Մեր տեղեկություններով՝ երեկ ժամը 17-00-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայր ուղեւորված բեռնատար մեքենան բեռնաթափել է մեծ քանակությամբ ուկրաինական արտադրության «Սլավուտիչ» գարեջուր: Ականատեսների վկայությամբ՝ գարեջուրը ժամկետանց է եղել, փակցված պիտակների վրա արձանագրված է 2005թ. դեկտեմբերի 29 պիտանելիության վերջնաժամկետ: Ըստ հավաստի աղբյուրների՝ աղբավայրում թափվել է մոտ 3000 շիշ գարեջուր: Հետաքրքիր է, որ ժամկետանց գարեջուրը չի ոչնչացվել: Աղբավայրում թափված գարեջրի գայթակղությանը, սակայն, չեն դիմացել տեղի եւ հարակից համայնքների բնակիչները, ովքեր բոլոր հնարավոր միջոցներով թափված ապրանքը տուն են տարել: Ի դեպ, ժամկետանց ապրանքը որպես կանոն իրենից վտանգ է ներկայացնում, այնպես որ, դեռ պարզ չէ` թունավորման դեպք արձանագրելու դեպքում ո՞վ է պատասխանատու: Հիշեցնենք, որ անցյալ տարի աղբավայրում կրկին չոչնչացրած շոկոլադը ձեռք բերելու համար մի քաղաքացի մահացել էր, սակայն, ինչպես տեսնում ենք, դառը փորձը դաս չեղավ: