աստված է որոշում, ես օրինապահ մարդ եմ, գործադիր իշխանությունն ինչքան թույլ տա, այնքան էլ կաշխատեմ»: ԱԺ փոխխոսնակն էլ ավելորդ համարեց նման հարցադրումը. «Ժամանակն այստեղ որեւէ նշանակություն չունի, շատ մեծ գործեր կարելի է անել անգամ մեկ տարում, եւ ոչինչ չանել 15-20 տարում»: Պրն Սուվարյանը պահանջեց նաեւ քննարկման առարկա չդարձնել իր ղարաբաղյան ծագումը. «Ես հպարտ եմ իմ ղարաբաղյան ծագմամբ, ավելին ասեմ ձեզ՝ ես 60-ական թվականներից սովորել ու աշխատում եմ Երեւանում, այսինքն՝ համարյա ձեր տարիքի կրկնակի չափով. այլեւս նման հարցեր չտաք ինձ»: ԵՊՏԻ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Զոյա Թադեւոսյանն էլ զարմացել էր, որ որեւէ մեկը կարող է կասկածել Յու. Սուվարյանի բացառիկ արժանավորությանը: Մյուս թեկնածուների համընդհանուր ինքնաբացարկի մեջ նա արտառոց ոչինչ չէր տեսնում: «Տղամարդ էին՝ թող չհանեին»,- ամփոփեց Զ. Թադեւոսյանը: Տկն Թադեւոսյանը նույնքան զարմացած էր, որ «վերեւներից» կարող են պարտադրել որեւէ մեկի թեկնածությունը. «Ինչո՞ւ չեք կարծում, որ այդ «վերեւների» վերաբերմունքը պայմանավորվում է մեր՝ բուհի ամենաներսի մարդկանց վերաբերմունքով»: Բուհի «ամենաներսի» մարդկանցից են հավանաբար նաեւ ուսանողները, որոնցից շատերը ափսոսանքով ընդունեցին իրենց դասախոսի՝ ԵՊՏԻ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Հովսեփ Աղաջանյանի ինքնաբացարկի լուրը: Առանց մրցակցի ընտրությունը Սուվարյանին էլ չէր զարմացրել. «Ես չեմ զարմանում, որովհետեւ նրանցից շատերը իմ սաներն են եղել, եւ ըստ երեւույթին ծանոթանալով իմ հայեցակարգին եւ լավ իմանալով գիտության եւ կրթության ոլորտում ունեցած իմ մեծ փորձը, զիջեցին ինձ, հետո էլ ես կզիջեմ իրենց, ես բացառում եմ, որ նրանցից որեւէ մեկի վրա որեւէ ճնշում եղած լինի»: Իսկ կրթության եւ գիտության ասպարեզում ունեցած իր մեծ փորձից պրն Սուվարյանն առանձնացրեց. «Մեծ փորձ ունեմ կառավարման ոլորտում. 7 տարի աշխատել եմ մեր ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1991-93թթ. եղել եմ վարչապետի խորհրդական, 1994-ից կառավարման ամբիոնի վարիչ եմ… Դուք անընդհատ շեշտում եք՝ երիտասարդներին ինչո՞ւ չեմ զիջել այս հնարավորությունը. ես 40 տարի անընդհատ աշխատել եւ աշխատում եմ երիտասարդների հետ, երեւի վատ չգիտեմ նրանց հնարավորությունները, նրանց կարողությունները, բազմապրոֆիլ բուհ կառավարելը, մանավանդ, այս պատասխանատու փուլում՝ երբ պետք է ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին, բավական լուրջ խնդիր է, եւ այստեղ արժե, որ անպայման փորձը գերակշռի»: Ի դեպ՝ մինչ քվեարկության արդյունքների ամփոփումը խորհրդի անդամները միջանցքում արդեն շնորհավորում էին պրն Սուվարյանին նոր պաշտոնի կապակցությամբ, իսկ ինքը լրատվամիջոցներին էր ներկայացնում առաջիկա ծրագրերը, որոնցից հիմնականը, ինչպես բոլոր նորընտիր ռեկտորների մոտ, «միջազգային կրթատարածքին ինտեգրվելն է»: