Լեւոն Արոնյանը երկրորդն է

28/02/2006

Երեկ ավարտվեց «Մորելիա-Լինարես» 20-րդ կարգի շախմատային սուպերմրցաշարի առաջին շրջանը, որը տեղի էր ունենում Մեքսիկայի Մորելիա քաղաքում։ Հուրախություն հայ շախմատասերների, բավականին հաջող հանդես եկավ Լեւոն Արոնյանը։ 7-րդ տուրում նա պարտության մատնեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյին եւ երկրորդ շրջանից առաջ 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Լեւոնն ընդամենը կես միավորով է զիջում առաջատարին՝ Պետեր Լեկոյին, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի գործող չեմպիոն բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ։ Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետեւյալ տեսքը. 1. Պետեր Լեկո (5 միավոր), 2. Լեւոն Արոնյան (4,5), 3. Պյոտր Սվիդլեր (4), 4-5. Վասիլի Իվանչուկ, Թեմուր Ռաջաբով (3,5), 6. Ֆրանսիսկո Վալեխո (3), 7. Վեսելին Թոփալով (2,5), 8. Էթյեն Բաքրո (2)։

Երկրորդ շրջանը կմեկնարկի մարտի 3-ին, Իսպանիայի Լինարես քաղաքում եւ կշարունակվի մինչեւ մարտի 11-ը։ Լեւոնը լավ հնարավորություններ է պահպանում մրցանակային տեղեր գրավելու համար։ Հիշեցնենք, որ մասնակիցների մեջ նա իր վարկանիշով զիջում է միայն Սվիդլերին եւ Թոփալովին։ Հաջողության հասնելու դեպքում Լեւոն Արոնյանը ոչ միայն կբարձրացնի իր անհատական վարկանիշը, այլեւ կարող է զգալիորեն բարելավել իր ֆինանսական վիճակը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 380 հազար եվրո։