Ցորեն ցանելը ձեռնտու չէ

05/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աշխարհի գողտրիկ այս անկյունում գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ: Նույնիսկ արդեն սկսում են մտածել խաղողագործության զարգացման մասին: Բնակիչների խոսքերով, սեփականաշնորհված հողատարածքների սնուցման բացակայության պատճառով բերքատվությունը ցածր է: «Մեկ հեկտարից լավագույն դեպքում ստացվում է 10-15 ցենտներ հացահատիկ, ինչը մեր պայմաններում շատ քիչ է, այն հազիվ փակում է կատարված ծախսերը»,- մեր զրույցի ժամանակ նշեց ազոխցիներից մեկը: Իսկ համայնքի ղեկավարի հավաստմամբ, նախորդ տարվա համեմատ աշնանացանը պակասել է շուրջ 80 հա-ով:

«Արդեն երկրորդ տարին է՝ հացահատիկ չեմ ցանում, որոշել եմ զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Ճիշտ է, մինչեւ հիմա ունեի երկու բանջարանոց, որի մշակումից ստացված բերքը բավարարում էր միայն մեր ընտանիքին, իսկ այժմ ցանկություն ունեմ լուրջ զբաղվել այդ աշխատանքով, որը, կարծում եմ, եկամտաբեր է»,- այս կարծիքին է համայնքի բնակիչ Ա. Սարգսյանը:

Գյուղով զբոսնելիս նկատվում է, որ այստեղ իրականացվում են փողոցների բարեկարգման աշխատանքներ:

Համայնքում պետության միջոցներով կառուցվում է մանկապարտեզի շենքը, որի շինարարությունը մոտենում է ավարտին: Ասում են, մանկապարտեզը կգործի պետական միջոցների հաշվին:

Գյուղում գործում է նաեւ բուժամբուլատորիա, որտեղ անցած տարի 22 ծնունդ է գրանցվել, սպասարկել են 1200 հիվանդի, կատարվել են 1100-ից ավելի տնային այցելություններ: Սակայն այստեղ նույնպես առկա են մի շարք խնդիրներ` կապված դեղորայքի համար հատկացված գումարների հետ:

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 118 աշակերտ: Ի դեպ, կրթօջախը վերջերս ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Կաբինետային համակարգի անցման» մրցույթում հանրապետությունում լավագույնն է ճանաչվել եւ արժանացել պատվոգրի եւ դրամական պարգեւի: Դպրոցի կարեւոր խնդիրը վաղուց սկսված դպրոցական շենքի շինարարությունն ավարտելն է: Այստեղ կապիտալ վերանորոգման կարիք ունեն մշակույթի տունն ու նրան կից գործող գրադարանը: Դպրոց-համայնք կապն այստեղ ամուր է. դպրոցականների ուժերով «Հյուսիս-հարավ» մայրուղու երկայնքով Ազոխի տարածքում տնկվել է 510 ծառ:

Գյուղի 18 ընտանիք ներկայումս օգտվում է բնական գազից: Շարունակվում են գազի խողովակների մոնտաժման աշխատանքները: Ըստ համայնքի ղեկավար Գ. Գեւորգյանի` այս տարի Ազոխի ողջ բնակչությունը կապահովվի բնական գազով:

Ազոխում առկա է նաեւ արտաքին աշխարհի հետ կապի խնդիրը. գործում է ավտոմատ հեռախոսակայան` 80 համարով, սակայն գյուղացիները զրկված են դրսի հետ կապի հեռախոսազանգերից: Կապի բաժանմունքը, որտեղ բջջային հեռախոս կա, շուրջօրյա չի աշխատում:

Չնայած բազում չլուծված խնդիրներին, մարդիկ այստեղ ապրում ու արարում են, աշխատում են հնարավորինս արդյունավետ օգտագործել իրենց հնարավորությունները: Ինչպես մի տարեց գյուղաբնակ ասաց` «ամեն գյուղում էլ խնդիրներ կան, բայց մարդիկ շարունակում են իրենց գործը` հաղթահարելով ամեն մի դժվարություն»: