Հանձնախումբ՝ թրաֆիքինգի դեմ

28/02/2006

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հանձնախումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ մի շարք ԶԼՄ-ներում տպագրված տեղեկատվություններն այն մասին, որ ՀՀ Ոստիկանության, Դատախազության, Սահմանապահ ծառայությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կասկածվում են թրաֆիքինգի հնարավոր ներգրավվածության մեջ: Օրինախախտումներ հայտնաբերելու դեպքում պաշտոնյաները ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Ի դեպ, նման փաստեր տեղ են գտել նաեւ ԱՄՆ Պետական դեպարտամենտի թրաֆիքինգի վերաբերյալ 2004-ի ամենամյա եւ 2005-ի միջանկյալ զեկույցներում: Մեր տեղեկություններով, հանձնախմբի մեջ ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության Կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Միհրան Մինասյանը, կազմակերպական-վերահսկողական բաժնի պետ Գագիկ Ավետիսյանը, դատախազի ավագ օգնական Հովհաննես Ստեփանյանը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Գեղամ Գասպարյանը եւ վարչապետի վերահսկողական վարչության պետի տեղակալ Աշոտ Սեդրակյանը: