Կազմված է «Օսկարի» հավակնորդների մեջ ամենաշատ հայհոյանքներ պարունակող ֆիլմերի ցուցակը:
Էկրանից հնչող հայհոյանքների թվով ռեկորդակիր է Օլիվեր Սթոունի “Platoon” ֆիլմը` 329 բառ: Երկրորդ տեղում Մայքլ Չիմինոյի “The Deep Hunter” ֆիլմն է` 208 հայհոյական բառով:
«Բախում» (“Crash”) ֆիլմում, որն այս տարի հավակնում էր 6 «Օսկարի», 182 հայհոյական բառ է հնչում: Կրկնակի պակաս է դրանց թիվը «Սապատավոր լեռը» մելոդրամայում` 92 հայհոյանք: Իսկ գրող Թրումեն Կապոտեի մասին պատմող համանուն “Capote” ֆիլմում դրանք ընդամենը 5-ն են:
Family Media Guide գործակալությունը վերլուծության է ենթարկել «Օսկարի» հավակնորդ 5 ֆիլմեր եւ պարզել, որ ընդհանուր առմամբ 2004թ. համեմատությամբ 2005-ին էկրանից ավելի քիչ են հայհոյել, բայց ավելի շատ են ծխել: Ծխողների թվով ռեկորդակիր է ճանաչվել Ջորջ Կլունիի «Բարի գիշեր եւ հաջողություն» ֆիլմը: Քիչ են ծխում, քիչ են հայհոյում եւ համարյա չեն խոսում սեքսի մասին Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն» ֆիլմում: Իսկ ամենաշատը սեքսից խոսում են «Սապատավոր լեռը» ֆիլմում: