Ալան Հովհաննեսը սպասում է բացահայտման

05/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեծ համբավ ունեցող կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը (Չաքմաչյան) այնքան էլ ճանաչված չէ Հայաստանում: Նրա հարուստ երաժշտական ժառանգությունը՝ երաժշտական մշակումները, սիմֆոնիաները, երգերը, խմբերգերը, բալետները դեռ իրենց բացահայտմանն են սպասում:

Հայազգի կոմպոզիտորը շատ ուշ է վերադարձել իր արմատներին եւ հետաքրքրվել հայ երաժշտությամբ: Նա չի խոսել հայերեն եւ քիչ է շփվել հայերի հետ: Ալան Հովհաննեսի շոտլանդուհի մայրը դեմ է եղել դրան: Երեւանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, ով անձամբ հանդիպել է Հովհաննեսին, հիշում է. «Նա կարծես աշխարհիկ կյանքից կտրված մարդ էր, ամբողջովին երաժշտությամբ էր ապրում»: Ալան Հովհաննեսի բազմաշերտ երաժշտությունը պրոպագանդելու համար Կամերային նվագախումբը կոմպոզիտորի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ է կազմակերպելու եւ կատարելու է նրա «Լուսածագ» ստեղծագործությունը:

Ալան Հովհաննեսը փորձել է երաժշտական կամուրջներ կառուցել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, Արեւելքի իմաստուն փիլիսոփայությունը եւ էկզոտիկ երաժշտական տարրերը ներմուծել է երաժշտության մեջ` ավելի գունեղ դարձնելով Արեւմուտքի մտածողությունը: Սուզվելով տարբեր մշակույթների մեջ եւ ուսումնասիրելով դրանք, նա մեծն Կոմիտասի նման հավաքել եւ մշակել է ճապոնական, հնդկական, կորեական, չինական ազգային մեղեդիները եւ այդ երկրներում մեծ ճանաչում ձեռք բերել: Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթանալը Հովհաննեսի համար շրջադարձային եղավ: «Կոմիտաս լսելուց հետո Հովհաննեսը որոշեց ոչնչացնել մինչ այդ գրված իր բոլոր գործերը, այդ պատճառով Հովհաննեսի վաղ շրջանի երկերը մեզ չեն հասել»,- ասում է Ալան Հովհաննեսի միջազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսան Զաքյանը: Այդ ժամանակ Կոմիտասը դեռ ողջ էր, գտնվում էր Փարիզի հոգեբուժարանում, սակայն չէր հիշում, թե ինքը ով է: Ալան Հովհաննեսը հիացել է Կոմիտասի պարզ մեղեդիներով եւ համարել է, որ երաժշտությունը ազգությունից ու ժամանակից վեր է: Նա մեկ անգամ է այցելել Հայաստան, 1965 թվականին: Սակայն իր պապերի Հայրենիքից տհաճ տպավորություններով է հեռացել, ասելով` «Սովետական Հայաստանում Աստված սատանա է դարձել, իսկ Լենինն` Աստված»: Հայաստան այցելելու հետագա հրավերները նա մերժել է: Սակայն իր հարցազրույցներում հաճախ է ասել, որ հիացել է հայկական բնությամբ ու լեռներով: «Լեռներում այնքան երաժշտություն կա: Նրանց լռությունն էլ է երաժշտություն: Ես զգում եմ, որ յուրաքանչյուր լեռ իր ոգին ունի»,- ասել է նա: Ալան Հովհաննեսը զարմացած է մնացել հայկական որակյալ նվագախմբերի քանակով եւ ցանկացել է, որ ազգայինն ավելի լայն ու գեղեցիկ ներկայացվի, քանի որ 60-ականների տոտալիտար համակարգը խեղդում էր ազգայինը: Ալան Հովհաննեսի բազում ստեղծագործությունների հիմքը հայկական մշակույթն է եղել: Նույնիսկ Ճապոնիայում նրան «հայ» են կոչել: Ժամանակակիցը միշտ ամուր հիմքերի վրա է կառուցվում: Իսկ Ալան Հովհաննեսը շատ ժամանակակից ու թարմ կոմպոզիտոր է: Դա կարելի է զգալ նույնիսկ կարդալով նրա ստեղծագործությունների անվանումները. «Մազերդ` նման ռեհանի», «Հայկական ռապսոդիա», «Արարել հաճելի աղմուկ», «Մակեդոնիայի սարերի պարը», «Լուսինը դեմք ունի», «Կետերի սիմֆոնիա»…

Ալան Հովհաննեսի կենտրոնը շուտով թանգարան կունենա, ուր կամբողջանան կոմպոզիտորի ձայնագրությունները, նոթագրություններն ու արխիվը: