Մեր տեղեկություններով՝ «Իմ իրավունքը» թերթը բավականին մեծ ծավալով իրացվում է մասնավորապես Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում: Կալանավայրերի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ իրենց պարտադրում են գնել այդ թերթը, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացնում առանց այդ էլ ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների մոտ: Յուրաքանչյուր ամիս կալանավայրերի աշխատակիցների աշխատավարձից որոշակի գումար է գանձվում թերթի համար: Կալանավայրի աշխատակիցներից մեկը վիրավորված ասում է, որ ինքն առանձնապես ցանկություն չունի այդ թերթից գնել, սակայն իր կամքը ոտնահարելով պարտադրում են այն գնել: Ի դեպ, «Իմ իրավունքը» թերթը լույս է տեսնում շաբաթը երկու անգամ: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը մեզ հետ զրույցում միանշանակ հերքեց վերոնշյալը եւ ասաց, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, Ա. Սաղաթելյանի տեղեկություններով, քրեակատարողական համակարգի մի շարք սպաներ բաժանորդագրված են այդ թերթին դեռ 2005թ. աշնանից եւ հետաքրքրությամբ կարդում են այն: «Որեւէ թերթի օգտին որեւէ գանձումների մասին խոսք լինել չի կարող: Եթե կա փաստ, մենք պատրաստ ենք պատշաճ ընթացակարգերով ուսումնասիրել այն»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Լ.Ս.