Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պարբերաբար խախտումներին: Հիշեցնենք, որ այս օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա կեսերից, ՀՀ տարածքում ապրանքների եւ ծառայությունների գնանշումն ու դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են միայն դրամով:
Վերոնշյալ օրենքի համաձայն, հարկային մարմինների կողմից իրականացվող գործառույթների եւ խնդիրների շրջանակն էականորեն ընդլայնվել է: Բանն այն է, որ այդ օրենքի 9-րդ եւ 10-րդ հոդվածների համաձայն, օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հարկային պետական ծառայությունը` «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով: Հարց է ծագում. ինչո՞ւ հենց հարկայինը պետք է զբաղվեր այս գործընթացի վերահսկողությամբ, որն, ըստ էության, չի առնչվում այս կառույցի հիմնական գործունեության հետ: Միգուցե նրա համար, որ հարկային մարմիններն օժտված են վարչարարական լծակներով եւ ստուգումների բնագավառում ավելի փորձառո՞ւ են: Տեսակետ կա, թե այստեղ գործել է հետեւյալ մտածելակերպը. «Եթե ստուգայցեր եք կատարում, «ձեռքի հետ» էլ հետեւեք, որ առեւտուրը դրամով իրականացնեն»:
Ի՞նչ է արել Հարկային ծառայությունը վերջին ամիսներին: Ինչպես տեղեկացանք այս կառույցի լրատվական ծառայությունից, նախ, հարկային մարմնի գործառույթները եւ հարկային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական (գերատեսչական) ակտերը համապատասխանեցվել են «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին (մասնավորապես, հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների հանձնարարագրերի եւ ստուգման ակտերի մասով): Հարկային մարմնի ղեկավարի հրամանով ներդրվել են նաեւ վերոնշյալ օրենքի եւ արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման կազմակերպման եւ անցկացման մեխանիզմները:
2005թ.-ի վերջին Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը հարկային տեսչություններին հանձնարարել է համապատասխան տարածքներում տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում «արժութային» ուսումնասիրություններ եւ ստուգայցեր կատարել: Իսկ դրանց արդյունքն առավել, քան հետաքրքիր է: Նախազգուշացվել են ընդամենը 28 տնտեսվարող սուբյեկտներ: Իսկ թե ինչո՞ւ են միայն նախազգուշացվել, հարկային մարմնի լրատվական ծառայությունը մեկնաբանում է. «Մինչեւ 2006թ. հունվարի 1-ը օրենքի պահանջների խախտումների համար առաջին անգամ կիրառվում էր նախազգուշացում, իսկ տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտումը կրկնելու դեպքում` տուգանք»:
Հունվարից ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի նոր խմբագրությունը, որի համաձայն, եթե Հայաստանում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները դրամով չեն իրականացվում, ապա տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում է տուգանք` օրենքի խախտման գումարի չափով: Ընդ որում, օրենքի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:
Ներկայումս հարկային մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարագրեր են հրապարակվել, եւ Երեւանում շարունակվում են ստուգումները: Միաժամանակ նախատեսվում է վերոնշյալ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության աշխատանքների կազմակերպման համալիր միջոցառումների մասին Ֆ. Ցոլակյանի հրամանը: Հուսով ենք, այդ միջոցառումները կիրականանան ճիշտ եւ առանց կաշառակերության, ինչի դեպքում ԿԲ-ն կուրախանա. չէ՞ որ այս խնդրի լուծումը ձեռնտու է հենց այս կառույցին, իսկ հարկայինն ընդամենը «ծառայում» է