Մինչ տարածաշրջանում կայծակնային արագությամբ թռչնագրիպի դեպքեր են արձանագրվում, Հայաստանի կառավարությունը շռայլորեն գումարներ է տրամադրում վարակը կանխելու աշխատանքների համար: Սակայն թռչնագրիպի դեմ պայքարի ջատագովները պահը բաց չեն թողնում հավելյալ եկամուտ ստանալու համար: Կառավարությունը գումար է հատկացրել, որպեսզի Կենդանաբանական այգու աշխատակիցներն՝ այգու թռչուններին չվող թռչունների հետ շփումից պաշտպանելու համար օդ կրակելով՝ «ոչ տեղացի» թռչուններին վախեցնեն: Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը վստահեցրել էր, որ օդ կրակելը թռչուններին վախեցնելու համար է, այլ ոչ թե սպանելու: Կենդանաբանական այգու այցելուները 2 օր առաջ առյուծի վանդակի մոտ սատկած կաչաղակ էին նկատել: Մեր տեղեկություններով՝ կաչաղակը, որն, ի դեպ, միակը չէ, իրականում սատկել է այգու աշխատակիցների կրակոցից: Իսկ սատկած թռչուններին այգու աշխատակիցները որպես կերակուր տալիս են կենդանիներին: Այսկերպ Կենդանաբանական այգու ղեկավարությունը գումար է տնտեսում, քանի որ կառավարությունը կենդանիների կերակրման համար բյուջեով գումար է հատկացնում: Բացի այդ, թռչնագրիպի հնարավոր վիրուսի դեմ պայքարի (տվյալ դեպքում՝ կրակոցային) արդյունքում մեր կենդանիները փաստորեն ուտում են հնարավոր վիրուսակիրներին:
Լ.Ս.