Գովազդային «հիթ-շքերթը» Վանաձորում

05/03/2006 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մայրաքաղաքից Վանաձոր ժամանող երգիչ-երգչուհիների, համերգային խմբերի, երգիծաբանների հովանավորությունը շուրջ 1 տարի է՝ իրենց վրա են վերցրել Վանաձորի պետական պաշտոնյաներն ու գործարարները, ինչի ապացույցը տվյալ համերգից նույնիսկ 2 ամիս առաջ, օրվա մեջ 10-15 անգամ տեղական հեռուստատեսությամբ տրվող գովազդներն են՝ միջոցառման հովանավորների անուններն ու պաշտոնները մատնանշող: Հատկանշական է, երբ հեռուստագովազդը ոչ մի կերպ չի «տեղավորվում» ժամանակի մեջ. օրինակ՝ երգիծաբաններից մեկը, այս տարվա հունվար ամսից սկսած, ամեն օր կանխավ շնորհավորում է «սիրելի վանաձորցիներին» մարտի 8-ի առթիվ: Դե ինչ, հովանավորների անունը ամեն օր մի քանի անգամ հնչեցնելու նպատակով «կարելի» է նախապես գովազդել նաեւ 2007 թվի նոր տարվա համերգները: Ի դեպ, չնայած համերգների հովանավորչական բնույթին, այդուհանդերձ, տոմսերի գինը շարունակում է մնալ շատերի համար անմատչելի, եւ մտահոգության տեղիք է տալիս, թե քանի՞ երիտասարդ, ասենք, իր ընկերուհուն մարտի 8-ին նվիրված 1500 դրամանոց ժամանց-համերգի հրավիրելու շռայլություն կարող է իրեն թույլ տալ(եւ կամ նույն ընտանիքի մի քանի անդամներ կարո՞ղ են մի քանի տոմս գնելու հնարավորություն ունենալ): Հաշվի առնենք, որ Վանաձորը մայրաքաղաք չէ, եւ մարդիկ այդտեղ նվազ ապահովված են, քան՝ մայրաքաղաքում: Ընդ որում, մայրաքաղաքային խմբերի «հիթ-շքերթի» հետեւանքով վանաձորցիներին անհայտ է, թե Վանաձորում երգիչ-երգչախումբ կա՞, թե՞ չկա: Մի՞թե 1995 թվից կազմակերպվող մանկապատանեկան փառատոներից տաղանդներ չեն ելել: Ո՞ւր են անհետացել քաղաքի ռոք-խմբերը, «դանս-շոուները» կամ «շոու-դանսերը»: Ինչ-որ մի ժամանակ Վանաձորում երիտասարդական ուսանողական փառատոներ էին կազմակերպվում (ոչ միայն 1988թ. երկրաշարժից առաջ, այլեւ 1995-1997 թվականներին՝ Վանաձորի «Երեւան» կինոթատրոնում կամ Աբելյանի անվան թատրոնում):