Պատմում են, որ մի անգամ երեկոյան 11-ամյա Ֆրենք Էպպերսոնը պատահաբար թողնում է լիմոնադով լի բաժակը դրսում: Բաժակի մեջ լիմոնադը խառնելու համար փայտիկ կար: Իսկ գիշերը չափազանց ցուրտ է լինում: Մոռացկոտ տղան առավոտյան հայտնաբերում է սառցակալած լիմոնադը` մեջը ցցված փայտիկով: Այսպես 1905թ. հայտնագործվում է փայտիկով էսկիմոն:
Իհարկե, այս պատմության հետ կապված բազմաթիվ հարցեր են ծագում. ո՞վ է ցրտին լիմոնադ խմում դրսում, ո՞ր երեխան է մոռանում խմել իր լիմոնադը: Ավելի հավանական չէ՞ արդյոք, որ Էպպերսոնն այս պատմությունը հորինել է ավելի ուշ, երբ պատենտավորման վարչությունը սկսեց կասկածել, թե նա է հնարել այդ ամենը, երբ Էպպերսոնը դիմել էր նրանց` գյուտը պատենտավորելու համար: Սակայն ինչպես էլ որ եղած լինի, մի 10-20 տարի հետո նույն այդ Ֆրենք Էպպերսոնը Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքի զբոսայգում զովացուցիչ ըմպելիքներ էր վաճառում: Երբ մարդը ստիպված է ամբողջ օրը ոտքի վրա կանգնած աշխատել, ակամա սկսում է փիլիսոփայել: Եվ Էպպերսոնը որոշում է. քանի որ ճակատագիրը նրան կապել է լիմոնադի հետ, ժամանակն է էսկիմոյի մասին մտածելու: Նա մտաբերում է սառցակալած լիմոնադի հետ կապված դեպքը եւ որոշում գրողի ծոցն ուղարկել զովացուցիչ ըմպելիքների վաճառքով զբաղվելը:
Էպպերսոնը սկսում է փայտիկի վրա սառեցված լիմոնադի արտադրությունը եւ այն վաճառում նույն այդ քաղաքային զբոսայգում: Սկզբից նա դրան «Էպսիքլ» է անվանում` միացնելով իր ազգանվան սկզբնատառերն անգլերեն «icicle»՝ (այսիքլ)` «սառցալուլա», բառի հետ: Սկզբում այդ ապրանքին ոչ մեկն ուշադրություն չդարձրեց, անգամ նրա սեփական երեխաները, որոնք էսկիմոյի անունը դրեցին «Պապսիքլ» (պապայի սառցալուլա): Հենց այդ անվանումն էլ մի փոքր փոփոխված ձեւով կպավ էսկիմոյին` Popsicle:
Դրանից մի քանի տարի առաջ Գարրի Բերթ անունով մի մարդ հորինել էր պաղպաղակի մասսայականությունը պահպանելու ձեւ. նա իր արտադրանքը կոչել էր «Լավ տրամադրություն»: Բայց երբ նա իմանում է, որ Էպպերսոնը փորձում է պատենտավորել Popsicle-ը, նրա տրամադրությունն ընկնում է: Նա բողոքարկում է Էպպերսոնի պատենտը 1923թ.: Ի վերջո մրցակիցները համաձայնության են գալիս. Էպպերսոնը պետք է զբաղվեր միայն սառեցված ըմպելիքի, իսկ Բերթը` կաթնային խառնուրդների վաճառքով: Մի քանի տարի հետո այս երկու ընկերությունները միավորվեցին: Սակայն Մեծ դեպրեսիայի տարիներին ընկերության եկամուտները կտրուկ նվազեցին, եւ նրանք ստիպված էին իջեցնել էսկիմոյի գինը:
Ժամանակին Էպպերսոնն ամեն մի Popsicle-ը մի քանի ժամ սառեցնում էր, իսկ հիմա դրա վրա ծախսվում է ընդամենը մի քանի րոպե: Այժմ գոյություն ունեն էսկիմոյի մոտ 30 տեսակներ:
Ըստ Ինտերնետի նյութերի