Շա՜տ են հիասթափվել

28/02/2006

«ԱՄՆ վարչակազմը չափազանց հիասթափված է Ռամբույեի բանակցությունների արդյունքներից»,- «Նեզավիսիմայա գազետա» թերթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը: Վերջինիս խոսքով, ԱՄՆ-ը ենթադրում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը լավ հնարավորություն է հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար: «1991-1992թթ. սկսած բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել կարգավորելու իրավիճակը, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռամբույեում, կարծում եմ, դրանցից առավել հեռանկարայինն էր»,- նշել է Բերնսը՝ ավելացնելով, թե ԱՄՆ-ը դեռ ցանկություն ունի շարունակելու աշխատանքը Մոսկվայի եւ Փարիզի հետ` վերջնական համաձայնության հասնելու գործում: Անդրադառնալով Հյուսիսային Կովկասում առկա իրավիճակին` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը խոստովանել է, որ դա ՌԴ ներքին գործն է եւ, օբյեկտիվորեն, երկխոսությունն առավել բնական է ստացվում միջազգային բնույթի խնդիրների շուրջ, որոնց թվին նա դասել է Վրաստանն ու ԼՂՀ-ն: