Ընդդիմությունը նոր պաշտոն է խնդրում կոալիցիայից

28/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ի՞նչ պաշտոններ են հարկավոր խորհրդարանական ընդդիմությանը, որ նրանք այլեւս լռեն: Երկու շաբաթ առաջ մենք այս հարցն ուղղել էինք ՍԻՄ նախագահ, օմբուդսմենի այլեւս պարտված թեկնածու Հրանտ Խաչատրյանին, ինչին նա արձագանքել էր, թե իրենց համար կարեւորը ոչ թե պաշտոնն է, այլ՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն ու «հումանիզմը»: Երեկ սակայն ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն այս առնչությամբ բոլորովին հակառակ եւ սենսացիոն հայտարարություն արեց: Վերջինս խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է իրենց հետ համագործակցել եւ ընդդիմությանը տալ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի պաշտոնը: Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի համաձայն` «Պաշտպանն ունի տեղակալ, որը նշանակվում է Պաշտպանի առաջարկությամբ, սույն օրենքով Պաշտպանի նշանակման համար նախատեսված կարգով եւ պայմաններով»: Այսինքն` օմբուդսմենի տեղակալին եւս ընտրելու է ԱԺ-ն: Եվ հիմա Հրանտ Խաչատրյանն առաջարկում է այդ պաշտոնում ընտրել ընդդիմության առաջադրած թեկնածուին: Սակայն ինքը` օմբուդսմենի նախկին թեկնածու Հրանտ Խաչատրյանը, երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ ոչ մի դեպքում չի համաձայնի դառնալ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ: Բայց նա տվեց այն մարդկանց անունները, որոնք, ըստ նրա, արժանի են այդ պաշտոնին: Ըստ պատգամավորի` շուրջ 15 իրավապաշտպաններ, ինչպես օրինակ` Ավետիք Իշխանյանը, Արտակ Զեյնալյանը, Արթուր Սաքունցը, հեղինակություն են վայելում եւ կարող են զբաղեցնել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի պաշտոնը: Այս ամենից բացի, Հ. Խաչատրյանը երեկ եւս երկու առաջարկ ներկայացրեց: Նա ցանկություն հայտնեց մասնակցել կոալիցիայի հերթական նիստին, որին ներկա կլինի նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ում Հ. Խաչատրյանը կհայտնի իր բոլոր նկատառումներն ու առաջարկությունները: Ինչ վերաբերում է նրա մյուս առաջարկին, ապա, ըստ Խաչատրյանի, պետք է ստեղծվի մի հանձնաժողով, որը կուսումնասիրի օմբուդսմենի ընտրությունների արդյունքները: «Ես սրանով ցանկանում եմ ի վերջո ապացուցել կամ հերքել` ընտրությունների ժամանակ կազմակերպված հանցագործություն կատարվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Հ. Խաչատրյանը: Վերջինս իր այս առաջարկությունները համարում է` «փափուկ վայրէջք քաղաքական դաշտում»: Եվ գնահատականներ տալով օմբուդսմենի ընտրություններին, նա ասաց, թե ընդդիմությունը բարոյական հաղթանակ է տարել: Ճիշտ այնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, որն անընդհատ բարոյական հաղթանակներ է տանում ու «կովկասյան վագրի» թռիչք համարում Հայաստանի տնտեսական աճը: Հ. Խաչատրյանի ու Վ. Օսկանյանի միակ տարբերությունը, փաստորեն, այն է, որ մեկը «կովկասյան վագրի» պես թռչում է, իսկ մյուսը՝ «փափուկ վայրէջք կատարում քաղաքական դաշտ»: «Բայց ես այն մարդկանցից չեմ, որ բավարարվեմ բարոյական հաղթանակներով»,- ասում է ՍԻՄ նախագահը:

Իսկ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն առայժմ չեն պատրաստվում արձագանքել Հ. Խաչատրյանի առաջարկին: «Նախ պետք է առաջարկություն լինի, հետո կքննարկենք: Ես չեմ կարող հիմա պատասխանել այդ հարցին»,- օմբուդսմենի տեղակալի պաշտոնն ընդդիմությանը վերապահելու Հ. Խաչատրյանի առաջարկի վերաբերյալ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Հ. Խաչատրյանի առաջարկը քննարկելուց հետո պատրաստվում են պատասխանել նաեւ ՀՀԿ-ում: Թեեւ, ըստ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի` այդ առաջարկի մեջ տրամաբանություն կա: «Բայց քննարկելուց հետո նոր կարող ենք ֆրակցիայի տեսակետն արտահայտել»,- գտնում է նա:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների երկրորդ փուլից առաջ կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ վերջինս օմբուդսմենի ընտրություններին ոչ ուղղակի, ոչ անուղղակի միջամտելու իրավունք չուներ: «Պատրաստվո՞ւմ է Ռ. Քոչարյանն այս անգամ էլ խախտել Սահմանադրությունն ու հիմա էլ օմբուդսմենի տեղակալի ընտրության համար հանդիպել կոալիցիայի հետ»: Մեր այս հարցին ի պատասխան` երեկ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Նման քննարկում այսօր չի եղել: Բայց կարծում եմ, այդ հարցը պետք է տալ կոալիցիայի անդամ կուսակցություններին, ովքեր այն պետք է քվեարկեն ԱԺ-ում»: