Բիզնես՝ դպրոցականների հաշվին

25/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների շուրջ 1 ամիս դպրոցներում կատարած ուսումնասիրություններից հետո, ամիսներ առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանը դժգոհություն հայտնեց դպրոցներում մատակարարվող սննդի առնչությամբ:

Կ. Արեյանը հայտարարեց, որ այսուհետ դպրոցները պայմանագիր կկնքեն բացառապես այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք ապահովված են սննդի արտադրությամբ, մատակարարմամբ, օրենսդրորեն պահանջվող փաստաթղթերով, եւ սնունդը պետք է ունենա ծագումը հավաստող փաստաթղթեր: «Ինքներս ենք նկատել մեր բացը եւ ինքներս էլ պարտավոր ենք կարգավորել»,- ասաց Կ. Արեյանը: Իսկ «հայտնաբերած թերությունն», ըստ էության, վնասել է ոչ միայն դպրոցականներին, այլեւ քաղաքապետարանի վերնախավին: Որքանո՞վ է, այսպես ասած, այդ «բացը» կարգավորվել. ճշտելու համար այցելեցինք մի քանի դպրոցներ, որի արդյունքում բավականին ուշագրավ փաստեր արձանագրեցինք: Մեր այցելած դպրոցների սնունդը սպասարկում է քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ-ն: Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի բուֆետում միայն բուֆետապանն էր, ոչ մի աշակերտ չկար: Ընդ որում, բոլոր դպրոցների բուֆետապանները ներկայանում էին որպես քաղաքապետարանի աշխատողներ, ովքեր ոչ թե հաստիքային, այլ գործարքային սկզբունքով են աշխատում: Թիվ 24 դպրոցի բուֆետապան Մարինե Ասատրյանն այնքան էլ գոհ չէ իր աշխատանքից. ապրանքը չի իրացվում, ինքն էլ ամսական վաստակում է մոտ 3000 դրամ: Աշակերտներին դպրոցում առաջարկվում է բուլկի՝ 50 դրամ, խաչապուրի՝ 90 դրամ արժողությամբ, Ղարաբաղի գաթա՝ 90 դրամ, հայկական գաթա՝ 50 դրամ, տրուբոչկա՝ 70 դրամ եւ այլն: Բավականին աղքատիկ տեսականուց աշակերտները շատ քիչ են օգտվում: Տիկին Գայանեն դժգոհ է սննդի իրացումից եւ ասում է, որ երեխաները հիմնականում օգտվում են դպրոցի մերձակայքում գտնվող կրպակների սննդամթերքից: «Ստիպված պահակին խնդրել եմ դասամիջոցներին դռները փակել, որ երեխաները դրսից գնումներ չանեն, բուֆետից օգտվեն, բայց դե, էլի դուրս են գալիս, կրպակներից են ուտելու բան առնում»,- ասաց բուֆետապանը: Պահանջարկ չլինելու պատճառով բավականին քիչ քանակությամբ հացաբուլկեղեն են պատվիրում, օրինակ՝ օրական 10-15 հատ բուլկի, խաչապուրի, սակայն նույնիսկ դա էլ չի իրացվում: Օրվա վերջում մնացած ապրանքը բուֆետապանը ստիպված տանում է տուն: Դպրոցի տնօրեն Սվետլանա Հեքիմբաշյանը նշում է, որ դպրոցներն այլեւս հնարավորություն չունեն երեխաներին տաք սնունդ մատակարարել, քանի որ դա ֆինանսապես հնարավոր չէ: «Այն ժամանակ «Կլարա Ցետկինի» ֆաբրիկան էր կազմակերպում մեր դպրոցի սննդի խնդիրը: Այսօրվա պայմաններում նման հովանավորներ չունենք: Այսօր դպրոցին սպասարկում է քաղաքապետարանին կից «Երառսպասարկում» ձեռնարկությունը, պայմանագրով, օրինական կարգով: Բուֆետապանին իրենց մոտ ձեւակերպել, աշխատավարձ են տալիս, առեւտուրը մեծ չէ, բնականաբար, ինքն էլ քիչ է վարձատրվում: Շատ կուզենայինք, որ այդ մեծ ճաշարանն իր նպատակին ծառայեր, բայց դեռեւս այդպես չէ»,- ասում է դպրոցի տնօրենը՝ միաժամանակ նշելով, որ այնքան էլ հիացած չէ սպասարկումից: Ըստ նրա, դրսում երեխան նույն գնով շատ ավելի համեղ եւ լավ պատրաստված սնունդ է գնում: Դպրոցներին պարտադրում են սնունդը ստանալ միայն քաղաքապետարանից, իրենք էլ ստիպված ենթարկվում են: «Մի տեսակ խիստ պահանջ են ներկայացրել, եթե ինձ մնար, կնախընտրեի մի քանի ձեռնարկությունների հետ պայմանագիր կնքել, որպեսզի բազմատեսակությունն ապահովեինք»,- նշեց նա: Թիվ 67 դպրոցում նույնպես ասացին, որ սննդի սպասարկումն իրականացնում է քաղաքապետարանը, եւ բուֆետապան Անահիտ Խաչատրյանը քաղաքապետարանի աշխատողն է: Թեեւ ապրանքը չիրացնելու համար վերջինս չնչին աշխատավարձ է ստանում, այդուհանդերձ, չի հրաժարվում աշխատանքից, որովհետեւ դպրոցին մոտ է ապրում: Թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը դպրոցում լրագրողների ներկայությունը շատ հիվանդագին ընդունեց: Վերջինս մեզանից փաստաթուղթ պահանջեց, հետո դուրս եկավ միջանցք եւ մեր հարցերին, չգիտես ինչու, զայրացած ու հակիրճ պատասխաններ տվեց: Տնօրինուհին նույնպես վկայեց, որ դպրոցի սննդի սպասարկումն իրականացնում է քաղաքապետարանը: Տնօրենն ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնելու միտումով նույնիսկ թույլ չտվեց բուֆետի դռնից ներս անցնել կամ գոնե տեսնել, թե ի՞նչ սնունդ է վաճառվում աշակերտներին: Սակայն նկատեցինք, որ բուֆետի վաճառասեղանին ոչինչ չկար:

«Ինչպիսի ստորություն»

Ինչեւէ, կարծիք կա, որ դպրոցների սննդի մատակարարումը քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների համար եկամտի աղբյուր է: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 199 հանրակրթական դպրոց կա: Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանին խիստ զարմացրեց սննդի կազմակերպման գործում քաղաքապետարանի դերը: Նա պնդում էր, որ իրենք ոչ մի կապ չունեն դպրոցների սննդի մատակարարման հետ: Նրա հավաստմամբ՝ քաղաքապետարանը դպրոցներին սննդով չի սպասարկում եւ չունի սննդի կառույցներ, հետեւաբար, դա դպրոցների մենաշնորհն է: Դպրոցներն են ընտրում սպասարկողներ: Քաղաքապետարանն ընդամենը հանձնարարականներ է տվել տնօրեններին, որ սննդի սպասարկման գործում կարող են ներգրավվել միայն այնպիսի իրավաբանական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, որոնք ունեն լիցենզիա եւ գտնվում են իրավական դաշտում: Ըստ Օ. Վաթյանի, խստորեն արգելվել է անհայտ ծագման սննդամթերք ներմուծել դպրոցներ, իսկ թե ո՞ւմ հետ կաշխատեն դպրոցները՝ որոշում են տնօրենները. «Դաշտն ազատ է, 40-ից ավելի նմանատիպ կազմակերպություններ կան, եւ տնօրեններն իրենք պետք է որոշեն՝ որն ընտրեն,- նշում է Օ. Վաթյանը: -Մեր պահանջը մեկն է՝ բացառել անհայտ ծագման մթերքների մուտքը դպրոցներ»: Ինչ վերաբերում է «Երառսպասարկում» ՓԲԸ-ին, ապա Օ. Վաթյանի խոսքերով՝ դա մատակարարող ընկերություններից մեկն է, որը կազմակերպում է արտադրողների մրցույթներ, սակայն քաղաքապետարանի հետ կապ չունի: «Շատ լավ է, որ մենք չենք միջամտում այդ գործին, ազատ մրցակցության դաշտ է, մենաշնորհ չկա»,- ասում է նա: Մինչեւ 2000թ. քաղաքապետարանի Կրթության վարչությանը կից եղել է «Սպասարկում» ՓԲԸ, որն իրականացրել է դպրոցների սննդի գործընթացը: Ներկայիս քաղաքապետի կարգադրությամբ այդ կազմակերպությունը լուծարվել է մենաշնորհային քաղաքականություն վարելու համար: «2001-ին լուծարվել է, եւ դաշտն ազատվել է: Ճիշտ են ասել, որ քաղաքապետարանը սպասարկել է, բայց դա եղել է 6 տարի առաջ, իսկ հիմա մենք դրա հետ կապ չունենք»,- վստահեցնում է նա: Մինչ Օ. Վաթյանը համոզում էր, թե նոր քաղաքապետի նախաձեռնությամբ լուծարվել է Կրթության վարչության նախկին պետի սեփական «Սպասարկում» ընկերությունը, որը մենաշնորհ էր ստեղծել, «Երառսպասարկում» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ իրականում ընկերությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչությանը: Մինչդեռ «Երառսպասարկում» ՓԲԸ-ին վերաբերող մեր բոլոր հարցերին ի պատասխան` կրթության վարչության պետն ասում էր. «Ես տեղյակ չեմ, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, իրենցից հարցրեք»: Բոլոր բուֆետապանները փաստորեն «Երառսպասարկման» աշխատակիցներն են, ովքեր նույնիսկ պահակներից պահանջում են դռները փակել, որ երեխաները դրսի կրպակներից գնումներ չանեն: Մենք Օ. Վաթյանին փոխանցեցինք շրջանառվող լուրերը, թե քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին ուղղակի պարտադրվում է պայմանագիր կնքել «Երառսպասարկում» ՓԲԸ-ի հետ, քանի որ դպրոցներում սպառվող սննդից ստացվող միջոցները փոխանցվում են իր եւ կրթության գծով փոխքաղաքապետ Կամո Արեյանի գրպանը: Ի պատասխան` Օ. Վաթյանն ասաց. «Այդպես են ասում, հա՞, ինչպիսի ստորություն»: Կ. Արեյանից պարզաբանումներ ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. փոխքաղաքապետը խիստ զբաղված է: