1. Ի՞նչ է մեզ համար այսօր խաչքարը, մեր քրիստոնեական կրոնի այդ նշանը, խորհրդանիշը, խարանադրոշմը: Քարերի վրա խաչեր՝ զուգակցված զարդաքանդակների հետ, կարելի է տեսնել ողջ պատմական Հայաստանի տարածքում: Դրանք այսօր էլ հուզում են մեզ:
Խաչքարն ընդամենը քարե դեկորատիվ կոթո՞ղ է, որը խորհրդանշում է մեր անսասան հավատը Քրիստոսի ուսմունքի նկատմամբ, պատմական հիշողությո՞ւն, թե՞ մի այլ բան: Իսկ գուցե եւ՛ այս, եւ՛ այն միաժամանա՞կ: Իսկ գուցե մի երրորդ բան է, ասենք` մեր կենցաղի մի մասը: Եվ եթե խաչքարը նշան է ու խորհրդանիշ, ապա ի՞նչ է այն խորհրդանշում, ի՞նչ են խորհրդանշում խաչքարի քարե դեմքերը, ֆիգուրները, նախշերը, ժանյակները: Եվ ի՞նչ իմաստ ունի այդ ողջ գեղարվեստական-գաղտնախորհուրդ համակարգը, եթե, իհարկե, այդ համակարգը գոյություն ունի: Խաչքարը ազգային ինքնագիտակցության խորհրդանի՞շ է, թե՞ մի այլ բան: Ամեն դեպքում խաչքարի պատմությունն ավելի շուտ հիշեցնում է ժողովրդի ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ կյանքի կարդիոգրամա: Զարմանալի է, բայց խաչքարը դարձել է Հայաստանի մեծ քարե գրքի մի մասը, որի էջերը նրա սալաքարերն են, նրա տաճարների ու եկեղեցիների պատերը…
2. Զարմանալի է, բայց որոշ հարցեր կարող են մնալ անպատասխան, քանի որ ժողովրդի ներսում կորել է գաղտնիքի սրբազան, ծիսական իմաստը: Ընդհանրապես ծիսականի հասկացությունն այլեւս գոյություն չունի եւ հիմա, եւ ամբողջ 20-րդ դարում ընդհանրապես: Խիստ է ասված` կորել է. ավելի ճիշտ` այն դուրս է մնացել մարդկության մեծ մասի տեսադաշտից: Սրբազան, ծիսական իմաստը թաքնված է: Այն կրկին ցանկանում է իր տեղը վերագտնել կենցաղում եւ մարդկանց գիտակցության մեջ, եւ դրան շատ մեծ օգնություն են սկսել ցուցաբերել ինչպես կինեմատոգրաֆիստները, այնպես էլ ի հայտ եկած պայծառատեսներն ու կախարդները, մոգերն ու տարբեր տեսակի բուժողները: Սակայն իրական սրբազան իմաստը թաքնվել է: Մենք իրավունք ունենք հարց տալու՝ իրո՞ք այն եղել է հայ իրականության մեջ, եւ ե՞րբ է այն գոյություն ունեցել մեր կոլեկտիվ գիտակցության մեջ: Անկասկած եղել է: Հայ ազգի վաղ քրիստոնեական կյանքում այն եղել է կարեւորագույնը, քանի որ առանց իռացիոնալ մտածողության դժվար է մտնել կրոնի մեջ, որպես իրականության: Հենց այդ պատճառով են հավատացյալները որպես խորհրդանիշ առաջ քաշել գլխավոր քրիստոնեական նշանը: Ինչ-որ տեղ ենթագիտակցության կամ նույնիսկ անգիտակցականի ոլորտում խորհրդանիշն աղերսներ ունի գեղարվեստական մտածողության հետ, եւ ծնվում է ծիսական իմաստը, հայացքը, ձեւը: Ըստ ամենայնի` նոր կրոնը ազգի հոգեկան էներգիային նոր իմպուլս տվեց: Այդ էներգիան իր համար տարածքներ էր գտնում նաեւ վիզուալ փնտրտուքի մեջ՝ քրիստոնեական ինքնամփոփության կերպարը ստեղծելու կամ հավերժական կյանքի հետ կապ ունենալու ուղղությամբ: Խաչն ու քարը հենց բնության մեջ գտան հանգստություն ու ներդաշնակություն, մարտահրավեր ու ինքնամփոփություն, ուժ եւ սեր, հավերժություն ու ակնթարթ… Եվ ժամանակը կանգ առավ: Խաչքարը Հայաստանի բնության մեջ ձեռք բերեց իր տեղը, քանի որ համր քարերի` գրանիտի կամ բազալտի ամրությանն ու դիմացկունությանը կամաց-կամաց փոխարինեց գունագեղ հրաշալի տուֆը, որի գունային սպեկտրը շատ լայն է, իսկ բնական որակները բազում առավելություններ ունեն: Գրանիտի կամ բազալտի ամրությունն ու դիմացկունությունը խաչքարի ստեղծման սկզբում փոխարինվեցին տուֆի մեղմ համառությամբ ու համբերատարությամբ, եւ հենց դա է անվտանգության մեր գիտակցումը, երբ մենք արդեն չէինք վախենում, որ քրիստոնեությունը կարող է վտանգվել: Նույն բանը կատարվեց նաեւ ճարտարապետության հետ, երբ առաջին եկեղեցիների զարմանալի պարզությանն ու արտահայտչականությանը փոխարինելու եկան ավելի զարդարուն տաճարները: Խոշոր հաշվով` կրոնի, բնության ու մարդու միաձուլումը տեղի ունեցավ հենց խաչքարի հայտնվելով (ամենայն հավանականությամբ` 8-րդ դարի վերջերին-9-րդի սկզբներին), քանզի թեեւ եկեղեցիների բազիլիկները դեռ շարունակում էին շինարարության հեթանոսական ավանդույթները, բայց արդեն երեւան էր գալիս հանրահայտ հայկական ոճը: Ստրիժիգովսկին ճիշտ է մի բանում, եւ նրա հետ համամիտ է նաեւ Վ.Լազարեւը, որ հայկական ոճը միասնական ու միանգամայն յուրահատուկ ճարտարապետական լեզու է: Ես կասեի` մաքուր, պարզ եւ բարձր, ինչպես մարգարեի խոսքը: Հենց այդ պայմաններում է ձեւավորվել խաչքարի լեզուն, իբրեւ նշան: Այդպես խաչքարը դառնում էր նոր համազգային խորհրդանիշ: Չէ՞ որ մագաղաթներն ու վանական կյանքի մյուս ատրիբուտները ընտրյալների համար էին: Իսկ խաչքարը, լինի դա ճանապարհի եզրին, դաշտում կամ գյուղի մոտ, համընդհանուր ապաստան էր հավատացյալ հոգիների համար: Հայաստանում քրիստոնեության առաջին հարյուրամյակների եկեղեցիները ստեղծեցին Աստված-մարդ-բնություն համակարգի այն անկրկնելի, ներդաշնակ կերպարը, որ հատուկ է եւ առաջին խաչքարերին: Այս ամենը խոսում է այն մասին, որ ժողովրդի գեղարվեստական ընկալումն ընթանում էր միասնական ձեւով, որտեղ արվեստի յուրաքանչյուր ուղղություն, ունենալով իր առանձնահատուկ կողմերը, մի բանում միասնական էր` պլաստիկայի զարմանալի զգացողություն, որտեղ առավելագույն ազատություն էր ընձեռված համեստությանն ու բարձր հավատքին: Այդ եկեղեցիների արխիտեկտոնիկան իդեալական է, պլաստիկան իր մեջ ներառել է հավատացյալի ողջ ուժն ու խոնարհությունը. ոչ մի ավելորդ բան: Ամեն ինչ ենթակա է ոգուն, համեստությունը, որպես ստեղծագործողի ամենամեծ առաքինություն: Անանուն վարպետները կանգնած էին ներդաշնակության որոնման ճանապարհի սկզբում: Այդպես է եղել խաչքարի հետ:
3.Ի՞նչ ենք տեսնում այժմ: Այսօր մնացել են նշանի միայն ձեւական, ֆորմալ կողմերը: Մեզ ժառանգություն է հասել (դարավոր ստրկությունից ու վերջին տասնամյակների աթեիզմից հետո) խաչքարի միայն գեղարվեստական գնահատականը կամ արժեքը: Սակայն մեզ այսօր ամենաշատը պակասում է իսկական, ոչ թե ձեւական հավատքը, այդ թվում` եւ նշանների իմաստի նկատմամբ, քանզի խաչքարի դեկորատիվ ձեւերը մեզ հետաքրքրում են զուտ գեղարվեստի տեսանկյունից: Որքան էլ տխուր է, խաչքարն այսօր ընդամենը ուտիլիտար գեղարվեստական ստեղծագործություն է` աշխարհիկ բնույթով: Ու մեզ պակասում է նրա մեջ բարձր կրոնական ոգին (եւ դա տեւում է արդեն 2 հարյուրամյակ), որն իր տեղը զիջել է լոկ արտաքին նշաններին` գեղարվեստական ճաշակին, ոճական առանձնահատկություններին, քարտաշների վարպետությանը, իսկ խորհրդային ժամանակներում` 60-ականների վերջերից, պրոֆեսիոնալ քանդակագործներին:
Խաչքարի ծիսական նշանակությունը կորել է իր գոյատեւման ճանապարհին` X-XI դդ.-ում վերափոխվելով կրոնական հաստատուն ուղղության: 13-րդ, ապա եւ 15-րդ դարերում (դիմադրություն բյուզանդացիներին, թաթար-մոնղոլներին) կրկին զգացվում է կրոնական ալիքի բարձրացում, օրինակ` Գեղարդի կամ Լոռվա խաչքարերը, սակայն ավելի ուշ ոգեղենը կրկին կորցնում է իր բարձունքները: Միաժամանակ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե ինչպես վաղ շրջանի խաչքարը հետագայում կորցնում է քարե միասնական մարմինը, որտեղ ներդաշնակորեն արտահայտված են խաչը, հասարակ, երբեմն պարզունակ նախշերը: Քարի ձեւն ու խաչը մի ամբողջություն էին կազմում, իսկ հետագայում խաչքարը կամաց-կամաց ծածկվում է դեկորատիվ նախշազարդերով: Այդ նախշազարդերը գնալով ավելի են զարգանում, ձեռք են բերում տարբեր ոճական առանձնահատկություններ վարպետների եւ պատմական Հայաստանի տարբեր շրջանների համար: Այնպես որ, կարելի է խոսել խաչքար ստեղծելու պրոֆեսիոնալիզմի մասին, որտեղ առկա են իմաստավորված կոմպոզիցիան եւ բարդ, լակոնիկ նախշազարդերն ու ֆիգուրները: Հրաշալի զարդանախշերի գեղեցկությունը ավերում էր վաղ խաչքարերի ներքին հզորությունը, ուժը` դառնալով այդ դեկորատիվ ժանրի զարգացման կարեւոր գործոն: Այժմ ոճական լուծումները բովանդակային կողմից ավելի կարեւոր են դառնում, հատկապես աղավաղվել է կրոնական ոգին, որը պատմության որոշակի ժամանակահատվածներում համընկնում էր դրա հետ, իսկ երբեմն էլ` իրենով փոխարինում էր այդ ոգին:
4.Մենք գործ ունենք զարմանալի ֆենոմենի հետ, երբ կրոնական-պաշտամունքային գեղարվեստական ստեղծագործությունը կարդիոգրամայի նման լիարժեք արտացոլում է դեպի քրիստոնեություն տանող մեր ուղին: Դա նշանակում է, որ մենք կարող ենք խաչքարի զարգացման կենսագրության միջոցով տեսնել քրիստոնեության մեր ըմբռնումը մեր պատմության, ազգի կենսագրության տարբեր փուլերում: Այստեղ պարզորոշ կերեւան մեր անկումները ոչ միայն նյութական առումով (մասնավորապես` տնտեսության բնագավառում), այլ նաեւ, որ չափազանց կարեւոր է, հավատի առումով: մենք կորցնում էինք հավատը ոչ թե կրոնապաշտության, այլ արվեստի գործերի մեջ այդ կրոնապաշտության արտացոլման տեսանկյունից: Կրոնականության ուժը աստիճանաբար վերափոխվում էր անձնականի, իսկ անձնականն իր ինքնարտահայտումն էր գտնում կենցաղում, որտեղ անպաշտպան ազգային կյանքը բախվում էր ուրիշ ազգերի ու կրոնների ներկայացուցիչների հետ: Կրոնական զգացմունքների ողջ ակտուալությունն ու անպաշտպանությունն արտահայտվում էր ոչ թե խաչքարի կամ մանրանկարչության, այլ ժամանակի տվյալ հատվածում հայ ժողովրդին ստրկացրած կոնկրետ պետության ներսում որոշակի հակամարտության մեջ: Արդեն 17-18-րդ դարերում խաչքարը դառնում է մի կողմից` աշխարհիկ կյանքի, ունեւոր լինելու ատրիբուտներից մեկը, մյուս կողմից` քրիստոնեությանը պատկանելու խորհրդանիշ: Չէ՞ որ պետական համակարգի շատ ինստիտուտների կորստից հետո գյուղում թե քաղաքում կարեւոր տեղ է գրավում եկեղեցին, եւ գերեզմանները հայ ազգին պատկանելու խորհրդանիշ էին, կարեւոր ավանդույթների շարունակություն: Դա լավ երեւում է պահպանված շատ խաչքարերից, այդ թվում եւ` Ջուղայի ու Նորադուզի: Չնայած խաչքարերը, որպես սոցիալական վիճակի արտահայտողներ, առաջ նույնպես գոյություն ունեին, օրինակ` Նորավանքի կան Գեղարդի խաչքարերը, բայց իբրեւ մասսայական երեւույթ հայտնվում են հենց այդ դարերում:
5.Մեր պատմության մեջ եղել են նշանավոր խաչքարեր (Սիրուն խաչքար), եղել են եւ այնպիսիները, որ մարտնչում էին ու շարունակում են մարտնչել զինվորների պես (օրինակ` բոլորովին վերջերս ոչնչացված Ջուղայի կամ ավերումից փրկված ղարաբաղյան խաչքարերը), եղել են եւ այնպիսիները, որոնք ապրել են իմաստունների պես (Հաղպատի կամ Սյունիքի խաչքարերը): Եվ դրանք բոլորն էլ մեր կյանքում ավանդույթի բարձր դերի գիտակցման լույս են ճառագում: Քանզի դժվար է մտածելն անգամ, թե էլ որտեղ ենք մենք այդքան հետեւողականորեն պաշտպանում հիշողության շահերը եւ այդքան խորը գիտակցում ցեղի կյանքի հետեւողականությունը, եթե ոչ խաչքարի մեջ:
6.Պարադոքսալ է խաչքարի ճակատագիրը` իբրեւ ուսումնասիրության նյութ: Ռուս հետազոտող Ա.Յակոբսոնը քչերից մեկն է, ով փորձել է գոնե ինչ-որ չափով իմաստավորել, հասկանալ գեղարվեստական այդ երեւույթի էությունը, բոլորովին չի խոսում խաչքարի ամենակարեւոր բաղադրիչի` բովանդակության` թաքնված ծիսական-կրոնական հիմքի մասին: Թեեւ դա զարմանալի չէ, այդպիսի մոտեցման համար բավականին պատճառներ կային. Յակոբսոնն ու նրան հետեւած մյուս հետազոտողները խաչքարի թեմայով զբաղվում էին աթեիզմի տիրապետության ժամանակաշրջանում: Սակայն նկարագրական բնույթն այդ գիտական աշխատանքի հիմնական թերությունն է: Միաժամանակ դա նրա առավելությունն է, քանզի այս տասնամյակների ընթացքում (աշխատանքը գրված է 20-րդ դարի 30-ական թվականներին` ագրեսիվ աթեիզմի շրջանում) շատ խաչքարեր անհետ կորել են, ոչնչացվել, կամ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում, իսկ այստեղ նրանք շարունակում են ապրել: Որոշ հետաքրքիր մտքեր, ուսումնասիրություններ ունեն կանադացի քանդակագործ Ա.Չաքմաքչյանն ու ֆրանսիացի արվեստաբան Ս. Տեր-Ներսիսյանը: Դրանք հիմնականում վերաբերում են խաչքարի գեղարվեստական առանձնահատկություններին, նրա դեկորատիվ-կիրառական բնութագրումներին, մասնավորապես` կոմպոզիցիային, ոճին, դեկորատիվ տարրերին:
7.Վերջերս երկար զրուցում էինք նկարիչ Էդուարդ Խարազյանի հետ: Նա առաջ է քաշում այն միտքը, թե խաչքարերը քրիստոնեության առաջին պաշտամունքային նշաններն են եղել, որոնց երկրպագում էին հայերը 301թ. քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո: Խարազյանի վարկածով` խաչքարերը եղել են առաջին քրիստոնեական տաճարների կառուցումից առաջ: Ես այլ տեսակետ ունեմ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաչքարի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 8-րդ դարին: Ես հնարավոր եմ համարում, որ խաչքարի նման ինչ-որ բան կարող էր գոյություն ունենալ քրիստոնեության ընդունման առաջին դարերում, բայց դրանք դուրս են մնացել տարեգիրների ուշադրության կենտրոնից: Այստեղից էլ գալիս է դրանց մասին հիշատակության բացակայությունն այդ ժամանակներում: Չնայած տարեգիրների մեծ մասը, որպես կանոն, քրիստոնյա վանականներ էին: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակների տարեգրությունը չի պահպանվել, իսկ ձեռագրերը կորել են: Սակայն դժվար է պատկերացնել, որ արքան, քրիստոնեություն ընդունելու մասին հրաման արձակելով, ոչ մի քայլ չի ձեռնարկել եկեղեցիներ, տաճարներ կառուցելու ուղղությամբ: Օրինակ` Էջմիածնի Մայր տաճարը (կառուցվել է, ավելի ճիշտ` վերակառուցվել է հեթանոսական տաճարի տեղում` 301թ.), նաեւ մի շարք այլ կառույցներ Հայաստանի տարբեր ծայրերում ապացուցում են, որ այդպիսի քայլեր ձեռնարկվել են: Առավել եւս, որ հայերը քրիստոնեություն ընդունում էին ոչ այն պատճառով, որ երկրում շատ էին այդ կրոնի հետեւորդները, այլ` որովհետեւ պետությունը քայքայվում էր, եւ անհրաժեշտ էր այսպես ասած «հենարան»: Եվ Տրդատ արքան որոշեց, որ այդ հենարանը կարող է դառնալ միասնական կրոնը: Այն կարող էր միավորել ազգին ու ամրապնդել պետականությունը: Այսպիսով, Հայաստանում մինչեւ քրիստոնեության ընդունումը գոյություն չեն ունեցել քրիստոնեական աղոթատեղիներ, տաճարներ, եւն, մի բան, որ հատուկ էր, ասենք, Հռոմին կամ Սիրիային: Այստեղից էլ հայերի հանդուրժողական վերաբերմունքը տարբեր կրոնների նկատմամբ, որ պահպանվում է եւ մեր օրերում:
8.Հասկանալի է, որ Հայաստանում քրիստոնեությունը միանգամից չի արմատավորվել, օրինակ` 451թ. Ավարայրի ճակատամարտում մարտիկների կեսից ավելին քրիստոնյա չէին: Սակայն արմատավորվելով` քրիստոնեությունն ազգին տվեց սեփական դեմք, ինչ չէր տվել հեթանոսությունը, իսկ ազգի կենսագրությանը` պատմություն: Քրիստոնեությունը հայ ժողովրդի հոգուն լուսավորություն բերեց, գթասրտության ցավ ու որոնման ուրախություն, աչքի տարածությանը` միտք ու ինտելեկտ, իսկ ուղուն` մայրցամաքներ եւ աստղեր… Միաժամանակ քրիստոնեությունն անգամ սկզբնական փուլում չկարողացավ հայերից խլել հեթանոսական կենսախնդությունը` նրանց հոգիներում սերմանելով նոր իմաստնություն, ճշմարտության նոր որոնում: Եվ երբ այդ ամենը սկսեց աշխատել ի օգուտ երկրի ու մարդու, այդ ժամանակ էլ ի հայտ եկան խաչքարերը` քրիստոնեական հավատարմության հաստատուն փարոսները, հավատքի, հիշողության եւ կենցաղի այդ ատրիբուտները, ճանապարհների ու իրադարձությունների ուղենիշները: Հենց այդ ժամանակահատվածում են կրոնական հարաբերությունները երկրում դառնում ոչ միայն վստահելի, ուժեղ, այլ նաեւ` ծիսական, գաղտնախորհուրդ, իսկ զգացումները` լի մեդիտացիայով: Քրիստոնեական ուսմունքի նկատմամբ լիակատար հավատը հենց այն զգացումն է, որ դարձավ գլխավորն առաջին խաչքարերի հայտնվելու համար:
9.Եվ, այնուամենայնիվ, դարեր անց մենք տեսնում ենք քրիստոնեության նկատմամբ սիրո էվոլյուցիան, ժողովրդի մեջ նրա ձեւական ներկայությունը: Այդ թուլացումը սկսվում է լուսավորության դարաշրջանում` 18-րդ դարից հետո` եւ 19-ի վերջերին այն սկսում է հոգեվարք ապրել, քանի որ սկսվում է հայերի ցեղասպանության արյունոտ շրջանը Օսմանյան Կայսրությունում եւ բոլշեւիզմի` ռազմատենչ աթեիզմի դարաշրջանը Խորհրդային Հայաստանում: Խաչքարը սկսեց ընկալվել որպես աշխարհիկ մշակույթի մի մաս, որտեղ խաչն ու զարդանախշը կրոնական պաշտամունքի ձեւական ատրիբուտներն են, իսկ դրանց գեղարվեստական համամասնությունը կարող է որոշվել մշակութային ավանդույթներով, խաչքարի դինամիկայով: Ուրեմն ի՞նչ է խաչքարը: Այսօր խաչքարն ընդամենը գեղարվեստական ստեղծագործություն է, որ դուրս է եկել եկեղեցու ծոցից եւ արտացոլում է մեր աշխարհիկ մշակույթի, երբեմն էլ` ինքնագիտակցության ինչ-որ մաս: Թե ինչպիսին կլինի խաչքարի հետագա դերը մեր կյանքում, ցույց կտա ժամանակը: Բայց որ այն չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր է, միանշանակ է: