Ազատվել է կալանքից

28/02/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Փաստաբան Վահե Գրիգորյանը, որին իրավապաշտպանները համարում են քաղբանտարկյալ, ազատվել է կալանքից: Նա կալանքի տակ էր անցյալ հոկտեմբերից, սակայն դա ավելի նման էր հաշվեհարդարի այն բանի համար, որ պաշտպանում էր իրենց տները գնող իշխանավորներին ընդդիմացող բնակիչներին, քան օրինականության հաստատման:

Դատախազությունը նրան մեղադրում էր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ, իսկ իրավապաշտպանները եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համարում են, որ նրա դեմ գործը սարքել են իշխանություններն ու օլիգարխները, որոնք ֆինանսական մեծ օգուտներ ունեն քաղաքի կառուցապատման ծրագրից:

Հիմնվելով մեղադրանքի վրա, որը չէր հաստատվում անգամ Դատախազության վկաների ցուցմունքներով, դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանքը եւ երկու անգամ 2 ամսով երկարացրել այն: Նրան մեղադրում են, որ իր հաղթած դատում, որով իր պաշտպանյալին վերադարձվել է պետության գանձած գումարը, կեղծվել են պաշտպանյալի ստորագրությունները (Տես` հարակից հոդվածները):

Նրան կալանքից ազատելու համար դատախազին գրավոր դիմել են Մարդու իրավունքների առաջին պաշտպանը եւ Փաստաբանների պալատը: Իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ (այդ թվում` Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը, Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան ֆեդերացիան) հանդես են եկել հայտարարությամբ` ի պաշտպանություն Գրիգորյանի: Ի վերջո, փետրվարի 15-ի նիստում վերաքննիչ դատարանը մերժել է կալանքը երկարացնելու միջնորդությունը:

Փորձը ցույց է տալիս, որ քաղաքական աստառ ունեցող գործերով մեղադրյալի ազատվելը նշան է, որ շուտով գործն էլ կկարճվի: Սակայն Գրիգորյանի գործը փակված չէ: Ազատվելուց 6 օր անց նա Դատախազությունում ստորագրություն է տվել բնակավայրից չբացակայելու մասին:

Գրիգորյանը դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Նա նաեւ պնդում է, որ կալանքի տակ եղած ժամանակ ոտնահարվել են նրա իրավունքները` նշելով, որ այլ խախտումների թվում, իրեն պահել են կրկնահանցագործների ու օտարերկրացիների հետ, ինչն արգելվում է ՀՀ Քրեական օրենսգրքով:

Գրիգորյանին կալանավորելու համար հիմք էր հանդիսացել իր պաշտպանյալի հոր` Ալեքսանդր Հակոբյանի ցուցմունքը, որին նույն մեղադրանքներն են ներկայացրել, սակայն չեն կալանավորել: Նոյեմբերի 4-ին նա Վիեննայի ինքնաթիռով փախել է Հայաստանից:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանին նա դիմում էր գրել, որ ցուցմունքները գրել է ճնշման տակ: Այժմ հայտնի է դարձել, որ Հակոբյանին նաեւ հավանաբար սպառնացել են, որ եթե նա ցուցմունք չտա Գրիգորյանի դեմ, ապա նրա փեսային` Տիգրան Առաքելյանին (նախկինում դատված տնտեսական հանցագործության համար), կկալանավորեն սարքած գործով:

Հակոբյանի մեկնելուց հետո Առաքելյանը Գրիգորյանի գործով միակ վկան էր մնացել Հայաստանում: Քննիչը միջնորդել էր Գրիգորյանին պահել կալանքի տակ, քանի որ նա, իբր, ազատության մեջ կարող էր ճնշում գործադրել Առաքելյանի վրա: Վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ պարզվել է, որ Առաքելյանն էլ է փախել երկրից:

Նախաքննության ընթացքում Գրիգորյանը ոչ մի ցուցմունք չի տվել եւ հրաժարվել է մասնակցել քննչական գործողություններին: Նրան պաշտպանում են 12 պաշտպան, որոնց մեջ` Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Գրիգորյանը սկզբում պահվում էր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում, ապա դեկտեմբերի 30-ին, տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ` նախկին ԿԳԲ) մեկուսարան: Գրիգորյանն ասում է, որ իրեն տեղափոխել են հասարակությունից մեկուսացնելու համար, քանի որ նախկին կալանավայրում ազատ կարող էր հեռախոսով զանգել, տեսակցություն ունենալ, իսկ ԱԱԾ-ում զանգահարելն արգելված է: Գրիգորյանի խոսքերով` ԱԱԾ-ում իրեն պահել են խցում այլ կալանավորների, այդ թվում` կրկնահանցագործի հետ, ինչը օրենքով արգելված է: Բացի այդ, որպես իրավապահ մարմնի աշխատակից, Գրիգորյանը պետք է մեկուսացվեր այլ հանցագործներից, որը նույնպես չի արվել: Փաստաբանը նաեւ բողոքում է, որ մեկուսարանի պետը կարդացել է իր անձնական նամակագրությունը, ինչն օրենքի խախտում է:

Գրիգորյանը վստահ է, որ իր կալանքի որոշումն ընդունվել է նախագահի աշխատակազմում, քանի որ Բուզանդի փողոցի իր պաշտպանյալները դուրս են եկել պայքարի մի ծրագրի դեմ, որն իրականացվում է հանրապետության նախագահի անմիջական հսկողությամբ:

Կալանքի ընթացքում նա զրկված էր իր փաստաբանական գործունեությունը շարունակելու իրավունքից, Արդարադատության նախարարության հրահանգով նրան թույլ չէր տրվում ծանոթանալ իր պաշտպանյալների վերաբերյալ նյութերին:

«Իհարկե` դատախազը չէր ասի, թե ինձ կալանավորել են Բուզանդի փողոցի բնակիչների շահերը պաշտպանելու համար,- ասում է Գրիգորյանը: -Բայց ենթադրենք` ինձ կալանավորել են խարդախության համար: Էդ դեպքում ինչո՞ւ թույլ չէին տալիս, որ համակարգիչ ունենամ բանտախցում եւ շարունակեմ պաշտպանությունը կամ ծանոթանամ նյութերին: Կասեն, թե այդպիսի պրակտիկա չկա: Բայց այդպես չի. հայտնի է, որ խցում կալանավորները ունենում են համակարգիչ»:

Նա ասում է, որ Հայաստանում իրավապաշտպանության դեմ իշխանությունները մի պայքար են սկսել, որի շղթայի օղակներն են իրեն կալանավորելը եւ Մարդու իրավունքների առաջին պաշտպանին հեռացնելը:

Այժմ Գրիգորյանը մտադիր է չսահմանափակվել միայն փաստաբանությամբ եւ ավելի ընդլայնել իրավապաշտպան գործունեությունը: Նա իր գործընկերների եւ Բուզանդի փողոցի բնակիչների հետ ստեղծում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը եւ մտադիր է այն իշխանավորներին, որոնց պատճառով մարդկանց վտարել են իրենց բնակարաններից, ներկայացնել Հաագայի տրիբունալի դատախազին` որպես մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց:

www.armenianow.com