Տնկարանը կվերագործարկվի

28/02/2006

Քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը երեկվա ասուլիսում տեղեկացրեց, որ կանաչ գոտիների խնամքի սպասարկման համար նախատեսվել է համայնքային բյուջեներով ծախսել մոտ 450 մլն դրամ: Շարունակվելու են ոռոգման ցանցերի վերականգնման եւ նոր ցանցերի ստեղծման մշտական աշխատանքները, որի համար թաղային համայնքների հաշվին նախատեսվել է 250 մլն դրամ: «Քաղաքապետարանի ծրագրերում նույնպես նախատեսվում է ոռոգման ցանցերի ընդլայնման աշխատանքներ եւս 200 մլն դրամի շրջանակներում»,- նշեց Ռ. Կոսեմյանը: Կանաչապատման ոլորտի հետ կապված այս տարվա ներդրումները կազմում են 1 մլրդ դրամից ավելի գումար, եւ ամսվա վերջից այդ աշխատանքները կսկսվեն: Քանի որ հետագա տարիներին այդ աշխատանքների համար մեծաքանակ տնկանյութ է պահանջվելու, ուստի վարչության պետը վստահեցնում է, որ առաջին սպասարկող աղբյուրը պետք է լինի քաղաքային տնկարանը: Վերջինս հիշեցրեց նաեւ, որ հաստատվել է քաղաքի գլխավոր հատակագիծը, որում կանաչապատման, տարածքների ստեղծման աշխատանքները մեծ տեղ են գրավում եւ արդեն Բնապահպանության վարչության կողմից մշակվել է առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է տարածքների գույքագրում, կանաչապատման համալիր սխեմայի մշակում, աշխատանքային ծրագրերի մշակում, օրենսդրական դաշտի ստեղծում եւ այլ միջոցառումներ: