ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Գագիկ Ոսկանյանը փետրվարի 24-ին հայտարարել էր, թե աղքատության նպաստների բաժանումն ուղեկցվում է ֆինանսական մեքենայություններով, ինչն էլ նշված է ՎՊ 2005-ի հաշվետվության մեջ: Գագիկ Ոսկանյանի խոսքերով` աղքատության նպաստների բաժանումն իրականացնում է «Հայփոստը», ինչն էլ տեղի է ունենում օրենսդրական որոշակի խախտումներով: Ըստ նրա, «Հայփոստը» մենաշնորհային դիրք է գրավում, ինչն օրենսդրորեն արձանագրված չէ. ձեռնարկությունը միակամ տնօրինում է շուկան, սակայն գրանցված չէ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: Բացի այդ, ըստ ՎՊ նախագահի, ինչ-ինչ պատճառներով չբաժանված եւ ավելացված գումարները, որոնք «Հայփոստը» պարտավոր է երեք օրվա ընթացքում վերադարձնել կառավարությանը, չի արվել, եւ շատ դեպքերում այդ գումարները վերադարձվել են 2-3 ամիս հետո միայն: Արդյունքում 2002-ից մինչ 2005թ., ինչպես հավաստիացնում էր Գ. Ոսկանյանը, «Հայփոստ» ընկերությունը պետական բյուջե չի փոխանցել 98 միլիոն դրամ: Ըստ նրա, այդ փողն ուղղակի շրջանառվել է «Հայփոստի» համար: Այսինքն` ձեռնարկությունը, որ փաստորեն ոլորտում մենաշնորհ դիրք է գրավում, պետական փողն օգտագործել է սեփական բիզնեսի շրջանառության նպատակով: Երեկ մեզ հետ զրույցում պարոն Ոսկանյանի վերոնշյալ հայտարարությունները հերքեց «Հայփոստի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Աստղիկ Մարտիրոսյանը: Վերջինիս խոսքերով` ՀՀ կառավարության եւ «Հայփոստի» միջեւ փոխհաշվարկի պայմանագիր է եղել: Ըստ նրա, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը պարբերաբար ստուգումներ է անցկացնում «Հայփոստում», որեւէ խախտում չի հայտնաբերվել: «Չեմ հասկանում` ինչո՞ւ է 2006-ին հայտարարվում 2002-2004 թվականների խախտումների մասին»,- նշեց տիկին Մարտիրոսյանը` հավելելով, թե այդ թվականներին էլ նման խախտումներ չեն եղել: Ա. Մարտիրոսյանի փոխանցմամբ` անհիմն են նաեւ մենաշնորհային դիրք գրավելու մասին Գ. Ոսկանյանի պնդումները: «Նպաստները բաշխելու համար 2004-ին մրցույթ հայտարարվեց եւ մրցույթին ոչ մի հայտ չներկայացվեց: «Հայփոստը» պարտադրված է իրականացնում այդ բաշխումը: Այնպես որ՝ այն հայտարարությունը, թե այդ բնագավառում «Հայփոստը» մենաշնորհ ունի եւ պետք է գրանցվի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, առնվազն ծիծաղելի է»,- կարծում է Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, թե «Հայփոստը», որեւէ օրինախախտում չի արել, եւ ինքը չի հասկանում, թե ինչ նպատակ են հետապնդում այդ հայտարարությունները:
Ռ. Թ.