Մի քանի օրից գարունը կմտնի իր իրավունքների մեջ, իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գների հարցում դեռ պարզություն չկա։ Հաշվի առնելով, որ սակագների բարձրացման դեպքում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է այդ մասին տեղեկացվի 3 ամիս առաջ՝ կարելի է ասել, որ մինչեւ ամառ հայաստանցի սպառողները գազի համար կվճարեն նույն գինը։ Վերը նշված հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը հավաստիացրեց, որ գները բարձրանալու են, սակայն որքանո՞վ՝ ինքն էլ դեռ չգիտի։
Ըստ Ն. Գրիգորյանի՝ մենք իրավունք չունենք Ռուսաստանին մեղադրել Հայաստան մատակարարվող գազի գները բարձրացնելու համար, քանի որ շրջանառության մեջ հայտնված 110 ԱՄՆ դոլարը շուկայական գին է։ «Իրականում մեր բնակիչները ոչ թե գտնում են, որ այդ գինը բարձր է, այլ ասում են՝ գրպաններս է դատարկ, գրպաններս լցրեք, մենք կվճարենք»։
«Գրպանները լցնելը», ինչպես երեւում է, մեր իշխանությունները համարում են իրենց պարտականությունների շրջանակից դուրս հարց։
Ինչ մնում է հարցի «բարոյահոգեբանական» կողմին եւ սակագնի բարձրացման հիմնավորվածությանը, ապա հարց է առաջանում, որին բոլորը խուսափողական եւ անբավարար պատասխան են տալիս։ Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական գազը Վրաստանի տարածքով գալիս հասնում է Հայաստան` 1000 խմ-ն 54 ԱՄՆ դոլարով, իսկ երկրի ներսում «ՀայՌուսգազարդը» երկնագույն վառելիքը սպառողին հասցնում է մոտ 131 դոլարով (59 հազար դրամ)՝ 2,5 անգամ թանկ։ Պարզ է՝ բացատրում են հարկերով, տարբեր ծախսերով եւ այլն, սակայն ներմուծված գազի գնի վրա 150 տոկոս ավելացումը իրականում դժվար է համոզիչ կերպով բացատրել։ Դրանից կարելի է անել երկու հետեւություն. կա՛մ «ՀայՌուսգազարդը» գերշահույթներ է ստանում, կա՛մ էլ այն, ինչ փորձում է ապացուցել «Գազպրոմը». ներկայիս գինը շուկայականից անհամեմատ ցածր է։
Հետեւանքների առումով բոլորը միակարծիք են, ընդհանուր գների վրա դա ազդեցություն կունենա, սակայն ազդեցության չափի վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Մենք արդեն անդրադարձել էինք ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի տեսակետներին։ Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանի հավաստմամբ, 110 ԱՄՆ դոլար գնի դեպքում էլեկտրաէներգիան կթանկանա 3-4 դրամով։ Նույն կարծիքին էր նաեւ Ն. Գրիգորյանը։ Վերջինս հայտարարեց, որ իրենք հաշվարկներ են արել հնարավոր 70, 90 եւ 110 դոլար սակագների համար եւ պարզել, որ էլեկտրաէներգիան կթանկանա նվազագույնը 3 դոլարով։ Այսինքն՝ կարելի է, որ այդ «նվազագույնը» վերաբերում է 70 դոլարին։
Գնաճի տեսանկյունից գազի գների բարձրացման մասին հնարավոր ազդեցությունն արժանացել է նաեւ Կենտրոնական բանկի ուշադրությանը։ Ըստ ԿԲ մասնագետների, դրա ազդեցությունը կտատանվի 0,5 տոկոսի սահմաններում, այնպես որ, 2006թ. համար նախատեսված 3 տոկոսանոց գնաճը զգալի փոփոխությունների չի ենթարկվի։ ԿԲ-ն նաեւ գտնում է, որ այդ փոփոխությունները կզգացվեն 2007 թվին։
Հիշեցնենք, որ այս կարծիքի հետ մասամբ համաձայն չէր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Մերուժան Հակոբյանը։ Վերջինս գտնում էր, որ գազի գնի թանկացումը լուրջ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության էներգատար ճյուղերի վրա։
Իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով` գների թռիչք է լինելու՝ 10-15%-ի սահմաններում։ Տնտեսագետը դա բացատրում է հայաստանյան շուկայի «տարօրինակություններով», երբ մի ապրանքի գնի բարձրացման դեպքում` մյուսներն, առանց պատճառի, բարձրանում են։ Այդպիսի վարքագիծ ցուցաբերում են առաջին հերթին էներգակիրները՝ բենզինը, դիզվառելիքը, գազը, էլեկտրաէներգիան եւ հացահատիկը։
Նշենք, որ շատ ռուս մասնագետներ Ռուսաստանի քայլը փորձում են բացատրել այն հանգամանքով, որ ՌԴ-ն առանց լուրջ պատճառի չէր բարձրացնի մատակարարվող գազի սակագինը, քանի որ այստեղ գործում են ռուսական շատ ընկերություններ, որոնց դա նույնպես ձեռնտու չէ։
Իրոք, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, այսօր Հայաստանում կա ռուսական կապիտալ ունեցող մոտ 500 ընկերություն։ Սակայն ռուսների կողմից որպես գլխավոր օրինակ բերվող ՌԱՕ ԵԷՍ-ը, որին պատկանում է ամենախոշոր համակարգը՝ Հրազդանի ՋԷԿ-ը, դժվար թե էական վնասներ կրի։ Եթե այլ ապրանքներ արտադրող ընկերությունները կարող են բարձր գնի արդյունքում մրցակցության հետ կապված խնդիրներ ունենալ, ապա Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքը՝ էլեկտրաէներգիան, մրցակցությունից դուրս է։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 3-4 դրամով դժվար թե էական ազդեցություն ունենա սպառման ծավալների վրա։
Այսպես թե այնպես, մեզ այլ բան չի մնում անել, քան սպասել, թե ում կանխատեսումները ճիշտ դուրս կգան։ Իսկ «ռազմավարական գործընկերները» գազի գնի շուրջ դեռ բանակցում են։ Համենայնդեպս, այդպես են ասում: