Պետք է վերանայել բարեփոխումները

28/02/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2005/2006 ուսումնական տարում հանրապետությունում գործում են 236 ցերեկային հանրակրթական դպրոցներ, վարժարաններ եւ հանրակրթական ծրագրեր իրականացնող այլ հիմնարկներ: Դպրոցներից 173-ը միջնակարգ (լրիվ) ընդհանուր են, 42-ը` ոչ հիմնական ընդհանուր եւ 21-ը` տարրական ընդհանուր: Դպրոցների ընդհանուր թվաքանակից 204-ը գտնվում են գյուղական եւ 32-ը` քաղաքային բնակավայրերում: Նախորդ ուստարվա համեմատ հանրապետությունում դպրոցների թիվը կրճատվել է 1-ով:

2005/2006 ուսումնական տարում հանրապետության դպրոցներում սովորում է 21.632 աշակերտ` նախորդ ուսումնական տարվա 21.964-ի դիմաց:

Վերոնշյալ ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում դասավանդում է 4308 ուսուցիչ` նախորդ ուսումնական տարվա 4173-ի դիմաց: Ուսուցիչների 78,8 տոկոսը կամ 3396-ը կանայք են եւ 21,2 տոկոսը կամ 912-ը՝ տղամարդիկ:

Ինչպես ամեն տարեսկզբի, այս անգամ նույնպես ուսուցիչները սպասում էին իրենց աշխատավարձերի բարձրացմանը, սակայն վերջերս պարզ դարձավ, որ աշխատավարձերը բարձրացվել են ոչ նախորոք հայտարարված չափով: ԼՂՀ ԱԺ վերջին նիստում պատգամավոր Ռոմելա Դադայանը նույնպես անդրադարձել է այդ խնդրին: Նրա խոսքերով, այս տարի նախատեսվում էր աշխատավարձերը բարձրացնել 16,4 տոկոսով, սակայն իր հաշվարկներով, բարձրացվել են 14,8 տոկոսով: Ի պատասխան Ռ.Դադայանի խնդրանքին՝ մեկնաբանել այդ տարբերությունը, ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը նշեց. «Քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք միեւնույն դաշտում, եւ այս տարի այնտեղ հնարավոր չեղավ ապահովել համապատասխան տոկոսի բարձրացում, ապա ստիպված էինք որոշ շտկումներ անել: Պետք է նշել նաեւ, որ Հայաստանի համեմատ մեզ մոտ` ըստ մանկավարժական ստաժի, 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգերի աշխատավարձերում 5 տոկոս առաջանցիկ տեմպեր ունենք»:

Աշխատավարձերի այսկերպ բարձրացումից դժգոհ են նաեւ հանրապետության մանկավարժները: «Նրանք, ովքեր մի քիչ ծանոթ են մանկավարժի մասնագիտությանը, կհամաձայնեն ինձ հետ, որ դա ամենաբարդ ու աշխատատար գործերից մեկն է: Սակայն այդ աշխատանքի համար շատ ցածր են վարձատրում եւ սկսում ես մտածել այլ բնույթի աշխատանքի մասին: Շատերն իրենց ընտանիքի կարիքները հոգում են դպրոցից հետո անհատական պարապմունքներից գոյացած գումարի հաշվին, մյուսները, հիմնական աշխատանքից բացի, ստիպված են լինում զբաղվել առեւտրով կամ մեկ այլ բնույթի աշխատանքով,- պատմում է Ստեփանակերտի դպրոցներից մեկի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Վ. Ավետիսյանը: -Խոստովանեմ` եթե չլինի անհատական պարապմունքը, կարծում եմ, ավելի դժվար վիճակում կլինենք»: Մանկավարժը գտնում է, որ պետք է վերանայել կրթության ոլորտի բարեփոխումները:

Այս ամենով հանդերձ, ԼՂՀ-ում մանկավարժները շարունակում են կատարել իրենց վեհ գործը եւ ամեն տարի նրանց թիվն ավելանում է: Եթե տվյալներին նայենք, ապա պարզ կդառնա, որ այս մասնագիտությամբ հիմնականում զբաղվում են կանայք: Գուցե նաեւ այն պատճառով, որ մանկավարժների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ: Հարկ է նկատել նաեւ, որ ԼՂՀ շրջաններում դեռեւս առկա է մանկավարժների բացակայության խնդիրը, հատկապես` ծայրամասային գյուղերում: