Ի՞նչն է հուզում երիտասարդներին

05/03/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նորաստեղծ ակումբն իր առաջին առաքելություններից մեկը համարում է քաղաքական դաշտի ակտիվացումը եւ քաղաքական մշակույթի ձեւավորումը: «Մենք զգում ենք, որ քաղաքական մշակույթը բացակայում է: Մենք չունենք քաղաքական դպրոց, որտեղ կարող են երիտասարդ գործիչներ մկրտվել»,- ասաց ակումբի ղեկավարը, ով պատրաստվում է քաղաքական դասընթացներ կազմակերպել եւ տարբեր կուսակցությունների երիտասարդ թեւերի անդամների, նաեւ անկուսակցական երիտասարդների համախմբել: «Շատ երիտասարդներ այսօր չգիտեն` ա՞ջ են, թե՞ ձախ, հանրապետակա՞ն են, թե՞ պահպանողական»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրանց կողմնորոշելու եւ մկրտելու նպատակով ակումբը պատրաստ է նոր անդամներ ընդգրկել իր շարքերում: «Սակայն, երբ զգում ենք, որ երիտասարդությունը ոչ թե գործոն, այլ` գործիք է դառնում, մերժում ենք մեզ անդամակցելու թեկնածուներին»,- վստահ փաստեց Ա. Վարդանյանը:

Եվ ի ապացույց այն բանի, որ երիտասարդները չպիտի լինեն «քաղաքական գործիք եւ խաղալիք», երեկ ներկայացրեց երիտասարդների խոսք-բողոքը ընդդեմ հեռուստաեթերի: Ակումբի անդամները մի քանի անգամ նշեցին, որ իրենց այդ նախաձեռնությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի եւ միայն արտահայտում է իրենց մտահոգությունը: Դժգոհության առիթն այլասերված եթերն էր, մի դաշտ, որն անընդհատ քարկոծվում ու մեղադրվում է ոչ ազգային հաղորդումներ եւ գովազդներ հեռարձակելու մեջ: Այդ ոլորտին գրեթե բոլորն են անդրադառնում, ոչ ոք հեռուսատեսությունից գոհ չէ: Եթերից միայն ծույլը չի բողոքում: Ակումբի երիտասարդ անդամներից մեկը նկատեց. «Հաղորդումները մեր վզին են փաթաթում` համոզելով, որ դրանք են մեզ պետք»: Երիտասարդ քաղաքական գործիչները` մտահոգվելով հեռուսատաեթերի որակով, որոշել էին «ոսկե աղբամաններ» հանձնել ամենագռեհիկ հողորդումներին ու գովազդային հոլովակներին: Ըստ նրանց` թվով երեք «աղբամանների» են արժանի «Արմենիա» հեռուստաընկերության «Էքսկլյուզիվ» հաղորդումը, որտեղ կանացի զգեստ հագած տղա է երեւացել, «Դար 21» հեռուստաընկերության «Ժամանց» ծրագիրը եւ «Ջաֆֆա» հյութերի գովազդը: Թեեւ, եթե նրանք ավելի խորը պեղեին, կարող էին այդ մրցանակների ու անվանակարգերի քանակը շատ ավելի մեծացնել: Ի դեպ, հրավիրվել էր նաեւ սիրված դերասան Սոս Սարգսյանը, ով իր խոսքն ուղղեց երիտասարդների լայն զանգվածներին, ոչ թե միայն քաղաքականությամբ զբաղվել ցանկացողներին. «Ժամանակն է էջը շուռ տալ եւ նոր էջից սկսել: Ես տեսնում եմ, որ այսօրվա երիտասարդները հազվադեպ են սեփական երկրի, ժողովրդի ու ապագայի համար իրենց պատասխանատու զգում: Շատերը պարզապես տգետ ու անհոգ են»: Սոս Սարգսյանը հոմոսեքսուալիզմը «թույն, թարախ ու վարակ» է համարում, որը լցնում է մեր փոքրիկ երկիրը: «Սեռը փոխելը սատանայի գործ է»,- ասաց նա եւ պատմեց, որ երբ հայրը նկատեց իր հավերի շարքերում «ծուղրուղու» կանչող վառեկին, նա պարզապես ոլորեց նրա վիզը: Ազգային նկարագիր ունենալու ու ավանդույթները չխեղաթյուրելու պահանջը հրավիրված բոլոր մշակութային գործիչներն էին կարեւորում: Խորեն Պալյանն ասաց. «Հանրային հեռուստաալիքը ազգային ոչինչ չունի, զավզակ, պատահական մարդիկ են այնտեղ նստած»: Իսկ դերասան Երվանդ Մանարյանը հորդորեց լրագրողներին «գրիչը ցախավել դարձնել եւ մաքրել աղբը»: Կարելի է վստահ ասել, որ նորաստեղծ ակումբի պրեմիերան հաջողվեց. եւ թեման էր շահեկան, եւ հրավիրված հյուրերի ելույթները: Ապադաստիարակչական եթերն ու աղավաղված հայերենն այսօր կարող են այն բոցը դառնալ, որից պատրաստ է բռնկվել հսկայական մի խարույկ: