Փարիզյան «Շատլե» թատրոնում տեղի է ունեցել Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի կողմից շնորհվող «Սեզար» ամենամյա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ժակ Օդյարի «Իմ սիրտը դադարեց բախել» ժապավենը: Վերջինս պատմում է անշարժ գույքի առեւտրով զբաղվող երիտասարդի մասին, որը որոշում է դաշնակահար դառնալ: Այս ֆիլմը «Սեզարի» էր հավակնում 10 անվանակարգերում: Տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ է հռչակվել Քլինթ Իսթվուդի՝ անցյալ տարի «Օսկարի» արժանացած «Միլիոն դոլարանոց աղջիկը»: Պատվավոր «Սեզարների» են արժանացել դերասաններ Պիեռ Ռիշարը եւ Հյու Գրանտը: