ԱՄՆ-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Ռոբերտ Վեքսլերը հայտարարեց, որ պետք չէ միահյուսել հայերի «ցեղասպանությունը» ՀԱՄԱՍ-ի (իսլամական դիմադրության շարժում.-խմբ.) պատվիրակության Անկարա կատարած անսպասելի այցի հետ:
Ներկայացուցիչների պալատի անդամ, ֆլորիդացի ժողովրդավար Ռոբերտ Վեքսլերը, չթաքցնելով իր վրդովմունքը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության Թուրքիա կատարած այցի կապակցությամբ, ընդգծեց, որ իր դիրքորոշումը «ցեղասպանության» մասին գալիք բանավեճերում, որոնք ապրիլին նորից կլինեն ԱՄՆ Կոնգրեսի քննարկումների օրակարգում, չի փոփոխվի: Սակայն նա հասկացրեց, որ կարող է փոփոխվել հզոր հրեական լոբբիի դիրքորոշումը, որը մշտապես հանդես է գալիս հայերի «ցեղասպանության» ճանաչման դեմ: Վեքսլերը պատասխանեց «Զամանի» հարցերին Բրյուսելում, որտեղ մասնակցում էր ՀԱՄԱՍ-ի հետ հարաբերություններ հաստատելու խնդրի վերաբերյալ կոնֆերանսին:
Վեքսլերը հարկ չի համարում զուգահեռներ անցկացնել ՀԱՄԱՍ-ի եւ ՔԱԿ (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպության միջեւ, ինչպես դա անում են Իսրայելի որոշ պաշտոնական ներկայացուցիչներ: Սակայն փետրվարի 17-ի իր հայտարարության մեջ նա մեղադրեց Թուրքիային, որը ՔԱԿ-ի ահաբեկչական գործունեության դեմ բազում տարիների պայքարի տխուր փորձ ունի, ՀԱՄԱՍ-ն օրինականացնելու օժանդակության համար:
Վեքսլերն ասաց. «Ես կուզենայի ընդգծել, որ թուրքական հասարակությունը շատ բան է վերապրել ահաբեկչության հետ կապված, եւ շատ զգայուն է այդ թեմայի նկատմամբ: Թուրքիան եւ Իսրայելը դաշնակիցներ են, նրանք համագործակցում են շատ ոլորտներում: Ինձ եւ ինձ նման շատ մարդկանց համար անակնկալ եւ շոկ եղավ այն, որ Թուրքիան՝ առաջինն աշխարհում, հյուրընկալություն ցուցաբերեց ՀԱՄԱՍ-ին: Որպես կանոն, արտասահմանյան պաշտոնական անձինք, այդ թվում եւ ես, Թուրքիա կատարած այցերի ընթացքում այցելում ենք Մավզոլեյ (նկատի ունի Աթաթուրքի մավզոլեյը.-խմբ.): Վստահ եմ, Աթաթուրքը շուռ կգար դագաղում, իմանալով, որ կրոնական-ծայրահեղական կազմակերպությունը ժամանել է Անկարա եւ այդպիսով սկսել միջազգային ճանաչման ուղին»:
Դրա հետ մեկտեղ Վեքսլերը նշեց, որ ՔԱԿ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ որոշ զուգահեռներ, համենայնդեպս, առաջանում են. «Իսրայելը կարող էր հրավիրել Օջալանին, եւ դա նույնքան սարսափելի եւ շոկի մատնող ակցիա կլիներ: Սակայն ոչ մի նման բան նա չարեց, եւ Իսրայելում սպասում էին, որ Թուրքիան կհետեւի նույն սկզբունքին: Թուրքիան հայտարարեց, որ սատարում է «մերձարեւելյան քառյակի»՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի կողմից դրված պայմաններին: Խնդիրն արաբա-իսրայելյան կարգավորման գործընթացում կամ էլ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դիրքորոշման մեջ չէ, այլ նրանում, որ, չնայած այդ ամենին, Թուրքիան որոշում է կայացրել հանդիպել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ Անկարայում»:
Թուրքիան պարզաբանեց, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հրավերը եղել է ոչ թե կառավարության, այլ Արդարության եւ զարգացման կուսակցության (կառավարող կուսակցություն): Վեքսլերը նման բացատրությունն անվանեց անբավարար եւ ավելացրեց, որ Էրդողանը բացահայտ սատարում էր ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների այցը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամն ասաց. «Ես շատ եմ հարգում Էրդողանին եւ Գյուլին: Նրանք շատ ընդունակ եւ խելացի մարդիկ են: Երկուսին էլ մեր բարեկամն եմ համարում, այդ պատճառով էլ, եթե սխալ է տեղի ունենում, անհրաժեշտ է, որ բարեկամները քննարկեն դա: Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է այդ այցը համապատասխանել Թուրքիայի շահերին, եթե այն հակասում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, բազմաթիվ արաբական եւ իսլամական երկրների քաղաքականությանը»:
«Զամանի» այն արտահայտությանը, որ Թուրքիայում որոշ շրջանակներ քննադատում են ԱՄՆ-ի հրեական լոբբիին, հայկական դեպքերի օրը՝ ապրիլի 24-ը, շանտաժի գործիքի վերածելու փորձի համար, Վեքսլերը պատասխանեց, որ ինքն այդ երկու խնդիրներն առանձնացնում է իրարից: Նա նաեւ ընդգծեց, որ չի օժանդակի նրանց, ովքեր կցանկանան վերանայել ապրիլի 24-ի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ կապված ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների Թուրքիա կատարած այցի հետ: Մասնավորապես, Վեքսլերն ասաց. «Անձամբ իմ դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այն համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Սակայն քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ ցանկացած քայլ իր հետեւանքն է ունենում»:
կրճատումներով
www.mediadialogue.org