Վինետկաների շուկան մոնոպոլիզացվում է

05/03/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Դեռ ուսումնական տարին չի ավարտվել, սակայն Երեւանի մի շարք դպրոցների 10-րդ դասարանցիներ արդեն ունեն իրենց ավարտական լուսանկարների գրքույկները` վինետկաները, որոնց համար տարբեր դպրոցներում տարբեր գումարներ են հավաքում` սկսած 3000-ական դրամից (իսկ միայն Երեւանում, ըստ Կրթության եւ գիտության նախարարության ինտերնետային կայքի, կա 195 դպրոց):

Գինը կախված է վինետկայի որակից, չափերից եւ այն կազմակերպությունից, որն այդ անմոռանալի հաճույքը մատուցում է աշակերտներին: Այդ ընկերությունների թիվը Երեւանում մեծ չէ. «Սփյուռ» գործակալությունում պաշտոնապես գրանցված են վինետկաներ պատրաստող 4 ընկերություններ` «Օրենջ թրեյդինգ» գովազդային գործակալությունը, «Պոլարոիդ» խանութը, «Էյ-Ջի ֆոտո» ֆոտոսերվիսը եւ «Յուպիտեր» ընկերությունը: Ինչպիսի՞ չափաբաժին ունի այս կազմակերպություններից յուրաքանչյուրը վինետկաների շուկայում: Ինչպես տեղեկացանք «Էյ-Ջի ֆոտո»-ից եւ «Պոլարոիդ»-ից, իրենց ընկերությունների հետ համագործակցում են առանձին լուսանկարիչներ, իսկ իրենք աշխատում են շատ քիչ թվով դպրոցների հետ: «Օրենջ թրեյդինգ»-ի հետ համագործակցող լուսանկարիչ Հովիկ Մարյանցի հավաստմամբ, վինետկաների լուսանկարների համար քաղաքապետարանից հատուկ թույլտվություն չի պահանջվում: Դպրոցների հետ նրանք աշխատում են առանց պայմանագրերի: Իսկ մեր հարցին, թե ինչպես են հաճախորդներ գտնում` Հ. Մարյանցը պատասխանեց. «Ոչ մի խնդիր չկա, երբ եւ ինչպես պատահի` համագործակցում ենք»: Այնուամենայնիվ, խնդիր կա, քանզի «Օրենջ թրեյդինգ»-ը նույնպես պատրաստում է «որոշակի» դպրոցների վինետկաներ: Պարզվում է` դպրոցների խմբակային եւ ավարտական լուսանկարների «առյուծի բաժինը» «Յուպիտերինն» է:

Երեւանի Գայի, Չարենցի եւ Սպանդարյանի անվան դպրոցների տնօրենների խոսքերով` իրենք համագործակցում են «Յուպիտերի» հետ եւ դժգոհ չեն վերջինիս ծառայություններից: «Նույնիսկ անապահով խավի մի քանի աշակերտների վինետկաներ ընկերությունն անվճար է պատրաստում: Մեր խնդրանքով երբեմն ընկերությունը նույն դասարանին նորից է լուսանկարում»,- ասում է թիվ 67 դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը: «Մի քանի կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են վինետկաների պատրաստմամբ: Մոտ 3 տարի առաջ մեր դպրոցը սպասարկում էր «Ալյանսը», այժմ` «Յուպիտերը»: Ե՛վ գների, եւ՛ որակի տեսանկյունից շատ գոհ եմ «Յուպիտերի» ծառայություններից: Նրանք պարտաճանաչ են աշխատում. եթե նույնիսկ մեկ երեխա ուզում է նկարը փոխել, «Յուպիտերը» պատրաստ է ընդառաջել»,- հավաստիացնում է թիվ 24 դպրոցի տնօրեն Սվետլանա Հեքիմբաշյանը: Բացի վինետկաներից` «Յուպիտերը» պատրաստում է նաեւ տարբեր դասարանների խմբակային լուսանկարները: Տնօրենն ավելացրեց նաեւ, որ «Յուպիտերը», որը «թույլտվություն ունի քաղաքապետարանի կողմից», գրությամբ մոտեցել է իրեն, եւ ինքը համաձայնել է այդ ընկերության հետ համագործակցել: Թիվ 114 դպրոցի 10-րդ դասարանցիների վինետկաների վրա, որոնք, ի դեպ, արդեն վաղուց պատրաստ են, նույնպես նշված է. «Տպագրված է «Յուպիտեր» ֆոտո-էքսպրեսում»: Ի դեպ, այդ դպրոցի աշակերտները վստահեցնում են, որ ցանկացողներից վինետկաների համար հավաքել են 4000-ական դրամ` առանց այլընտրանք առաջարկելու: Իսկ Մռավյանի անվան թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը շատ դժկամությամբ «պատասխանեց» մեր հարցերին` այդպես էլ չտեղեկացնելով, թե որ ընկերությունն է պատրաստում իրենց դպրոցի վինետկաները: Նա մի քանի անգամ կրկնեց, որ աշակերտները վինետկա կարող են ձեռք բերել միայն իրենց կամքի համաձայն:

Ստացվում է, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցները «պատահմամբ» օգտվում են հիմնականում մի ընկերության ծառայություններից, որը «պատահմամբ» ինչ-որ թույլտվություն է ստանում հենց քաղաքապետարանից: Երբվանի՞ց է դպրոցական լուսանկարներ իրականացնելը պահանջում հատուկ թույլտվություն: Միգուցե սա քաղաքապետարանի կողմից տրված հատուկ «լիցենզիա՞» է, որը ստիպում է դպրոցներին օգտվել միայն «Յուպիտերի» ծառայություններից:

Այս հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ «Յուպիտեր» ընկերությունից: Սակայն վերջինիս գլխավոր տնօրեն Ժիրայր Տեր-Զաքարյանի հետ զրուցել մեզ վերջին 2 շաբաթում չհաջողվեց: Ընկերության` վինետկաներով զբաղվող աշխատակից Ռուզաննան մեզ միայն տեղեկացրեց, որ ոչ բոլոր դպրոցներում է «Յուպիտերը» լուսանկարներ պատրաստում: Այլ հարցերի շուրջ նա նպատակահարմար չգտավ զրուցել` պատճառաբանելով, որ «նման հարցերին կարող է պատասխանել միայն տնօրենը»: Մեզ հաջողվեց զրուցել նաեւ Հրաչի հետ, որը ներկայացավ որպես «Յուպիտերի» տնօրեն, բայց չցանկացավ նշել իր ազգանունը: Վերջինս սկզբում պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեր հարցերին, բայց երբ հերթը հասավ քաղաքապետարանի թույլտվությանը, նա պատասխանեց. «Դա ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում, նման հարցերով դիմեք պարոն Տեր-Զաքարյանին»: Բնականաբար, Հրաչը չասաց, թե քանի դպրոցների վինետկաներ են պատրաստվում «Յուպիտերի» կողմից` ընդամենը նշելով, որ «այդպիսիք կան»: Ի դեպ, բոլոր տեսակի ֆոտոծառայություններում մասնագիտացված «Յուպիտեր ֆոտո-էքսպրես» ՍՊԸ-ն այսօր հայկական շուկայում առաջատար ընկերություններից մեկն է: Այն բացվել է 1991թ. եւ 1988թ. Մոսկվայում հիմնադրված «Յուպիտերի» մասնաճյուղն է: 1999-ից հայկական «Յուպիտերը» համաշխարհային «Կոնիկա» ֆիրմայի միակ եւ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

Իսկ Երեւանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ քաղաքապետարանի Կրթության վարչությունն ընդհանրապես չի զբաղվում վինետկաների հարցերով եւ նման լիազորություններ չունի: 6 տարի առաջ գործել է «Սպասարկում» ձեռնարկությունը, որը 2001թ. լուծարվել է, եւ այդուհետ դպրոցներն իրենք են որոշում, թե որ ընկերությունը պետք է զբաղվի վինետկաների պատրաստմամբ: Դպրոցների կանոնադրությամբ այդ գործառույթը հենց իրենց է վերապահված:

Քաղաքապետարանի հետ համագործակցությունը «Յուպիտերը» ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում, իսկ քաղաքապետարանը միանշանակ հերքում է: Այնուամենայնիվ, վինետկաների շուկան մոնոպոլիզացվում է, ինչի պատճառը տարբեր սուբյեկտներ զարմանալի տրամաբանությամբ վերագրում են շուկայական հարաբերություններին եւ մրցակցությանը: