Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակասությունները հասել են… չգիտես ուր: Վերջին մի քանի ամիսներին ամեն անգամ, միջպետական հարաբերությունների մակարդակը նկարագրելիս, սկսում ես շտամպներ օգտագործել` «ծայրահեղ վիճակ», «սառը պատերազմի եզրին», «ավելի վատ հնարավոր չէ պատկերացնել»…: Մի քանի օրից պարզվում է, որ դա սուտ է. ռուս-վրացական հարաբերությունները դեռ տեղ ունեն ավելի վատանալու, ավելի սառելու:
Անցած շաբաթը նշանավորվեց նրանով, որ Վրաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսությունը դադարեցրեց մուտքի անցագրեր տրամադրելու գործընթացը: Դա առաջ էլ է եղել: Նախկինում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներն իրենց գործողությունները բացատրում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, Ռուսաստան մեկնել ցանկացողների մեծ հոսքով, եւն: Բայց դա էական չէ, որովհետեւ ոչ պաշտոնական զրույցների ժամանակ նրանք ասում էին, որ անցագրեր չտրամադրելն ուղղակի կապ ունի միջպետական հարաբերությունների ճգնաժամի հետ, եւ ամենաշատը մեկ-երկու շաբաթից ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն պետք է արժանին հատուցել նրանց. նույնիսկ սեփական «գործազրկության» այդ պայմաններում նրանք որոշ դեպքերում ապահովում էին Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստանից Վրաստան գալը:
Հիմա իրավիճակն այլ է: Ոչ մի «տեխնիկական դժվարություն»: Դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցիչը շենքի մոտ հավաքված Վրաստանի քաղաքացիներին կարդաց կտրուկ, չոր մի հայտարարություն, որտեղ առանց այսուայնկողմ ընկնելու նշված է անցագրերի տրամադրումը դադարեցնելու որոշման պատճառը. Վրաստանի պետական քաղաքականությունը, որն արտահայտվում է ռուս խաղաղապահներին, ռազմակայանների աշխատակիցներին անցագրեր չտրամադրելով` չնայած ձեռք բերված համաձայնություններին: Վերջ: Թե երբ կփոխվի իրավիճակը, ոչ ոք չգիտի:
Իսկ Վիեննայում, որտեղ անցյալ շաբաթ տեղի էր ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Լյուբով Սլիսկան նույնպես բավականին հստակ մեկնաբանեց վրացի լրագրողների հարցը: Նրա պատասխանից կարելի էր հասկանալ, որ Ռուսաստանին բավականին զզվեցրել է Վրաստանի քաղաքականությունը, եւ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է` կապված վրացի քաղաքական առաջնորդների` Ռուսաստանի հասցեին պարբերաբար հնչող անհիմն մեղադրանքների հետ: Իբր` եթե մեր ուզածի նման չեք ուզում, դեռ կտեսնեք:
Թբիլիսիում կարծես թե հասկացան, որ բանը բանից անցել է: Արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարեց, որ ռուս զինծառայողներին անցագրեր տրամադրվում են, իսկ դժվարությունները ծագել են նրանց մեծ քանակի պատճառով: Նախագահ Սահակաշվիլին ասաց, որ ինքը Մոսկվային չի մեղադրել գազատարի վերջին պայթեցումների մեջ: Իսկ Նինո Բուրջանաձեն Վիեննայում հանդիպում էր ունեցել Սլիսկայի հետ, որից հետո հայտարարեց, որ գոհ է կայացած երկխոսության արդյունքներից: Բայց միաժամանակ Թբիլիսիում տեղի խորհրդարանը «հիշեց» նամակագրության ժանրը եւ միջազգային հանրությանն ուղղված դիմումում նկարագրեց այն «ստորությունները», որ Ռուսաստանն է անում Վրաստանի նկատմամբ: Իսկ դա արդեն ծանոթ ձեռագիր է: Դա նույն այն ռուսական խաղն է, որի մեջ մի քանի տարի առաջ մեզ ներքաշում էին: Այսինքն`երբ ՌԴ նախագահը, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները լավն են, նրանք ուզում են ընդհանուր լեզու գտնել: Բայց կան մի խումբ պատգամավորներ, խորհրդարանական հանձնաժողովների մի երկու նախագահ, որոնք էլ ամեն ինչ խառնում են: Հիմա էլ նույն խաղը Թբիլիսին է խաղում: Մեկն ու մեկը հավատո՞ւմ է: Իհարկե ոչ, եւ արդեն վաղուց:
Ռուս-վրացական հարաբերություններն իրոք խիստ լարված են: Երբ մի երկիրը մերժում է անցագիր տրամադրել մի այլ երկրի քաղաքացիներին, նշանակում է` նրանց մեջ պոտենցիալ թշնամիներ է տեսնում: Հաջորդ քայլը դառնում է դեսպաններին հետ կանչելը եւ դիվանագիտական առաքելությունը ներկայացուցչությամբ փոխարինելը: Նման մի բան տեղի էր ունենում Եվրոպայում` Երկրորդ համաշխարհայինից առաջ: Մեզ հանգստացնենք այն բանով, որ բանը դեռ դրան չի հասել: Բայց կարող է: Որովհետեւ ոչ մի կողմը չի ցանկանում մյուսին լսել: Որովհետեւ մի կողմի ցանկացած գործողության մեջ մյուսը մեջքի հետեւում թաքցրած քար է փնտրում, ցանկացած հայտարարության մեջ փորձում է այլ ենթատեքստ գտնել:
Իսկ շարքային քաղաքացին թքած ունի, թե ով է մեղավոր` Պուտի՞նը, թե՞ Սահակաշվիլին, Իվանո՞վը, թե՞ Իվանիձեն: Տուժողն ինքն է: ՆԱ տուժում է անցագրային ռեժիմի պատճառով, որը թույլ չի տալիս նրան ազատ տեղաշարժվել աշխարհով, ինչն ամրագրված է մարդու իրավունքների օրենքում: Սակայն սա արդեն այլ խոսակցության թեմա է…