Թրաֆիքինգի դեմ անզո՞ր են

05/03/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հանձնախմբի մեջ ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Միհրան Մինասյանը, Կազմակերպական-վերահսկողական բաժնի պետ Գագիկ Ավետիսյանը, դատախազի ավագ օգնական Հովհաննես Ստեփանյանը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Գեղամ Գասպարյանը եւ վարչապետի Վերահսկողական վարչության պետի տեղակալ Աշոտ Սեդրակյանը: Հանձնախումբը ստուգելու է իրավապահ մարմինների, դատախազության համակարգի եւ սահմանապահ ծառայության պաշտոնատար անձանց թրաֆիքինգի մեջ հնարավոր ներգրավվածության մասին հրապարակումների հավաստիությունը: Երեկ ՀՀ Դատախազությունում կայացած ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը հատուկ նպատակային ուսումնասիրություն է կատարել զանգվածային լրատվամիջոցներում ներկայացված փաստերի վերաբերյալ: «Սա առաջին դեպքն է, որ աշխատանքային նման խումբ է ստեղծվել: Այս բնագավառում արդյունքի հասնելու համար շատ ենք կարեւորում լրատվամիջոցների դերն ու նշանակությունը»,- ասաց նա: Ի դեպ, Ա. Հովսեփյանի խնդրանքով ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, որը, սակայն որեւէ կարծիք չհայտնեց Հայաստանում զարգացող մարդկանց առեւտրի վերաբերյալ: Օրեր առաջ գլխավոր դատախազը Ջ. Էվանսից ստացել է մի գրություն, որտեղ վերջինս բարձր է գնահատել դատախազության դերը հանրապետությունում թրաֆիքինգի դեմ պայքարում: Ա. Հովսեփյանը թրաֆիքինգը գնահատում է որպես չարիք, թեեւ մարդկությունը դեռեւս հազարամյակներ առաջ հրաժարվել է ստրկատիրությունից, այդուհանդերձ, մարդկային առանձին շերտերի, անհատների հոգեբանության մեջ դեռ պահպանվել են ստրկատիրության տարրերը: «Պայքարը պետք է լինի հենց դրա դեմ, որ որեւէ մեկն ուրիշի մարդկային հատկանիշների վրա չբռնանա ու չստրկացնի: Թրաֆիքինգի դեմ պայքարն արժեւորվում է, որովհետեւ դա ստրկատիրության երեւույթ է: Մենք ոչ միայն պետք է մարդկանց բռնենք, դատի տանք, այլեւ կարողանանք մարդկանց հոգեբանությունից, գիտակցությունից այդ երեւույթը հանել»,- նման զգացմունքային հայտարարություն անելուց հետո գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ մասնավորապես «Հետքի» լրագրող Էդիկ Բաղդասարյանին: Պրն Հովսեփյանը խոստովանեց, որ, եթե չլինեին «Հետքի» հրապարակումներն, իրենք առավել զգոն չէին լինի: «Ես ուզում եմ, որ դուք զսպաշապիկ լինեք իրավապահ մարմինների համար, եւ կոչ եմ անում հետագայում նույնպես ակտիվ աշխատանք կատարեք այս ուղղությամբ»,- ասաց նա եւ խորհուրդ տվեց Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ, հանձնախմբի անդամ Միհրան Մինասյանին հարցերով մի լավ թափահարել եւ բզկտել: Պրն Մինասյանը նշեց, որ հանձնախմբի համար հիմք են հանդիսացել թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2004թ. ամենամյա եւ 2005թ. միջանկյալ զեկույցներում Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներն այն մասին, որ իրավապահ մարմինները ներգրավված են թրաֆիքինգի մեջ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոն Միլլերը լրագրողներին հայտնել է, որ այդ հրապարակումների համար իրենք ապացույցներ չեն կարող ներկայացնել համապատասխան մարմիններին, քանի որ իրենց համար հիմք են հանդիսացել միայն ԶԼՄ-ների հրապարակումները: Հիմքերից կարեւորագույնը Հետաքննող լրագրողների ՀԿ նախագահ Է. Բաղդասարյանի եւ իր գործընկերների կողմից Միացյալ Էմիրությունների, Դուբայի եւ այլ վայրերում հետազոտությունների արդյունքում հրապարակված «Անապատի գիշերներ» գրքույկը եւ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցն է այն մասին, որ իր ձեռքի տակ կան գաղտնի եւ բացահայտ տեսաձայնագրման նյութեր, որոնցում Դուբայում մարմնավաճառությամբ զբաղվող կանայք խոստովանել են, որ թրաֆիքինգի դեմ պայքարով զբաղվող այս կամ այն պաշտոնյային անօրինական գումարներ են տվել: Գլխավոր դատախազությունը հրավիրել է Է. Բաղդասարյանին եւ խնդրել է աջակցության նպատակով հանձնախմբին տրամադրել վերոնշյալ նյութերը, սակայն փետրվարի 23-ի հանդիպման ժամանակ Է. Բաղդասարյանն այդ խնդրանքը մերժել է՝ պատճառաբանելով, որ իր հետ զրույց ունեցած կանանց անձնական շահերից ելնելով` հրաժարվում է դրանք տրամադրել: Այսուհանդերձ, ըստ պրն Մինասյանի՝ մամուլի հրապարակումներից ռեալ փաստեր չեն արձանագրվել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Նախորդ տարիներին հարուցված եւ քննված քրեական գործերով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ԱՄԷ-ում բազում կանայք զբաղվում են մարմնավաճառությամբ` հայ կավատների հովանու ներքո: Նրանք խուսափում են վերադառնալ Հայաստան, ներկայանալ նախաքննական մարմիններին: Հանձնախումբն արձանագրել է, որ այդ բնույթի հանցագործությունների նախականխման եւ բացահայտման ուղղությամբ թույլ է համագործակցությունը խնդրի հետ առնչվող միգրացիոն, փախստականների տեղաշարժերի, որդեգրման, տուրիզմի, պետական սահմանների պաշտպանության, մաքսային, աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ապահովման, անձնագրային ռեժիմի, հրավերքների ձեւակերպման եւ մյուս ծառայությունների հետ: Բացի այդ, պատշաճ հսկողություն չի իրականացվում հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-որոնողական աշխատանքների նկատմամբ:

Պրն Մինասյանի խոսքերով՝ Թուրքիայի հետ համագործակցությունը ցանկալի արդյունք չի կարող ունենալ, որովհետեւ մեր իրավապահ մարմինները չեն կարող Թուրքիայում գործունեություն իրականացնել: 2005թ. հանրապետությունում արձանագրվել է նման բնույթի հանցագործությունների 30 դեպք, որոնցից 15-ը` մարզերում, 15-ը համայնքներում են եղել: Քննչական մարմինների վարույթում քննվել է 40 քրեական գործ: 2005թ. ընթացքում սեռական շահագործման է ենթարկվել 182 կին, որն, ի դեպ, ռեալ քանակ չէ: Վարչական պատասխանատվության է ենթարկվել 99 մարդ: Համապատասխան ծառայությունների կողմից բժշկական ստուգման են ենթարկվել 206 մարմնավաճառներ, որոնցից 55-ի մոտ հայտնաբերվել է վեներական հիվանդություն. 29-ի մոտ` տրիխոմոնալ, 18-ի մոտ` գոնորեա, իսկ 8-ի մոտ սիֆիլիս հիվանդություններն են ախտորոշվել: Ամբողջ ասուլիսի ընթացքում թե՛ Ա. Հովսեփյանը, թե՛ Մ. Մինասյանը լրագրողներին խնդրում էին թրաֆիքինգին վերաբերող տեղեկատվության տիրապետելու պարագայում անպայման համագործակցել դատախազության հետ: Դատախազության այս խնդրանքը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է, որ լրագրողներին հաջողվում է մարդկանց առեւտրի մասին տեղեկություններ ձեռք բերել, իսկ քննչական մարմիններին, որոնց լծակներն, ի դեպ, շատ մեծ են, նույնը չի հաջողվում: