Մենք ու մեր գիտությունը

28/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դե, նայում ենք ու հասկանում, որ իրականում այդպիսի դեպքեր գործնականում չկան։ Սակայն մեզ համար անսովոր են նաեւ բավական բարվոք վիճակում (ընդ որում, ամերիկյան չափանիշներով) ապրող գիտնականների կերպարները։ Ի տարբերություն առաջին դեպքի, այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ ԱՄՆ-ը, ինչպես քիչ թե շատ զարգացած բոլոր մյուս երկրները, ըստ արժանվույն են գնահատում մարդկանց ուղեղը։ Մեզ համար սա անհասկանալի է եւ խորթ, որովհետեւ հայ գիտնականների մեծ մասն այսօր գտնվում է աղքատության մեջ։

Սիրում ենք նաեւ խոսել մեր խելքի մասին՝ անկեդոտներում չափվելով հրեաների հետ։ Ընդ որում, միշտ հաղթող ենք դուրս գալիս։ Այնքան ենք մենք մեզ գովել, որ կողքից էլ են սկսել մեզ հավատալ։ Մեր թերթի վերջին համարներից մեկում տպագրված «Ֆորբսի» հոդվածի հեղինակը գրել էր՝ «Իրականում Հայաստանի գլխավոր հարստությունը ոչ թե կոնյակն է, կամ ցեմենտը, այլ հենց իրենք՝ հայերը»։

Մենք հաճախ ենք այդ մասին խոսում։ Սկզբում ասում էինք՝ բնական ռեսուրսներով աղքատ ենք, բայց հանքային ջուր ու կոնյակ վաճառելով կարող ենք թռիչքաձեւ զարգացում ապրել։ Հետո պարզվեց, որ դրանք բավարար չեն՝ եւ ի հայտ եկավ նոր արտահայտություն՝ «մեր մտավոր պոտենցիալը»։

Իրոք, հայերը միշտ էլ աչքի են ընկել իրենց մտավոր ունակություններով։ Դա ունի նաեւ իր բացատրությունը։ Ասում են՝ դարեր շարունակ ապրելով անբարենպաստ պայմաններում (թե աշխարհագրական առումով, թե տնտեսական, թե քաղաքական)՝ մեր ժողովուրդը միշտ ստիպված է եղել ուղեղն աշխատեցնել, որպեսզի կարողանա ապրել։ Այդ իսկ պատճառով մեր ուղեղի ծալքերի քանակը, ասում են, գերազանցում է այլ ժողովուրդների համապատասխան ծալքերի քանակին։

Սակայն որքան շատ սկսեցինք այդ մասին խոսել, ուղեղի ծալքերին այնքան շատ սկսեցին փոխարինել մարմնի այլ մասերում հայտնվող ծալքերը։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայերը «կրթություն սիրող» ժողովուրդ են։ Բարձրագույն կրթություն ստացած բնակիչների տեսակարար կշռով մեր երկիրը բավական բարձր տեղ է գրավում՝ ետեւում թողնելով անգամ որոշ զարգացած երկրների։ Սակայն կրթության որակն աննախադեպ ցածր է, այսինքն, մենք ոչ թե «կրթություն սիրող» ենք, այլ՝ «դիպլոմ սիրող»։

Միջնակարգ եւ բարձրագույն կրթության մակարդակը գնալով ընկնում է: Ըստ որոշ տվյալների՝ զինկոմիսարիատներ ներկայացած զինակոչիկների մեջ բավական մեծ թիվ են կազմում ոչ տառաճանաչ մարդիկ։

Բուհերում սովորողները նրանցից մի քիչ ավելի լավ վիճակում են գտնվում, քանի որ գոնե ռուսերեն տառերը պետք է իմանան՝ «սոտըվիներից» գլուխ հանելու համար։

Ահա այսպիսի պայմաններում էլ մենք խոսում ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման, մտավոր ունակությունների եւ այլ վեհ գաղափարների մասին։ Այս ամենն ունի իր օբյեկտիվ պատճառները։

Նախ, մեծ թվով տաղանդավոր գիտնականներ 90-ականների սկզբներին լքեցին Հայաստանը, քանի որ ապրելու հնարավորություն չունեին։

Իսկ այսօրվա գիտնականների վիճակը կարելի է ձեւակերպել «ողբերգական»։

Գիտնականի (դոկտորի) աշխատավարձը 2006 թ. պետբյուջեով 27 հազար դրամ է սահմանված։ Ինչպես օրերս նշել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Էդվարդ Ղազարյանը. «… անգամ ստալինյան ռեժիմի, ցարի օրոք ամենաբարձր աշխատավարձը ստանում էր գիտությունների դոկտորը, 1,5 անգամ ավելի նախարարներից, շրջկոմի քարտուղարներից, 4 անգամ ավելի ուսուցիչներից: Այսօր գիտաշխատողը 10 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, քան նախարարը»: Մենք մեր կողմից կավելացնենք եւս մի համեմատություն, կառավարության շենքի հավաքարարները ստանում են ավելի քան 30 հազար դրամ աշխատավարձ։ Եթե հաշվի առնենք, որ երկուսին էլ վճարում է պետությունը, ապա կարելի է ենթադրել, որ առաջինի ծառայությունները երկրի համար ավելի բարձր են գնահատվում…

Մինչդեռ պարծենում ենք մեր գիտնականներով, խոսում ենք գիտության զարգացման մասին, ունենք «Գիտության, գիտատեխնիկական քաղաքականության մասին» օրենք… եւ վերջապես երկնիշ թվով տնտեսական աճ։ Եվ երկնիշ թվով տնտեսական աճ արձանագրող երկիրն իր գիտնականին վճարում է մոտ 50 ԱՄՆ դոլար. ըստ էության, ուսումնասիրության նոր պատվեր է տալիս` «Ինչպե՞ս գոյատեւել եւ, միեւնույն ժամանակ, զարգացնել գիտությունը» թեմայով։ Անկախությունից ի վեր պետությունը ոչ մի դրամ չի հատկացրել գիտական սարքավորումների վերազինման, արդիականացման համար, ԳԱԱ գիտական հիմնարկների, գիտական սարքավորումների 80 տոկոսը 10-12 տարվա վաղեմության է։

Այսպիսի պայմաններում խոսել գիտության եւ կրթության զարգացման մասին՝ ծիծաղելի է։ Ուսանողը պետք է ինչ-որ տեղ շահագրգռված լինի, համոզված լինի, որ պետությունը ըստ արժանվույն գնահատելու է իր գիտելիքները, սակայն 27 հազար դրամ աշխատավարձ ստացող գիտնական դոկտորը նրա համար վառ օրինակ է, որ սովորելն իմաստ չունի։

Այժմ անդրադառնանք հարցի մյուս կողմին։ Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել մեր գիտության կենտրոնը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։ Այս կառույցի մեր աղբյուրի կարծիքով՝ ընդհանուր պատկերը հետեւյալն է։ Հայաստանի գիտական հասարակությունը բաժանվել է 2 բանակի՝ Ակադեմիայի վերնախավը (ակադեմիկոսների զգալի մասը) եւ Ակադեմիայից դուրս գտնվող գիտնականները: Այդ թվում՝ երիտասարդ մասնագետները։ Նույնիսկ տեսակետներ են հնչում, թե ակադեմիան լճացել է, ակադեմիկոսների ճնշող մեծամասնությունը 70-ն անց մարդիկ են, որոնք անգամ առանց որեւէ բան անելու ստանում են ամսական մոտ 150 ԱՄՆ դոլար աշխատավարձ՝ մինչեւ կյանքի վերջը։ Իհարկե, 150 դոլարը փոքր թիվ է նման մեծ վաստակ ունեցող մարդկանց համար, սակայն օգտագործելով իրենց դիրքը՝ ոմանք պետության տրամադրած առանց այն էլ սուղ միջոցներից զգալի գումարներ են գրպանում՝ հնարավորություն չտալով աշխատել երիտասարդ մասնագետներին։ Վերջիններիս մեծ մասը կամ ստիպված է լինում զբաղվել այլ աշխատանքով, կամ մեկնում է Հայաստանից։ Ուղեղների արտահոսքը շարունակվում է, իսկ արդեն պատկառելի տարիք ունեցող ակադեմիկոսներին փոխարինողները շատ քիչ են։ Եվ ծավալվել է պայքար, որն, ըստ էության, լծակներին տիրանալու համար մղվող պայքար է։ Թե որ կողմն է ճիշտ, չենք կարող ասել։ Սակայն որ ԳԱԱ-ի վիճակն աղետալի է, դա փաստ է։ ԳԱԱ-ն, որը պետք է ուղղորդի գիտությունը, նպաստի երիտասարդ մասնագետների աճին, պաշտպանի նրանց շահերը, ակտիվություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է փողին։ Փողին, որովհետեւ նախատեսվող բարեփոխումները անմիջական կապ ունեն ֆինանսավորման հետ։ Իհարկե, փողը կարեւոր է, սակայն մյուս արժեքները նույնպես պակաս կարեւոր չեն։ Եթե նույն Ակադեմիան այսպիսի աղմուկ բարձրացներ ընտրությունների, սահմանադրական փոփոխությունների խախտումների ժամանակ, բոլորն այժմ կկանգնեին նրանց կողքին։ Իսկ այժմ ԳԱԱ-ն շատերի գիտակցության մեջ պատկերվում է որպես իշխանությունների նախընտրական շտաբ։ Այս ֆոնի վրա հետաքրքիր էր նաեւ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրինագծի քննարկումը, որով առաջարկվում է բյուջեում հատուկ տող հատկացնել ինովացիոն գործունեությանը, այսինքն` գիտատեխնիկական արդյունքի իրացմանը: Օրինագծում ԳԱԱ-ն որեւէ կերպ հիշատակված չէ։ Դա չի վրիպել պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի ուշադրությունից, եւ վերջինս հետաքրքրվել է, թե այդ փաստը չի՞ նշանակում արդյոք, որ կառավարությունն արդեն ԳԱԱ-ին թաղել է եւ «տվել է յոթն ու քառասունքը»: Օրինագիծը ներկայացնող հանրապետական Հերմինե Նաղդալյանն էլ պատասխանել է, թե թաղումների, յոթերի, հոգեհանգստի ակտիվ մասնագետը ոչ թե ինքն է, այլ հարց տվողը։ Առավել հետաքրքիրն այն է, որ ԳԱԱ շահերը պաշտպանում է ընդդիմությունը, այլ ոչ թե իշխանությունը, որի համար Հ. Հովհաննիսյանի ասած «գիտության կաճառը» վերջին տարիներին ծառայում է որպես նախընտրական շտաբ։ Եվ երեւի ճիշտ կլինի ասել՝ ինչպես պաշտպանում էիք, այնպես էլ յոլա գնացեք ու մի բողոքեք։