Մարտունու շրջան. աշխատանքներ ու ծրագրեր

05/03/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բերքատվության ցածր ցուցանիշը, ըստ Ռ. Ազարյանի, հիմնականում պայմանավորված է ագրոտեխնիկական միջոցառումների անբավարար կատարմամբ եւ անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ։ Կատարվել է այս տարվա աշնանացանի 84 տոկոսը, որին նպաստել են արտոնյալ վարկի ձեւով հողօգտագործողներին պետության կողմից տրամադրված 342 տոննա սերմացուն եւ 170 տոննա դիզվառելիքը։ Շրջանում մեծ թափով զարգանում է նաեւ խաղողագործությունը։ 2004-ին կար 48,7 հա նորատունկ խաղողի այգի, իսկ 2005-ին այն հասել է 109 հեկտարի։ Խաղողագործության զարգացման համար կառավարության կողմից տրամադրվել է 70 մլն դրամի արտոնյալ վարկ։ Վարչակազմի ղեկավարի խոսքերով, անցյալ տարի արտադրվել է մոտ 4845 տ խաղող։ Խաղողագործության զարգացումը պայմանավորված է բարձր բերքատվությամբ եւ արտադրանքի՝ ժամանակին իրացմամբ։

Կառավարությունը 29 մլն դրամի չափով վարկ է հատկացրել նաեւ անասնապահության զարգացման համար, ինչը, ըստ պարոն Ազարյանի, հնարավորություն կտա արտադրել թարմ եւ էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներ։

Կապիտալ շինարարության ծրագրով նախատեսված 180 մլն դրամի փոխարեն շրջանում կատարվել է շուրջ 580 մլն դրամի աշխատանք։ Սկսված են շրջկենտրոնի թիվ 1 դպրոցի նորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են շրջանի Եմիշճան, Թաղավարդ գյուղերի դպրոցական շենքերի շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ՝ Ղուզե Ճարտարի, Մարտունու, Պառավաթումբի մշակույթի տների նորոգումները։ Կապիտալ վերանորոգման աշխատանքներ են կատարվում նաեւ շրջկենտրոնի կենտրոնական հիվանդանոցում, որը ծրագրված է ավարտել 2006 թվականին։ Այս մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում նշել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը:

Աշխատանքներ են տարվել ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ: Կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման, խճապատման են ենթարկվել շրջկենտրոնի մի շարք փողոցներ, իսկ որոշ փողոցներում էլ դեռեւս շարունակվում են աշխատանքները։

Հայտնի է, որ անմխիթար վիճակում են գտնվում շրջանի համայնքներից շրջկենտրոն եւ մայրաքաղաք հասցնող ճանապարհները։ Դժվարանցանելի է դարձել Գիշի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի պատճառով մարդիկ ստիպված են լինում, տարածությունը համարյա թե կրկնապատկելով, մայրաքաղաք հասնել Մարտունի քաղաքով:

Ռ. Ազարյանի հավատմամբ, ճանապարհների նորոգման աշխատանքներ են տարվել ու տարվում շրջանի Կարմիր շուկա-Ամարաս, Ջիվանի-Կարմիր շուկա, Սպիտակաշեն-Մարտունի, Աշան-Հացի գծերի վրա, ինչպես եւ ընդհանուր գծից Մուշկապատ, Հաղորտի, Քերթ գյուղեր տանող հատվածներում։ Ընթացքի մեջ են մայրուղուց Աշան տանող ճանապարհի երկու կամուրջների վերականգնման աշխատանքները։

Շրջանի զոհված ազատամարտիկների 20 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել են որոշակի գումարներ։ Փախստականների համար վերաբնակեցման ծրագրով կառուցվել է 12 տուն՝ շրջանի տարբեր համայնքներում։

Գազիֆիկացման ուղղությամբ ծրագրերն այստեղ դեռեւս շարունակվում են. այս ուղղությամբ իրականացվել են 298 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ։ Ներկայումս ամբողջությամբ գազիֆիկացված է Մարտունի քաղաքը, ինչպես նաեւ` շրջանի 11 համայնքներ: Իսկ 19 համայնքներում գազիֆիկացման աշխատանքները դեռ շարունակվում են:

Պարոն Ազարյանը փաստեց նաեւ, որ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների համար աշխատատեղերի բացակայությունը խիստ է զգացվում։ Վերջին տարիներին, կապված թռչնաֆաբրիկայի եւ գինու գործարանների վերագործարկման, ինչպես նաեւ՝ փոքր բիզնեսի զարգացման հետ, ինչ-որ չափով հարցը լուծում է գտել։ Ու չնայած կառավարության կողմից ձեռնարկվող միջոցներին, այնուամենայնիվ, խնդիրն իր վերջնական լուծումը չի ստացել։ Սակայն գոյություն ունի աշխատուժի պակաս, որը լրացվում է Ստեփանակերտից եւ այլ վայրերից եկած մասնագետներով։

Խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին, նա միաժամանակ տեղեկացրեց, որ անելիքներ կան շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառում, ճանապարհաշինության, զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ վերաբնակիչների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ, որոնք լուծում կստանան կառավարության աջակցության եւ բարերարների շնորհիվ։