Անդրանիկ Մանուկյանի նոր սերվիսը

25/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համառ լուրեր են պտտվում, թե Պետավտոտեսչության ավտոտեխզննման բաժինը Ոստիկանության համակարգից պետք է տեղափոխվի Տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարարության համակարգ: Ո՞րն է այս տեղափոխության պատճառը, կամ ի՞նչ նպատակ է հետապնդում այս տեղափոխությունը, համապատասխան ոչ մի կառույց չմեկնաբանեց այն պարզ պատճառով, որ տեղափոխումը դեռ չի կատարվել, եւ տեղեկատվությունը դեռ խոսակցության մակարդակի վրա է:

Բայց մենք գիտենք, որ նման խոսակցությունները որոշ ժամանակ հետո դառնում են իրականություն, որից հետո արդեն պարզ է դառնում, թե ինչ նպատակ էր հետապնդում տվյալ փոփոխությունը: Համենայնդեպս, մենք փորձենք պարզել, թե ինչ նպատակ կարող է հետապնդել կոնկրետ այս տեղափոխությունը:

Ոստիկանությունից տեղեկատվություն չեն տալիս, թե Հայաստանում քանի ավտոմեքենա կա: Պատճառաբանում են, թե դա ռազմավարական գաղտնիք է, բայցի չեն բացատրում, թե իրավական ո՞ր ակտն է սահմանում Հայաստանում ավտոմեքենաների քանակի գաղտնիությունը: Մեզ պատասխանեցին, որ դա էլ է գաղտնիք: Իսկ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնից տեղեկացանք, որ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 265.733 տրանսպորտային միջոց: Մաքսային տվյալներով` 2004 եւ 2005 թվականներին ներմուծվել է մոտ 34.065 ավտոմեքենա: Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով, Հայաստանում կա 300.000 տրանսպորտային միջոց: Այս թիվն աճելու միտում ունի, որովհետեւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների ներմուծումը գնալով ավելանում է: Իսկ ինչքան ավտոմեքենա կա, տարեկան այդքան էլ ավտոտեխզննում կլինի համապատասխան մուծումներով, հարկերով ու տուրքերով: Յուրաքանչյուր մեքենայի տեխզննման տուրքը, Ոստիկանության լրատվական ծառայության տվյալներով, տարեկան 6000 դրամ է: Վարորդներն այդ գումարը վճարում են համապատասխան հաշվեհամարին եւ կտրոնով ներկայանում Պետավտոտեսչության համապատասխան կետեր, որտեղ էլ ծառայողները վարորդի մեքենան տեխնիկական զննման են ենթարկում, պարզելու համար, թե կա՞ արդյոք որեւէ անսարքություն կամ խախտում: Այսինքն, 6000 դրամը, որ փոխանցվում է պետբյուջե, այդ տեխզննման գումարն է: Ոստիկանության ծառայողն իրավունք չունի վարորդից հավելյալ գումար գանձել: Սակայն բոլոր վարորդներն էլ կարող են վկայել, որ դա այդպես չէ: Ոստիկանության ծառայողը ցանկացած պահի կարող է որեւէ անհամապատասխանություն գտնել: Ասենք, դեղատուփի մեջ թանզիֆ չկա, կամ էլ անվադողերը մաշված են: Ավելորդ գլխացավանքից ազատվելու համար վարորդներից շատերը փաստաթղթերի հետ միասին որոշ «մաղարիչ» էլ են տալիս ստուգողին ու հարցերը հեշտ լուծում են: Մաղարիչի միջին չափը 5000 դրամ է: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ վարորդներն այնքան էլ ուշադիր չեն լինում իրենց մեքենայի տեխնիկական վիճակի նկատմամբ: Նրանք ասում են, որ 5000 դրամից հետո ոստիկանը գրեթե չի ստուգում մեքենան, բայց տեխզննման կտրոնը տալիս է: Իսկ սա նշանակում է, որ այսպիսի կտրոն ունեցող ոչ բոլոր մեքենաներն են սարքին վիճակում: Մենք դրանում համոզվում ենք նաեւ այն ժամանակ, երբ օգտվում ենք երթուղային տաքսիների կամ ընդհանրապես տաքսիների ծառայություններից: Քիչ չեն այն դեպքերը, երբ մեզ փոխադրող տրանսպորտային միջոցը մինչեւ տեղ հասնելը, ոչ սարքին լինելու պատճառով, մի քանի անգամ փչանում է: Բայց դիմացի ապակու վրա փակցված է տեխզննման կտրոնը: Կամ ինքներս գիտենք, որ մեր մեքենան չունի համապատասխան տեխնիկական վիճակ, բայց ունի կտրոն: Իսկ այս վիճակից օգտվում է Պետավտոտեսչության մյուս ծառայողը՝ տեսուչը: Կասկածելի մեքենայի վրա որեւէ անսարքություն նկատելով՝ նա հաճախ վարորդներին բաց է թողնում՝ ստանալով նույնատիպ մաղարիչ: Կարելի է եզրակացնել, որ Պետավտոտեսչության համակարգում «լեւի» գումարներ աշխատելու հնարավորություններ են տալիս իրար: Եվ ընդունված կարծիք կա, որ Պետավտոտեսչությունը Ոստիկանության ամենակոռումպացված բաժինն է:

Այս ֆոնի վրա վերոհիշյալ փոփոխությունը՝ մեքենաների տեխզննումը Տրանպորտի նախարարությանը փոխանցելը, կարելի է մեկնաբանել որպես կոռուպցիայի կրճատում: Մասնագետները գտնում են, որ այդ տեղափոխությունը, որպես այդպիսին, տեղին կլինի: Սպասարկումն ու վերահսկողությունը բաժանելով տարբեր կառույցների միջեւ՝ կրճատում են կաշառակերության ռիսկերը: Տվյալ դեպքում վերահսկողությունը մնում է Ոստիկանության ծառայությանը, իսկ սպասարկումը տեղափոխվում է Տրանսպորտի նախարարության համակարգ: Այսպիսով Ոստիկանության տեսուչը պետք է ստուգի, նաեւ հսկի ՏԿ նախարարության տեխզննման որակը:

Իսկ Տրանսպորտի նախարարությունում ինչպե՞ս են ստուգելու մեքենաների տեխնիկական վիճակը: Ամբողջ Հայաստանով մեկ զննման կետե՞ր են բացելու: Իհարկե ոչ, Հայաստանում, մանավանդ` Երեւանում, այդպիսի ծառայությունների պակաս չկա: Ամեն քայլափոխին մենք կարող ենք հանդիպել ավտոտեխսպասարկման մասնավոր կառույցների, որոնցից շատերը հատուկ մասնագիտացված են, իսկ մի մասն էլ ավելի մեծ ու զարգացած են եւ ունեն մեքենային սպասարկելու բոլոր ծառայությունները: Այդ նպատակով Տրանսպորտի նախարարությունը հավանաբար մրցույթ կհայտարարի, եւ մասնավոր այն սպասարկման կետերը, որոնք կբավարարեն ներկայացվող պահանջները, կստանան համապատասխան լիցենզիա: Իսկ մենք արդեն գիտենք, որ նման դեպքերում եւ նման մրցույթներում պատահական սուբյեկտները չեն հաղթում: Մանավանդ, որ մրցույթ հայտարարող կառույցի ղեկավարը կամ ղեկավարի եղբայրը, քավորը կամ աներձագը, կամ էլ բոլորը միասին ունեն մասնակից ընկերություն: Հավանաբար արդեն կռահեցիք, որ այս ամբողջ շարադրանքի ծայրը գնում-հասնում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող 15-րդ թաղամասում, Քանաքեռում եւ ով գիտի էլ որտեղ գտնվող «Արարատ-լադա» ավտոսպասարկման բավականին մեծ ընկերությանը: Իսկ ի՞նչ եք կարծում, կառուցվածքային նման փոփոխությունից հետո «Արարատ-լադան» կմասնակցի՞ համապատասխան մրցույթին: Իհարկե կմասնակցի, նաեւ կհաղթի: Իսկ այդ հաղթանակն ի՞նչ կտա «Արարատ-լադային»: Նշեցինք, որ Հայաստանում կա մոտ 300.000 տրանսպորտային միջոց, որոնք յուրաքանչյուր տարի պետք է պարտադիր տեխզննման ենթարկվեն: Այսինքն՝ այդ 6000 դրամները կփոխանցվեն ոչ թե պետբյուջե, այլ ինչ-որ արտոնյալների եւ Ա. Մանուկյանի գրպանը: Մասնագետներն ասում են, որ այս ամբողջ ավտոպարկի 80 տոկոսը, մոտ 240.000-ը տարեկան տեխզննումն անցնում է: Մոտավոր հաշվարկներով` տարեկան կվճարվի 1 մլրդ 440 մլն դրամ կամ 13 մլն 200.000 դոլար: Այսինքն, այս կլորիկ գումարը, պետբյուջե գնալու փոխարեն, կուղղորդվի մեր ազգի նվիրյալների գրպանը: Այս տեղափոխությունը մեկ այլ հաշվարկ էլ ունի: Դրանից հետո վարորդները պարտավորված կլինեն վերանորոգելու համար իրենց մեքենաները տանել այս լիցենզավորված «սերվիսները»: Այս հանգամանքը կբերի ավտոտեխսպասարկման մոնոպոլիզացմանը: Եղած մանր ու միջին կետերն անգործ մնալուց կփակվեն, շատ մասնագետներ էլ գործազուրկ կդառնան, փոխարենը` մի խումբ հարուստներ ավելի կհարստանան:

Նշենք, որ մեր աղբյուրների հավաստմամբ, միայն Երեւանում ավտոմեքենաների թիվը հասնում է 100.000-ի:

Այնպես որ, այս փոփոխությունը դժվար թե կրճատի Հայաստանի կոռուպցիան: