«Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ «168 Ժամին» ուղարկված նամակի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ թերթում տպագրված «Նորանշանակ «առաքյալը» սնունդն առել-փախել է» տեղեկատվության փաստերը վերցված են Վանաձորի «Լոռի» հեռուստատեսության հունվարի 31-ի հաղորդումից (մասնավորապես՝ «Մունետիկ» լրատվականից): Իսկ թե բարեգործական ճաշարանի շահառուների հարցերով նախկինում զբաղվող Ա. Զուրաբյանը կոնկրետ ի՞նչ հաստիք է զբաղեցրել ճաշարանում (նամակից տեղեկացանք, որ նա եղել է ճաշարանի պատասխանատու), դա հարցի այլ կողմն է: Փաստն այն է, որ ճաշարանի շահառուները դժգոհել էին ոմն Մնոյանից, որ, փաստորեն, Երեւանից գործուղված է եղել Վանաձոր՝ փոխարինելու Զուրաբյանին, որին էլ աշխատանքից ազատել էին պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, ինչն էլ հարուցել էր շահառուների դժգոհությունը: Նամակում նշվում է. «Ճաշարանը ոչ մի օր չի փակվել»: Այդ դեպքում ինչո՞ւ էին մի քանի օր շարունակ աղմուկ բարձրացրել ճաշարանի շահառուները՝ ձմեռ օրով հայտնվելով փակ դռների առջեւ (այդ բողոքն էլ ցուցադրվել է «Լոռի» հեռուստատեսությամբ): Ի դեպ, հաղորդման ժամանակ բողոք հնչեցվեց նաեւ այդ նույն ճաշարանի այլ աշխատողների կողմից. սոցիալական աշխատողն ու բուժքույրը դժգոհում էին, որ իրենց հանիրավի ազատել են աշխատանքից, բայց հետո «դրսից» նոր մարդ ընդունել:
Փետրվարի 10-ի «168 Ժամ» թերթի քննարկման տեղիք տված հրապարակումից հետո նոր փաստեր են ի հայտ եկել: Պարզվում է, տեղական հեռուստատեսությամբ ցուցադրված այդ ողջ «կռիվ-ղալմաղալից» եւ այն հանրապետական մամուլով ի հայտ բերելուց հետո 150 շահառուներին կերակրելու հոգսն իր վրա է վերցրել Վանաձորի քաղաքապետը՝ համապատասխան հանձնարարականներ տալով իր կողմից քաղաքապետարանի կազմում վերջերս ստեղծված սոցիալական բաժնի պետին: Ընդ որում, իր այդ նախաձեռնության եւ ճաշարանին առնչվող խնդիրների քննարկման մասին քաղաքապետը նախընտրել էր հասարակությանն իրազեկել Վանաձորի «Վա-Բա» դեցիմետրային հեռուստատեսությամբ: Միգուցե քաղաքապետի կողմից ճաշարանի շահառուների հոգսը իր վրա վերցնե՞լն է նկատի առնվում, երբ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նամակում նշվում է, թե ճաշարանը «գործել է եւ շարունակում է գործել»: Իսկ թե քաղաքապետն էլ ի՞նչ միջոցներից է հատկացումներ անելու շահառուներին՝ մնում է անհայտ. համենայն դեպս, Վանաձորի համայնքի ավագանու նիստերում այդ առթիվ հարց չի քննարկվել: Ընդհանրապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետական հատկացումներ չեն արվում միայնակ, անօգնական եւ սոցիալապես անապահով մարդկանց համար բարեգործական ճաշարաններ բացելու նպատակով, որպեսզի վերջիններս չմնան միջազգային կազմակերպությունների կամ բարերարների հույսին: Չէ՞ որ հենց այդ խավն էլ հետագայում կամա-ակամա մասնակից է դառնում նախընտրական «խաղերի» (ոմանք էլ հարկադրված անդամագրվում են այլադավան կրոնական հոսանքների)՝ հանուն մի կտոր հացի: