Թարմ կարտոֆիլի հյութով բուժում են էկզեման, այրվածքները, կոշտուկները, մաշկի բորբոքումները եւ թարախային բշտիկները։ Մաքրած կարտոֆիլը անցկացնել քերիչով, ստացված զանգվածը լցնել երկտակ թանզիֆի վրա, դնել մաշկի վնասված մասին, թողնել 2 ժամ եւ լվանալ գոլ ջրով։
Արեւքուրիկի թուրմը (1։5) բուժում է յուղոտ սեբորեան (թեփոտում, բորբոքում), կորյակավոր ցանը, հանգստացնում է մաշկը, կանխում բշտիկների առաջացումը։
Թոշնած մաշկը թարմացնելու համար լավ են գայլուկի կոներից կամ ալոէի հյութից, տուղտի արմատներից, կեչու, եզան լեզվի տերեւներից պատրաստված թուրմերն ու թրջոցները։
Դիմակները պատրաստվում են հետեւյալ կերպ, բույսերը մանր կտրատել, վրան լցնել եռման ջուր (1։3), եռացնել 2-3 րոպե եւ տաք վիճակում լցնել թանզիֆի վրա։ Դիմակը դեմքի վրա պահել 15-20 րոպե, հետո լվանալ գոլ ջրով։ Դիմակը կրկնել երեք շաբաթ, օրընդմեջ։
Դաշտային ձիաձետը պարունակում է խնձորաթթու, ասկորբինաթթու, կարոտին եւ վիտամիններ։ Ձիաձետի թուրմը (1։10) օգտագործվում է թրջոցների ձեւով, յուղոտ, լայն ծակոտիներով մաշկի դեպքում։
Երիցուկը պարունակում է եթերային յուղեր, ունի հակաբորբոքային, ցավազրկող հատկություն։ Երիցուկի թուրմն օգտագործվում է արեւահարումների (թրջոցների ձեւով), քրտնխաշի դեպքում (թուրմով շփելու միջոցով)։
Մազերը սիստեմատիկաբար երիցուկի թուրմով ողողելու դեպքում դրանք ստանում են բաց ոսկեգույն երանգ։
Չոր մաշկի համար օգտակար են երիցուկի ծաղիկներից, անանուխի տերեւներից, վարդի եւ մասուրի թերթիկներից պատրաստված դիմակները։
Յուղոտ մաշկին օգտակար են արեւքուրիկի, թրթնջուկի, վաղինակի ծաղիկներից, տատրակի տերեւներից պատրաստված դիմակները։ Այդ դիմակներն ունեն հակաբորբոքային եւ մաքրող հատկություն։
Երիցուկի թուրմը պատրաստվում է այսպես. 1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներ, թողնել 20 րոպե եւ օգտագործել օրական 3 անգամ։
Գեղահարդարման նպատակով երիցուկի թուրմը պատրաստվում է այսպես. 3-6 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները լցնել եռացրած ջրի մեջ, եռացնել 5 րոպե, թողնել 1 ժամ, հետո օգտագործել։
Այս թուրմով կարելի է մազերը լվանալուց հետո ողողել, որից մազերը դառնում են փափուկ, էլաստիկ, իսկ բաց գույնի մազերը ոսկեգույն երանգ են ստանում։
Երիցուկի թուրմը շատ օգտակար է նաեւ անգինայի դեպքում, բերանի եւ կոկորդի ողողման համար։ Թուրմով կարելի է լվանալ աչքերը, թարախակալված վերքերը։
Երիցուկի լվածաղիկի թուրմով թրջոցներն աչքերը հանգստացնող դեղամիջոց են։
2 ճաշի գդալ երիցուկը լցնել 200 մլ ջրի մեջ, եփել 10 րոպե եւ օգտագործել որպես լոսյոն։
Երիցուկի եփուկը բարերար ազդեցություն ունի բոլոր մաշկերի, հատկապես չոր, թեփոտ մաշկի համար։ Այն օժտված է սպիտակեցնող, հանգստացնող եւ հակաբորբոքային հատկությամբ։
Կապույտ տերեփուկի շոգեխաշուկը (մեկ բաժակ եռացրած ջրին` երեք թարմ ծաղիկ) նեղացնում է մաշկի ծակոտիները, անցկացնում է աչքերի կարմրությունը եւ նրանց փայլ տալիս։ Օգտագործվում է սառեցրած վիճակում։