Բժշկականի «քյալյան»գյոզությունը»

28/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Անակնկալը, սակայն, այն էր, որ Գոհար Քյալյանից բացի, ընտրությունների արդյունքները ոչ մեկի համար անակնկալ չէին: Նույնիսկ անակնկալ չէին իր մրցակցի՝ ֆիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Սաֆարյանի համար: «Երեւի այդպես էլ պետք է լիներ»,- արդյունքների ամփոփումից հետո ասաց նա ու շտապեց հեռանալ: Թեեւ նախօրեին արդեն շրջանառվում էին լուրեր, որ Քյալյանի հաջողությունը նախապես ապահովագրված է եղել նախագահական նստավայրի կողմից, մասնավորապես՝ ԿԳ նախարարին հանձնարարական է տրվել ապահովել Քյալյանի ընտրությունը առանց «դեմ» ձայների, սակայն Քյալյանն անկեղծորեն զարմացած էր: «Ի տարբերություն լրագրողների, որոնք գիտեին, որ ես անցնելու եմ, ես մեծ կասկածներ ունեի, որովհետեւ փակ գաղտնի քվեարկություն էր, իսկ փակ գաղտնի քվեարկության ժամանակ միշտ էլ կարող են անակնկալներ լինել»,- ասաց Գ. Քյալյանը:

ԵՊԲՀ-ի ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան բուհի նիստերի դահլիճում: Բացի բուհի կառավարման խորհրդի անդամներից` ներսում ոչ ոք չկար, իսկ դահլիճի դուռը հսկվում էր հատուկ պահակախմբի կողմից: Միջադեպեր չեղան, ընտրությունների արդյունքներին դահլիճի մոտ սպասում էին միայն լրագրողները, ուսանողներից շատերը տեղյակ չէին: Արդյունքների ամփոփումից հետո խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը կարծիք հայտնեց. «Լավ կլիներ, որ քվեարկությունը բաց լիներ, եւ լրագրողները ներկա լինեին ու լսեին կարծիքները. դրանք կողմնորոշիչ մեծ ազդեցություն ունեցան»: Պատգամավոր Հրանուշ Հակոբյանն ինքը Քյալյանին ճանաչել է «շատ հեռվից», իսկ մյուս թեկնածուին առհասարակ չի ճանաչել: Բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը մինչ քվեարկության սկսվելը տեղեկացրեց, որ ելույթ է ունեցել ու պաշտպանել Քյալյանի թեկնածությունը: «Ինձ երբեք ոչ ոք ոչ մի տեղ չի կանչել ու չի պարտադրել Քյալյանին պաշտպանել, իսկ իմ ելույթը, չեմ կարծում, թե կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, որովհետեւ նրանք բոլորն էլ հասուն, կազմավորված մարդիկ են, որպեսզի հեշտությամբ ազդվեն ելույթներից»: «Ճիշտն ասած՝ ես չէի պատկերացնում, որ 32 կողմ ձայն կլինի, թե ով ինչպես է քվեարկել՝ թողնենք իր խղճին, ես դա ինձ համար միայն որպես ավելորդ պատասխանատվություն եմ գնահատում»,- եզրափակեց նորընտիր ռեկտորը: Ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո Գոհար Քյալյանը հավանաբար կհրաժարվի ամուսնու հետ համատեղ էլիտար շինարարություն իրականացնելուց եւ կզբաղվի միայն բուհական շինարարությամբ: «Կրթական բարեփոխումների հիմքում ես տեսնում եմ սովետական մենեջմենտից անցումը ժամանակակից մենեջմենտի… Կադրային ջարդ չեմ պատրաստվում անել, թեեւ ինչ-ինչ ազատումներ կլինեն… Հակված չեմ աշխատել նեղ թիմով, որովհետեւ, ինչպես ասում են, եթե մի գլուխը լավ է, երկուսն ու երեքն ավելի լավ են… Կշարունակեմ դասախոսել, անատոմիայի ամբիոնը չեմ թողնի, որովհետեւ իմ գործը շատ եմ սիրում եւ գրքեր եմ գրում… Ես կարծում եմ, մենք այնքան խելացի ենք, որ մեր մոտակա պլաններում պետք է լինի տարածաշրջանում առաջին բուհը դառնալը»,- արդեն իր առաջիկա անելիքների մասին խոսեց Քյալյանը: