Գրող Յուլյա Շիլովայի գրքի հիման վրա նկարահանվող ռուսական «Թուրքական սեր» ֆիլմն արդեն դարձել է միջազգային կոնֆլիկտի օբյեկտ: Նկարահանող խմբին կարող են չթույլատրել Թուրքիայի տարածքում աշխատել: Օրեր առաջ Թուրքիայի տուրիստական բիզնեսի ներդրողների ընկերությունը պահանջել է իրենց երկրում Շիլովային «պերսոնա նոն-գրատա» հայտարարել: Բանն այն է, որ «Թուրքական սեր կամ Արեւելքի տաք գիշերները» վեպը պատմում է անթալիական հանգստավայրերում ռուս կնոջ արկածների մասին, որի կյանքը եւ առողջությունը վտանգի են ենթարկվում: Թուրքերը Շիլովային մեղադրում են իրենց կուրորտները վատաբանելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն ամեն ինչ անում է ռուսական ֆիլմի նկարահանումներին խանգարելու համար: Ի դեպ, ֆիլմի գլխավոր հերոսի դերում 1 մլն դոլարով համաձայնել է նկարահանվել թուրք երգիչ Տարկանը, որն իր հայրենակիցների կողմից ճանաչվել է ազգի դավաճան: