Ղարաբաղյան կարգավորման ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին

05/03/2006 «Էխո» (Ադրբեջան)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ շուտով կվերադարձվեն Հայաստանի զավթած ադրբեջանական տարածքները: «Ոմանք ասում են, որ ժամանակը կողմերից եւ ոչ մեկի օգտին չի աշխատում: Դա վիճելի թեզ է, եւ ես չեմ կարող դրա հետ համաձայնել»,- ասաց Ի.Ալիեւը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվեց ադրբեջանական պաշտոնական մամուլում ուրբաթ օրը (փետրվարի 24-ին-խմբ.):

«Հայաստանն ի վիճակի չէ մրցակցել Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Միեւնույն ժամանակ` տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, համագործակցությունը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը միավորող էներգետիկ նախագծերը, Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային միջանցքները՝ այս բոլորը շրջանցում են Հայաստանը: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք թույլ չենք տալիս: Մենք չենք կարող թույլատրել, որպեսզի զավթիչ երկիրը մեզ հետ միասին մասնակցի տարածաշրջանային համագործակցություններում»,- հայտարարեց Ի. Ալիեւը: «Տարածաշրջանային համագործակցությունը հնարավոր է առանց Հայաստանի մասնակցության եւ անհնար է առանց Ադրբեջանի: Այդ պատճառով նպատակին հասնելու համար մենք պետք է ձեռնարկենք բոլոր միջոցները: Ես վարում եմ այդպիսի քաղաքականություն եւ կջանամ, որպեսզի մենք հասնենք այդ հիմնախնդրի շուտափույթ լուծմանը»,- ընդգծեց նա («Ինտերֆաքս»):

«Միջազգային իրավունքի չափանիշները, ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի մյուս գործոններն էլ ՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ, մեր կողմը լինեն: Դրանից հետո մենք ձեռք կբերենք ցանկալին»,- հայտարարեց նախագահը եւ ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ որոշելն այնտեղ հանրաքվե անցկացնելու ճանապարհով, անիրատեսական է, քանի որ ադրբեջանական Սահմանադրությունը նախատեսում է համաժողովրդական քվեարկության անցկացում միայն երկրի ողջ տարածքում: Նախագահի խոսքերով` «ոչ ոք չի կարող խախտել Ադրբեջանի Սահմանադրությունը», բացի այդ, Հայաստանի հետ բանակցային գործընթացը նախատեսում է հակամարտության փուլային լուծում. առաջին հերթին` Հայաստանն իր զորքերը դուրս է բերում Լեռնային Ղարաբաղի շրջակա զավթած տարածքներից, որից հետո ապահովվում է հայկական եւ շրջաններ վերադարձած ադրբեջանական բնակչության անվտանգությունը: Դրանից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունը բանակցություններ կվարի այդ մարզի կարգավիճակի որոշման վերաբերյալ: