ԱԺ-ն ընդդիմանո՞ւմ է Ալեքսան Հարությունյանին

28/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Թեեւ, «Ա1+» հեռուստաընկերության փակվելուց հետո ընդդիմությունն արդեն մի քանի տարի է` զրկված է հեռուստատեսությամբ ազատորեն արտահայտվելու իր իրավունքից: Եվ խորհրդարանական ընդդիմության համար եթերով հանդես գալու միակ հնարավորությունը մնացել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խորհրդարանական ժամ» հաղորդումը: Բացի այդ, յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում են նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ու պատգամավորների հայտարարությունները: ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվելիք փոփոխությունների մեջ ընդդիմության առաջարկով նախատեսված է նաեւ ամրագրել պատգամավորական խումբ-խմբակցությունների` հարցապնդումները Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու դրույթը: Սակայն շաբաթ օրը Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, այդ ամենը որակելով որպես անհեթեթություն, ասաց, որ այդ հաղորդումներն իրենց համար ցանկալի չեն, քանի որ Հանրային հեռուստատեսության եթերում դրանք բավական շատ ժամանակ են խլում: Իսկ իր կարծիքը Ալեքսան Հարությունյանը փորձեց հիմնավորել` հենվելով վարկանիշային ուսումնասիրությունների արդյունքների վրա, համաձայն որոնց` խորհրդարանական այդ հաղորդումները հասարակության մոտ պահանջարկ չունեն: «Լավ է դա, թե վատ, պետք է ընդունենք, որ հեռուստատեսությունը ժամանցի միջոց է: Այժմ հնարավորություններ կան վարկանիշային ուսումնասիրություններ կատարելու, եւ դրանք վկայում են, որ խորհրդարանական հաղորդումները Հայաստանի Հանրային հեռուստատեսության ամենացածր վարկանիշ ունեցող հաղորդումների շարքում են»,- հայտարարել էր Ալեքսան Հարությունյանը: Այս հայտարարությունից հետո շատերը կռահեցին, որ իշխանությունները կամաց-կամաց «հող են նախապատրաստում` Հանրային հեռուստատեսության եթերից վերացնելու նաեւ այդ հաղորդաշարը»: Այսինքն՝ ընդդիմությանը զրկում են հասարակության լայն զանգվածների հետ հեռուստատեսությամբ հաղորդակցվելու նաեւ միակ հնարավորությունից: Արդեն լուրեր կան, թե Ա. Հարությունյանին նման հայտարարություն անելու հրահանգ իջեցվել է նախագահական նստավայրից: Այս կարծիքին են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց համոզմամբ, Ալեքսան Հարությունյանի նմանատիպ հայտարարությունները քաղաքական ենթատեքստ ունեն եւ ամենեւին էլ հիմնված չեն սոցիոլոգիական հարցումների վրա:

«Իրականում ժողովուրդը Հանրային հեռուստատեսությամբ միայն ԱԺ-ի այդ հաղորդումներն է նայում, ժողովուրդը չի նայում նրանց ռեկլամներն ու տարբեր տեսակի ցածրամակարդակ հաղորդումները»,- կարծում է ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը: Վերջինիս համոզմամբ, իշխանություններն ու նրանց կամակատարներն ընդամենն ուզում են ընտրությունների նախաշեմին ընդդիմությանը օտարել ժողովրդից: «Հազիվ թե այդ անձնավորությունը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել, եւ նրա ասածները որեւէ հիմք ունեն: Ես նրա ասածների մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, քանի որ մեր տիպի բռնապետական երկրներում ընդդիմությունը ժողովրդի հետ շփվելու ուրիշ հնարավորություն չունի, եւ հիմա փորձում են այդ հնարավորությունից էլ զրկել,- համոզված պնդում է ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ հարցնում։

– Իսկ Հ1-ի տափակ, անճաշակ, ցածր մակարդակի հաղորդումները, որ մարդկանց ենթարկում են ինֆորմացիոն տեռորի, դրա՞նք են մասսայականություն վայելում, թե՞ որոշ հայտնի մուլտիպլիկատորների մուլտիպլիկացիոն ծրագրերը»: Պարոն Դալլաքյանը երեկ շտապեց Ալեքսան Հարությունյանին հիասթափեցնել, որ Աժ կանոնակարգ օրենքում կատարվելիք փոփոխություններից հետո պետք է Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրեն նաեւ 30 րոպե տեւողությամբ հարցապնդումները: Ընդ որում՝ այս հարցում իրենք համաձայնության են եկել նաեւ խորհրդարանական մեծամասնության` կոալիցիայի անդամ պատգամավորների հետ: Վ. Դալլաքյանի այս հայտարարությունը հաստատեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում: «Հայտարարությունների հեռարձակումը կանոնակարգ օրենքում է ամրագրած, իսկ հարցուպատասխանը` նաեւ սահմանադրության: Իսկ նոր նախագծում կրճատելու առաջարկ չկա, ավելին՝ ավելացման խնդիր կա, որ հեռարձակվեն նաեւ հարցապնդումները»,- վստահեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, խորհրդարանից հեռարձակվող հաղորդումները կապ չունեն ռեյտինգային ցուցանիշների հետ, եւ Հանրային հեռուստատեսությունը, համաձայն օրենքի պահանջի, պարտավոր է դրանք հեռարձակել:

Սակայն նկատենք, որ բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են կոալիցիայի անդամ պատգամավորները, տեղի տալով նախագահականից եկած հրահանգներին, մի քանի վայրկյանում փոխում իրենց կարծիքը: Այնպես որ, եթե, այնուամենայնիվ, ԱԺ իշխանական մեծամասնությունը տեղի տա վերեւից եկող ճնշումներին ու որոշի ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանափակել այդ հաղորդումների թիվը, ապա Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` տեղի կունենա «ոչ կոռեկտ բան»: «Եթե կառավարությունը ճնշումներին տեղի տա ու նախաձեռնություն ներկայացնի, ապա կստացվի, որ կոալիցիոն կառավարությունը կոալիցիոն պառլամենտին ուզում է ամորձատել: Իսկ եթե այս պառլամենտն ընդունի ականջ քաշելու այդ դրույթը, ապա դա ցույց կտա, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչ որակ ունի: Հույս ունեմ, որ պատգամավորների մոտ ինքնասիրությունը կխոսի, եւ նրանք այդ քայլին չեն դիմի»,- կարծիք հայտնեց ընդդիմության ներկայացուցիչը:

Իսկ մինչ այդ, Ալեքսան Կարապետյանը շտապում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, որը հանրությանը հայտնի է որպես նախագահական նստավայրին մոտ «պաշտոնյա», հիշեցնել, որ «իրենք օգտվում եւ ապրում են մեր կողմից հաստատված բյուջեի հաշվին: Եվ եթե մենք ընդունել ենք օրենք, ապա նրանք պարտավոր են այդ օրենքը կատարել»: