Ինչո՞ւ են լարված նախագահի դիմագծերը

25/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Կարծիք կա, թե ՀՀ նախագահի դիմագծերն անընդհատ լարված են, որովհետեւ նրան շարունակական լարման ու խուճապի մեջ է պահում իր անձնական թիկնազորը՝ անընդհատ ինչ-որ վտանգավոր իրավիճակների մշուշով պատելով նախագահի ենթագիտակցությունը:

Իսկ դրա պատճառն, ասում են, այն է, որ նախագահի թիկնապահները դժգոհ են նախագահից, որովհետեւ շատ քիչ են վարձատրվում: Եթե նկատի ունենանք, որ թիկնապահների ամսական նվազագույն վաստակը 500 դոլարին համարժեք դրամից պակաս չէ, ապա 70-80.000 դրամ աշխատավարձ ստացող նախագահի թիկնապահների դժգոհությունը գոնե մասամբ հասկանալի կլինի: Փոխարենը վարչապետի անհամեմատ խաղաղ ու ինքնագոհ դեմքն էլ ապացուցում է, թե ինչքան լավ է վերջինս «նայում» իր անվտանգության պահապաններին: Այս մասին խոսվում է թիկնապահների ներքին «կուխնյայում»: Իսկ առհասարակ թիկնապահն իրավունք չունի խուճապի մեջ պահել այն անձին, ում անվտանգությունը պարտավորվել է ապահովել, որքան էլ նրա կյանքի հանդեպ հնարավոր վտանգը մեծ լինի` նշում է զրուցակիցս, որ այս ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Թիկնապահի առաջին խնդիրն, ըստ իմ զրուցակցի, պետք է լինի վտանգավոր իրավիճակներից խուսանավելը. «Եթե տեսնում ես, որ բանը բանից անցնում է՝ պետք է արագ «լվացվես» էդ տարածքից, այսինքն՝ էն մարդուն, ում կյանքը պահպանում ես, պետք է արագ, անվնաս լիկվիդացնես, ոչ թե նրան թողած՝ սկսես տեղում ուրիշ հարցեր լուծել»: Իսկ սրա համար բոլորովին պարտադիր չեն «լիքը բլակներն ու հաստ վզերը». ընդամենը պետք է տրամաբանել՝ արագ կողմնորոշվել, արագ որոշում կայացնել, արագ գործել: Վզի հաստությամբ, սափրած գլուխներով ու ֆենոմենալ բթամտությամբ ակնառու թիկնապահներով տերերը հիմնականում փորձում են հոգեբանական տեռորի ենթարկել հասարակությանը. «Այդ սափրագլուխներից ու հաստավզերից շատերն ընդամենը կարող է կուլտուրիզմով զբաղված լինեն ու այս մասնագիտությունից գաղափար անգամ չունենան, նույնիսկ զենք բռնել չիմանան, էլ չեմ ասում, որ չգիտեն՝ երբ կարելի է այդ զենքը օգտագործել, երբ՝ ոչ»: Իմ զրուցակիցը տրամաբանական փայլուն ունակությունների չափ կարեւոր նախապայման է համարում նաեւ թիկնապահի ազնվությունն ու անկաշառությունը: «Թիկնապահի ազնվությունը ստուգելու որեւէ տարբերակ ես չեմ տեսնում, բացի գործի ժամանակ նրա դրսեւորած վարքից»,- համոզված է նա: Թիկնապահի գործն ընտրած մարդն անձնական կյանքի ժամանակ չի ունենում, որովհետեւ «պարտավոր է լինել այն մարդու ստվերը, ում կյանքի պահպանության գործն իր վրա է վերցրել»: Նրանց գործը հեշտ է, եթե «տերը» կազմակերպված ու հավասարակշռված մարդ է. «Անհամեմատ դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր առօրյա հստակ ծրագրեր չեն ունենում եւ անառողջ կենցաղով են ապրում՝ սկսած գիշերները կազինոներում ու գիշերային ակումբներում քարշ գալուց, ու այն սիրուհիների անկողիններում ավարտելուց»: Ըստ իմ զրուցակցի` թիկնապահներ ունենալը Հայաստանում «մոդա դարձավ 1996 թվականից»: «Այդ ժամանակվանից մարդկանց ինչ-որ մի խմբի մոտ սկսվեց հսկայական փողերի կուտակում, եւ քանի որ, հավանաբար, դրանք մաքուր ճանապարհով աշխատած փողեր չեն, մարդիկ սկսեցին վախենալ ու իրենց շրջապատեցին թիկնապահներով: Մաքուր մարդը երբեք չի վախենա»,- համոզված էր իմ մեկ այլ զրուցակիցը:

Այն, որ ԱԺ-ն թիկնազորային գործունեության վերաբերյալ լսումներ էր անցկացնում, իմ զրուցակիցներին կարծես այնքան էլ չէր հուզում. համենայնդեպս, նրանք դեմ չէին իրենց գործունեությունն իրավական դաշտում կազմակերպելուն: Սակայն «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրինագիծն ԱԺ-ն չհաստատեց. հավանաբար, «տերերը» դեռ վախենալու բան ունեն..