Բժշկի գործը նորից Դատախազությունում է

25/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Սպանություն՝ սպիտակ խալաթներով» հոդվածաշարում մենք ներկայացրել էինք Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ Երվանդ Հարությունյանի վիրահատած 28-ամյա Սյուզաննա Բադալյանի ողբերգական մահվան պատմությունը: Հիշեցնենք, որ Ե. Հարությունյանը Սյուզաննայի կեսարյան հատմամբ ծննդաբերությունն իրականացնելուց հետո «ինքնագլուխ» անցել էր երկրորդ՝ երիկամների վիրահատության, որից հետո իրենց՝ բժիշկների անփութության պատճառով, Սյուզաննան մահացել էր:

Օգոստոսի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել էր քրգործ, որը սակայն կարճվել էր: Սյուզաննայի իրավահաջորդ Արման Քրմոյանը գրավոր-դիմում բողոքներ է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով կարճման որոշումը վերացնել եւ բացահայտել կատարված հանցագործությունը: Սակայն դիմում-բողոքին ի պատասխան` ստացել է ՀՀ դատախազության Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Բ. Աղայանի արձանագրությունը. այն է՝ «Պարզվել է, որ քրգործով կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, որից հետո քրեական գործը կարճվել է: Քրգործի կարճման որոշումը բխում է գործի տվյալներից եւ այն վերանայելու հիմքեր չկան»: Այս ամենից հետո Ա. Քրմոյանին ընդունել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Մեր տեղեկություններով՝ գործը կրկին հետ է վերադարձվել ՀՀ Գլխավոր դատախազություն: Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ փաստերը կրկին ուսումնասիրվում են, եւ քննության փուլում գտնվող գործի վերաբերյալ տեղեկություն հայտնել առայժմ չի կարող: Ինչեւէ, հուսանք, որ Դատախազությունն, այնուամենայնիվ, կբացահայտի երիտասարդ կնոջ մահվան պատճառը, ինչը թերեւս նաեւ կապահովագրի բուժօգնության դիմած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կյանքը: