Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցելության ավարտին Ադրբեջանի միգրացիոն ծառայության աշխատակիցները Բաքվի օդակայանում, առանց որեւէ բացատրության, բռնել են Ռուսաստանի 1-ին ալիքի հեռուստաօպերատոր Սոս Գրիգորյանին: Ինչպես գրում է «Գազետա» թերթը, միգրացիոն վերահսկողության աշխատակիցները որեւէ դիտողություն չեն արել սլավոնական արտաքինով լրագրողներին, մինչդեռ Գրիգորյանին խնդրել են «սպասել մինչեւ հանգամանքները պարզելը»: Թղթակիցը վկայում է, որ «Սոս Արամովիչը որեւէ խախտում թույլ չի տվել»: Ադրբեջանցի սահմանապահները կես ժամ սպասեցրել են հայազգի օպերատորին եւ նրան թույլ են տվել նստել ինքնաթիռ միայն այն բանից հետո, երբ Գրիգորյանը հեռախոսով կապվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ Պուտինի մամլո ծառայության հետ: