Թուրքական նոր հայրենասիրական մարտաֆիլմը

28/02/2006

«Իրաքյան գայլերի հովիտը» նոր թուրքական ֆիլմն ամերիկյան զինվորներին մարդասպաններ է դարձրել: Ֆիլմը մեկ շաբաթ առաջ է ցուցադրվել Թուրքիայի կինոդահլիճներում եւ այցելության ռեկորդներ է սահմանել: Առաջին երեք օրվա ընթացքում այն հասցրել է մեկ միլիոնից ավելի մարդ դիտել: Թուրքական թերթերը գրում են. «Նա, ով կդիտի այս ֆիլմը, ավելի շատ կսիրի իր հայրենիքը»: Եվ չնայած արյունոտ դրվագների առկայությանը, ֆիլմը գալիս են դիտելու եւ երեխաները, եւ երիտասարդները: Եվ բոլորը ոգեւորություն եւ սեփական երկրի հանդեպ հպարտության զգացում են ապրում:

Ֆիլմում պատկերված են ամերիկյան բանակի կողմից իրականացված դաժան խոշտանգումները Հյուսիսային Իրաքում գործող թուրքական զորամասի զինվորների դեմ: Ամերիկյան սպաները հարձակվում են թուրք զինվորականների վրա եւ ոչնչացնում նրանց, իսկ գաղտնի գործակալ Փոլադը վրեժ է լուծում: Ֆիլմում ամերիկացիները խիստ բացասական են պատկերված, նրանք ներխուժում են թուրք զույգի հարսանյաց տոնին, սպանում անմեղ մարդկանց, շատերին բանտ նետում եւ անմարդկային տանջանքների ենթարկում: Ֆիլմի հերոսներից մեկը հրեա բժիշկն է, ով գերի ընկած իրաքցիների ներքին օրգանների վաճառքով է զբաղված: Ֆիլմը նաեւ վառ ընդգծված կրոնական ուղղվածություն ունի: Քրիստոնյաները ֆանատիկոսներ են պատկերված, քրիստոնեությունը` չարիք, իսկ մուսուլմանները` բարի եւ հանդուրժող մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուր ցանկացողի:

Թուրքական այս նոր մարտաֆիլմը պետք է Գերմանիայում ցուցադրվեր: Սակայն Գերմանիայի իշխանությունները, հաշվի առնելով իրենց երկրում բնակվող մեծ թուրքական սփյուռքը, արգելել են այս ցուցադրությունը` վախենալով անկանխատեսելի հետեւանքներից: Բավարիայի վարչապետը հայտարարել է, որ «Իրաքյան գայլերի հովիտը» Եվրոպայի եւ Արեւելքի ինտեգրացիային չի նպաստում, եւ այդ ֆիլմի նկարահանումն անպատասխանատու քայլ է: Ֆիլմի ռեժիսոր Սերդար Աքարը նման մեղադրանքներին հարցով է պատասխանում. «Իսկ ինչո՞ւ չի կարելի հակաամերիկյան ֆիլմ նկարահանել»: Յուրաքանչյուր ամերիկյան մարտաֆիլմում հստակ ընդգծված այլազգի չարագործ է լինում, իսկ այս ֆիլմում չարագործն ամերիկացին է: Իսկապես, ինչո՞ւ չի կարելի նման ֆիլմ նկարահանել, մանավանդ, որ ֆիլմը շատ պրոֆեսիոնալ եւ դինամիկ է արված: «Իրաքյան գայլերի հովիտի» բյուջեն Թուրքիայի համար աննախադեպ մեծ է` 10 մլն դոլար: Ֆիլմի հեղինակները հույս ունեն, որ ետ կբերեն այդ գումարը, քանի որ Միջին Արեւելքի երկրները մեծ խանդավառությամբ կընդունեն նման ֆիլմը: Ինչպես թուրքերը:

Ն.Հ.