Հայաստանը` ռիսկային գոտի

28/02/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Մարդկանց առեւտրի եւ արտագնա կավատության դեմ պայքարելու համար 2003թ. մարտի 25-ին Հայաստանի կողմից վավերացվել են «Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան» եւ կոնվենցիային կից «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի նախականխման, կանխարգելման եւ պատժի վերաբերյալ», ինչպես նաեւ «օդով, ջրով եւ ցամաքով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» արձանագրությունները։ ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիային միացել են աշխարհի 117 երկրներ, որոնցից վավերացրել են միայն 27-ը:

Ստրկության, մարդու վաճառքի երեւույթը, որը կոչվում է թրաֆիքինգ, որպես չարիք մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Մարդիկ դառնում են ապրանք հանցավոր խմբավորումների ձեռքում, որոնք մարդկանց վերածում են առարկայի՝ փոխանակում, վերավաճառում, դաժանաբար ծեծում, խոշտանգում։

Մարդկանց առեւտուրը քրեական խմբավորմանը բազմամիլիարդ եկամուտներ է բերում։ Ըստ «Ինտերպոլի», թրաֆիքինգը քրեական ճանապարհով կազմակերպիչներին միլիոնավոր դրամական եկամուտներ բերելու առումով՝ թմրաբիզնեսից հետո 2-րդ տեղում է: Թրաֆիքինգից ստացված տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 450 մլն ԱՄՆ դոլար:

Համաձայն ՄԱԿ-ի գնահատականների՝ տարեկան 4մլն վաճառված մարդկանց մեկ քառորդն օգտագործվում է սեքսարդյունաբերության մեջ։ Կանանց միջազգային առեւտուրը կայանում է մատակարարող եւ ընդունող երկրների առաջարկով ու պահանջարկով։ Զարգացած սեքսարդյունաբերությամբ երկրները ստեղծում են պահանջարկ եւ հանդիսանում ընդունող երկրներ, իսկ այն երկրները, որտեղ առեւտրականները կարող են հեշտությամբ հավաքագրել կանանց, հանդիսանում են որպես մատակարարներ։

Սեքսարդյունաբերության հիմնական մատակարարները նախկինում եղել են Թաիլանդը, Ֆիլիպինները, Հոլանդիան, Գերմանիան, իսկ այսօր աշխարհում կանանց առեւտրի գլխավոր մատակարար են դարձել Ռումինիան, Ուկրաինան, Բելառուսը, Լատվիան, ՌԴ-ն։ Թրաֆիքինգով զբաղվողները հավաքագրման համար գտնում են առավելապես աղքատության, գործազրկության պատճառով գաղթել ցանկացող կանանց։

ՀՀ-ում թրաֆիքինգով զբաղվող քաղաքացիների համար տարանցիկ երկրներ են հանդիսանում ԱՄԷ-ն (Արաբական Միացյալ Էմիրություններ), Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը: Գոյություն ունի նաեւ չնչին արտահոսք դեպի եվրոպական որոշ երկրներ։ Թուրքիայի հետ Հայաստանը համապատասխան դիվանագիտական հարաբերություններ չունի, ինչի պատճառով համագործակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարում դրական արդյունք չի տալիս, իսկ ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ 2002-ին կնքվել է իրավական փոխօգնության պայմանագիր, ինչը որոշ չափով հեշտացնում է պայքարը մարդկանց առեւտրի դեմ։

2005-ին ԱՄԷ-ում ձերբակալվել եւ ՀՀ է տեղափոխվել Ա.Մ.-ն՝ «ժարիտ Ամալ» մականունով, որը նշանակալից դեր էր կատարում հայ կանանց թրաֆիքինգի մեջ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները պարզել են, որ «Մագնում» ինտերնետային ակումբում պատրաստվել եւ տարածվել են պոռնոգրաֆիկ նյութեր եւ լուսանկարներ: Կավատության եւ մարմնավաճառության կասկածանքով Ոստիկանություն բերման են ենթարկվել Ա. Հ-ն (Հեմո), Ի. Դ-ն (Իկուշ): Հեմոն գործել է Հայաստանում, իսկ Իկուշը` Դուբայում: Նրանք հավաքագրել են 11 մարմնավաճառների եւ յուրաքանչյուրից ստացել են 800 դոլար: Կավատությամբ զբաղվելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանից Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 25-ամյա Տ. Ռ-ն՝ «Տիգրան մեծ» մականունով: Նա հավաքագրել եւ Թուրքիա է ուղարկել 11 կանանց` մարմնավաճառությամբ գումար աշխատելու համար: Տ. Ռ-ն յուրաքանչյուր կնոջ համար ստացել է 250 դոլար:

2005թ. ՀՀ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ՀՀ-ում բացահայտվել է մարդկանց առեւտրի 11 եւ արտագնա կավատությամբ զբաղվելու 11 դեպք։