Դա է պատճառը, որ իրավապահ համակարգում միանգամայն նորմալ է համարվում հանցագործության մեջ կասկածվողներին ծեծելը, նրանց հարազատների վրա ճնշում գործադրելը, փոքրիկ կասկածի դեպքում մարդուն ձերբակալելը: Արդյունքում՝ մինչ հանցագործության բացահայտումը քննիչն ու դատախազն այնքան անօրինականություններ են թույլ տալիս, որ դժվար է ասել, թե հասարակության համար ով է ավելի վտանգավոր՝ հանցագո՞րծը, որի դեմ նրանք պայքարում են, թե՞ հենց իրենք՝ օրենքի անունից հանդես եկող անձինք: Երբեմն քննիչ-դատախազներն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները եւ դառնում իրենց իսկ առաջ քաշած վարկածի գերին, որի ապացուցման համար ոչնչի առաջ կանգ չեն առնում՝ անգամ բացահայտ կեղծիքի ու ակնհայտ շանտաժի:
Շահինյանի մարզադպրոցի նախկին տնօրեն, երկու զավակների հայր Արթուր Գյուրջինյանի հետ կատարվածը չի տեղավորվում սովորական մարդկային տրամաբանության շրջանակներում: Նրա ընտանիքը վերջին տարիներին դարձել է դատախազության թիրախը: Չորս հոգանոց այս ընտանիքից առայժմ կալանք չի կրել միայն դուստրը՝ Լուսինեն: Նրանց 19-ամյա որդին՝ Ճարտարագիտականի ուսանող Վարուժանը 2002-ին 9 ամիս անց է կացրել անվտանգության մեկուսարանում, 2005-ի սեպտեմբերից 22-ից առ այսօր նույն մեկուսարանում է գտնվում մայրը՝ ուսուցչուհի Սիլվա Ասատրյանը, իսկ 2006-ի հունվարի 26-ին կալանավորվել եւ մեկուսարան է տեղափոխվել նաեւ ընտանիքի հայրը՝ Արթուր Գյուրջինյանը: Հարց է ծագում՝ ինչո՞վ է Գյուրջինյանների շարքային ընտանիքն արժանացել դատախազության նման «ուշադրությանը»: Բանն այն է, որ այս ընտանիքը տարիներ շարունակ տնտեսական վեճ է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, երթուղայինի մի շարք գծերի տեր Մելիք Գասպարյանի հետ, որը նաեւ կառավարության որոշմամբ Երեւանի կենտրոնի մի հսկա հատվածի սեփականատերն է (Գյուրջինյանները բնակվել են այդ հատվածում): Վեճը բնականաբար շահել է Մ.Գասպարյանը, իսկ Գյուրջինյանը պարտվել է՝ տանուլ տալով նյութական մեծ միջոցներ, ուստի 2001-ի վերջին Մելիք Գասպարյանի ավտոմեքենայի պայթեցումը դատախազությունն անմիջապես ու առանց դույզն-ինչ կասկածի վերագրեց Գյուրջինյաններին: Կատարվածը շատ էր նման անզոր, անուժ մարդկանց վրեժի: Դեպքի օրը եւեթ ձերբակալվեց նրանց որդին, որին մեղադրեցին Գասպարյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ, սակայն 9-ամսյա քննությունը ոչ միայն չհաստատեց դատախազության կասկածները, այլեւ հերքեց դրանք, եւ նախաքննության մարմինը ստիպված էր, ատամները կրճտացնելով, բաց թողնել տղային: Անցան տարիներ, սակայն դատախազությունը ողջունելի հետեւողականություն էր դրսեւորում՝ շարունակելով փնտրել Մելիք Գասպարյանի նկատմամբ ոտնձգություն կատարած հանցագործին: 2005-ի ամռանը անսպասելիորեն ձերբակալվեց Գյուրջինյանների ընտանիքի ընկերը՝ անվտանգության նախկին աշխատակից ոմն Յուրի Վոլֆսոն, որն անմիջապես խոստովանեց, որ ինքն է պայթեցրել Գասպարյանի մեքենան՝ «Սիլվա Ասատրյանի խնդրանքով»: Նրա տնից մեծ քանակով ռազմամթերք հայտնաբերվեց: Վոլֆսոնի ցուցմունքի հիման վրա էլ ձերբակալվեց Գյուրջինյանի կինը: Շուրջ վեց ամիս ընթացող նախաքննությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարելի էր տեղավորել թույլատրելիի շրջանակներում, եթե այս տարվա հունվարին դատախազությունը չփորձարկեր տվյալ «խաղաձեւում» անթույլատրելի մեթոդներ՝ անսպասելիորեն չձերբակալեր նաեւ ամուսնուն: Գործի ընթացքին հետեւող անձինք անմիջապես ենթադրեցին, որ Արթուր Գյուրջինյանի ձերբակալությունը եւս կապված է Մ.Գասպարյանի մահափորձի հետ, սակայն որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ տեղեկացան, որ Գյուրջինյանը ձերբակալվել է բոլորովին այլ մեղադրանքով. Գլխավոր դատախազությունը հանկարծ վերհիշել է 1992-ին հարուցված, ապա կասեցված մի քրգործ, որով Գյուրջինյանը մեղադրվել է, սակայն ապացույցների բացակայության պատճառով այն ավարտին չի հասել: Ոմն Ռոման Գալստյան 1992-ին փորձել է մաքսանենգ ճանապարհով՝ առանց հայտարարագրման, ոսկե իրեր արտահանել երկրից, բռնվել է, դատապարտվել 3 տարի ազատազրկման, բայց փախուստի է դիմել եւ պատիժը չի կրել: Նախաքննության ժամանակ նա ցուցմունք է տվել, որ ոսկին իրեն տվել էր Արթուր Գյուրջինյանը: Այս անապացույց ցուցմունքն առիթ է դարձել, որ Գյուրջինյանի դեմ քրգործ հարուցվի՝ մաքսանենգության մեղադրանքով, սակայն քանի որ ոչ մի այլ ապացույց ձեռք չի բերվել, իսկ ցուցմունք տվող անձն անհետացել է, ուստի Գյուրջինյանի գործը ստիպված են եղել կասեցնել: Տարիներն անցել են, Ռ.Գալստյանը չի հայտնաբերվել, ոչ մի նոր ապացույց ձեռք չի բերվել, սակայն մեղադրանքը փաստորեն չի կարճվել, մնացել է օդում կախված՝ մինչեւ 2006-ի հունվարը, երբ «վիզ» պետք է եղել Ա.Գյուրջինյանին ձերբակալել: Ոզնուն էլ է հասկանալի, որ այս անհեռանկար մեղադրանքով Գյուրջինյանին ձերբակալելը մի նպատակ ունի՝ ճնշում գործադրել Սիլվա Ասատրյանի վրա, որ նա խոստովանի իր հանցանքը: Արթուր Գյուրջինյանը նաեւ այն կարծիքին է, որ սրանով փորձում են «սահմանափակել իր արտահայտվելու իրավունքը» եւ խանգարել Ս.Ասատրյանի ազատության համար մղվող պայքարին: Ընդհանրապես ասած՝ պետք է արժանին հատուցել ՀՀ դատախազությանը՝ անհնազանդ ընտանիքներին արգելափակելու նորույթը կարող է հեռանկարային լինել: Անգամ դրա ձեւակերպումը կարելի է օրենսդրորեն սահմանել՝ նախաքննությանը չխանգարելու նպատակով, չէ՞ որ ազատության մեջ մնացած հարազատներն ասուլիսներ են կազմակերպում, հայտարարություններ են անում, ստորագրություններ են հավաքում, դիմում են միջազգային կառույցներին: Մի խոսքով՝ խանգարում են հանցագործությունների դեմ «ազնիվ» պայքարին: