Սեփական երկրում՝ վարձով

05/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այն, որ ինչ-որ բան անել հարկավոր է, միանշանակ է: Թեթեւ, երգերով, պարերով ու կալամբուրներով համեմված Կամերայինի բեմադրությունների կողքին պարբերաբար հայտնվում են բավականին սուր ու շատ ժամանակակից ներկայացումներ: Այդպիսին էր տարիներ առաջ բեմադրված «Հայքը», որը մեր կյանքի խառնաշփոթում ստիպեց նկատել նաեւ ազգային հպարտությունն ու հանկարծակի անկախ դարձած երազանքները: Այդպիսին է նաեւ նոր «Ի զենը», որտեղ բոլորը դեռ շարունակում են երազել: Սակայն այդ երազանքների որակն արդեն այլ է: «Ի զենի» հերոսները մտածում են, որ լավ կլինի մի քանի պարկ ավելի տուն տանել` չփորձելով նույնիսկ ստուգել պարկերի պարունակությունը, երազում են ուժեղ ու «մեծ ախպոր» նման հարեւան ունենալ, ուզում են հեռանալ Հայրենիքից, բայց կամուրջները չայրելու համար` երկիրը ժամանակավոր տերերին թողնել: Ու սպասում են, որ բոլոր դժվարությունները մի կերպ կանցնեն-կգնան: «Ի զենը» մռայլ ներկայացում է, մռայլ ու գորշ են եւ դերասանների զգեստները, եւ բեմի ձեւավորումը: Սակայն մեզ շատ հասկանալի են մեր օրերի հայերի կերպարները՝ մի քիչ շատախոս, մի քիչ դատարկախոս, մի քիչ վախկոտ ու քծնող, բայց շատ խոցելի ու բարի: Մի խոսքով, հանդուրժող ու հանդուրժողականության հետ հաշտված: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը:

Հանդիսատեսը պետք է նույնացնի իրեն կերպարների հետ. դա Կամերային թատրոնի սկզբունքն է: Նույնացման էֆեկտը ստեղծելու համար բեմադրիչ Արա Երնջակյանն «Ի զենի» հերոսներին անուններ չի տվել, բոլոր դերասաններն իրենց անվան տակ են բեմում ապրում: Միամիտ ձեւացող, խորամանկ Մանուկը, բթամիտ ու իշխանատենչ Անդրանիկը, արտահայտիչ տեքստերով ու պահվածքով Աստղիկը, սեքսուալ Լուիզան, ծանրակշիռ Գրիշան, սեթեւեթ Գոգան. բոլորը մեր օրերի հայերն են, ովքեր փորձում են հիշել մեր վեհ անցյալը, «Հայքից» եկող «Բերդ» պարն են ուզում պարել: Եվ երբ ամուր ու ճիշտ բերդը չի ստացվում, համակերպվում են ու բերդի փոխարեն Ուգանդայի ազգային պարն են պարում: Իսկ ինչո՞ւ` ոչ: Գուցե իսկապես մեր միակ երազանքը երրորդ երկրների շարքում ամրապնդվելն է: Եվ «ծիրանը, ծիծակն ու մոլիբդենը» վաճառելուց եւ ռուս զինվորականի անհեթեթ հրամանները խոհեմ կատարելուց հետո, կգա մի օր, երբ մենք մեր իսկ երկրում վարձով կապրենք եւ առանց ռեգիստրացիայի ոչ միայն փողոց դուրս գալ չենք համարձակվի, այլեւ` շնչել: Իհարկե, մենք մերոնց մեջ էլ, ինչպես «Ի զենի» հերոսներից մեկն է համառորեն պնդում, հպարտանում ենք, որ Մարսի վրա, Էվերեստի գագաթին կամ օվկիանոսի հատակում էլ «խաշ կդնենք ու տոլմա կփաթաթենք», սակայն դրանով իսկ սահմանափակվում ենք, քանի որ ավելիին հավակնել այլեւս չի ստացվում: Մանրացել ենք, «թզուկների երկիր» դարձել, հեղինակություն ու տեր ենք որոնում, կարճ ասած` ինքներս մեր ձեռքը կրակն ենք ընկել:

Ներկայացման ընթացքում Լուիզան մոտ քսան անգամ հարց է տալիս Գոգային` բա դուք Վարդան Մամիկոնյանը (Այվազովսկին, Մաշտոցը, Թումանյանը) չե՞ք: «Ոչ, ես պարզապես, Գոգան եմ» պատասխանը նրան չի բավարարում, նրան հեղինակություն ու հնչեղ անուն է պետք: Պարզապես Գոգայով հիանալն այսօր անիմաստ է: Դադարել ենք մեր կողքիններին հարգել եւ ինքներս մեզնով հպարտանալ, հաճոյախոսում ենք հզորներին, իսկ հզորները մեզ «Fuck you» են ասում: Կամ ստիպում են չմոռանալ փոքր երկրի ու ազգի բարդույթի մասին: «Ի զենում» ռուս զինվորական հրամանատարի, Ամերիկայի ու ՄԱԿ-ի առաջնորդների դերը կատարում է խարակտերային դերասան Սերգեյ Դանիելյանը: Եվ կատարում է շատ լավ, բազմաթիվ ծիծաղահարույց դիմակների տակ երեւում է մեծի ու ուժեղի ամենաթողությունը, որին հարմարվելը մեզ համար ավելի հեշտ է, քան դրա դեմ ընդվզելը:

«Ի զենը» նման երզրահանգումներ անելու հնարավորություն տալիս է, սակայն նաեւ զվարճացնում է, վաղուց արդեն հասկանալի է, որ առանց ծիծաղի ոչ մի լուրջ խոսք չի մարսվում: Նույն այդ մոտեցմամբ է ստեղծում իր հեղինակային ներկայացումները դերասան Վարդան Պետրոսյանը, ում բոլորովին չի ոգեւորում հայերի մտածելակերպը: Եվ նույն այդ սկզբունքով է փորձում բեմադրիչ Արա Երնջակյանը հայերին ի զեն կոչել: Բայց, թե որքանով է զենք վերցնելը մեզ սթափեցնելու ու մեր սեփական արժանապատվությունը վերականգնելու՝ վիճելի է: Գուցե այդ կոչը հրատապ դառնա ռուսների` ռեգիստրացիա մտցնելու որոշումից հետո միայն: Ըստ ներկայացման` այդ որոշումը սարերի ետեւում չէ: Իսկ Երնջակյանը, բացի ի զեն կոչելուց, այլ ելք չի տեսնում: Այժմ Հայաստանը ոչ ելք, ոչ մուտք, ոչ էլ ելումուտ ունի: Նույնիսկ վերջնականապես չենք պարզել` ուզում ենք գնա՞լ Հայաստանից, թե՞ մնալ: Չենք էլ պարզի, քանի որ որքան հայ, այնքան էլ կարծիք կա: «Ե՞րբ են տասը միլիոն հայերի սրտերը միասին բաբախելու» հարցին միայն մեկ պատասխան կա` երբեք: Սակայն մեր արժանապատվությունը դրանից չպիտի տուժի, իսկ մեր Հայրենիքը ճահճի վերածվի: Եվ ոչ ոք չի կարող Հայաստանի համար ավելի լավ տեր լինել: Երնջակյանը համոզված է` ավելի լավ է, մենք ինքներս մեզ ի զեն կոչենք, քանի որ շուտով դա կանեն ուրիշները: