Այսօր 18 տարի առաջ Սումգայիթից գաղթած Արմեն Աբրահամյանը ցավով է հիշում, թե ինչպես ադրբեջանցիները կազմակերպեցին այն` չխնայելով ոչ մեկին: Ա.Աբրահամյանն ասում է, որ Սումգայիթից ԼՂՀ գալու ճանապարհին էլ իրենց հանգիստ չեն տվել. ադրբեջանցիները քարկոծել էին իրենց մեքենան եւ ողջ ապրանքը ջարդուփշուր արել:
«Չեմ ուզում լսել այս կամ այն միջազգային կազմակերպությունների կամ առանձին անհատների խոսքերը, թե իբր պետք է փախստականները վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Հետաքրքիր է՝ ո՞վ կարող է վերադառնալ Սումգայիթ, երբ այդ նույն քաղաքում սպանել են իր հորը, քրոջը կամ բարեկամին»,- մեզ հետ զրույցում ասաց 1988-ին Սումգայիթից Ստեփանակերտ գաղթած Ն.Արզումանյանը, որն այժմ իր ընտանիքի հետ ապրում ու աշխատում է Ստեփանակերտում: Նա վստահեցնում էր, որ այլեւս Ղարաբաղից ոչ մի տեղ չի գնա, քանի որ այդ հողի ազատագրմանն իր կյանքն է նվիրել որդին, եւ ինքը պարտավոր է շենացնել այդ հողը:
Օրերս ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները`«ՀՅԴ-«Շարժում 88»-ը, «Հայրենիքը» եւ «Ժողովրդավարությունը», Սումգայիթյան դեպքերի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես նշվում է. «Մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, որ իրականացվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից, նպատակ ուներ ահաբեկել արցախահայությանը, խեղդել մեր ժողովրդավարական եւ օրինական ձգտումը։ Ոչ նախկին ԽՍՀՄ-ը եւ ոչ էլ, ցավոք, միջազգային հանրությունը ժամանակին իրավաքաղաքական գնահատական չտվեց մարդկության նորագույն պատմության մեջ իր նախադեպը չունեցող այդ եղեռնագործությանը։ Անպատժելիությունը ծնեց նոր չարիքներ Գանձակում, Բաքվում, Հյուսիսային Արցախում՝ ստեղծելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվելիք ցեղասպանության իրական վտանգ։ Այդ սպառնալիքը չեզոքացվեց միայն արցախահայության ինքնապաշտպանությամբ, որի շնորհիվ 1994թ. մայիսին հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ հաստատվեց հրադադար»: (Նույնաբովանդակ հայտարարություն երեկ տարածել են նաեւ ՀՀ ԱԺ խումբ-խմբակցությունները):
Անդրադառնալով Ադրբեջանի հակահայկական պետական քարոզչությանը` ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ այդ քաղաքականության դրսեւորում են նաեւ հայ ժողովրդի դեմ ոճրագործություններ իրականացրած անձանց ազգային հերոսի պատվանդանին բարձրացնելու փաստերը. Ադրբեջանում սումգայիթյան ցեղասպանությունն իրականացնողները համարվում են հերոսներ, իսկ 2005թ. տարվա մարդ է ճանաչվել Ռամիլ Սաֆարովը, որը վայրենաբար կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
«Ժամանակն այսօր մեզնից պահանջում է միակամություն՝ դիմակայելու համար բոլոր մարտահրավերները՝ հանուն ԼՂՀ միջազգային ճանաչման։ Այս նպատակին հասնելու համար մենք առաջնորդվում ենք 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հռչակած ուղեգծով, հանրաքվե, որն ունի բարձրագույն իրավական եւ անվերանայելի ուժ»,- ասվում է հայտարարության մեջ:
Այս առիթով Արցախում գործող երիտասարդական կազմակերպությունների անունից դատարապարտող դիմում-պահանջագիր է հղվել: Հուշագիրն անգլերեն թարգմանությամբ ուղարկվել է հատկապես ԵՄ ԼՂՀ խնդրի կարգավորման եռանախագահող երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին, այլ երկրների ներկայացուցչություններին, հ/կ-ներին եւ ԶԼՄ-ներին: Դատապարտելով իրականացված ոճրագործությունը` ԼՂՀ երիտասարդները պահանջում են Ղարաբաղը բնորոշել որպես ինքնապաշտպանված երկիր-ինքնապաշտպանություն` ընդդեմ Ադրբեջանի կազմակերպած տնտեսական ու ռազմական ագրեսիայի, դադարեցնել ԼՂՀ Ադրբեջանին բռնակցման նկրտումները, որը կնշանակի հայկական Ղարաբաղի ադրբեջանականացում. զորավիգ կանգնեք, որպեսզի Ղարաբաղը չդառնա մի նոր Նախիջեւան, ինչպես նաեւ` դադարեցնել խաղաղարար ուժերի տեղակայման թեման: «Դա մեր ժողովրդի անվտանգության երաշխիքը չէ: Մենք վստահում ենք միայն մեր բանակին: Նա է մեր խաղաղարար-պահապան ուժը: Մենք` Արցախի երիտասարդներս, պատվով ու ինքնազոհողությամբ շարունակելու ենք մեր հայրերի սրբազան գործը` պահպանելու մեր հայրենիքը, մեր անվտանգությունն ու անկախությունը»,- ասվում է դիմում-պահանջագրի մեջ: