Դա Վինչիի հաղթարշավը

28/02/2006

Վերջին տարիների ամենահայտնի եւ լավ վաճառվող Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» վեպն արդեն էկրանավորվել է եւ շուտով կներկայացվի Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Գաղտնիքներով եւ Վերածննդի շրջանի առեղծվածային ու միստիկական ծեսերով լեցուն ստեղծագործությունը ժամանակակից բլոկբաստերի տեսքով է ներկայացված, որտեղ եւ լավ հյուսված ինտրիգ, եւ Լեոնարդոյի ստեղծած գլուխկոտրուկների գաղտնիքների բացահայտում, եւ բոլոր դժվարությունները հաղթահարող սեր կա: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են ամերիկացի Թոմ Հենքսը, ֆրանսուհի Օդրի Տոտուն եւ ֆրանսիացի Ժան Ռենոն: Ֆիլմի նկարահանումները հույժ գաղտնի պայմաններում են ընթացել, լրագրողների մուտքը նկարահանման հրապարակ արգելված է եղել: Հիմնական նկարահանումները Լուվրում են եղել, քանի որ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» եւ «Մադոննան` քարանձավում» նկարները վեպի գաղտնիքի հիմնական առանցքում են գտնվում: Ֆիլմի հեղինակները յուրաքանչյուր նկարահանման օրվա համար Լուվրին 30.000 եվրո են վճարել: Ըստ վեպի` Հիսուս Քրիստոսը սիրել է Մարիա Մագդաղինացուն եւ նրանից երեխա է ունեցել, եւ մեր օրերում ապրող Քրիստոսի ժառանգներն ու կաթոլիկ եկեղեցին այս գաղտնիքը հրապարակել չեն ցանկանում: Վատիկանը քննադատել է «Դա Վինչիի կոդը» վեպը, որում վաղուց արդեն դոգմա դարձած եղեղեցական ավանդույթները բավականին ազատ եւ հետաքրքիր են մեկնաբանվում: Վեպը 40-ից ավելի լեզուներով է թարգմանվել եւ ռեկորդային` 25 մլն տպաքանակով տպագրվել: Իսկ առանց այդ էլ այցելուների քանակից չդժգոհող Լուվրը վերջին երկու տարիների ընթացքում իսկական բում է ապրում: Լուվրի եկամտի աճը կապված է վեպի հետ, շատերը ցանկանում են Լուվր այցելել եւ վերապրել վեպում պատկերված առեղծվածային մթնոլորտը, որտեղ իրական վայրում անիրական դեպքեր են կատարվում: Աշխարհի ամենահայտնի թանգարանի տնօրեն Դիդյե Սելը դա «Դա Վինչիի էֆեկտ» է համարում: